Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն

«Ես երդում տված եմ և կպատկանամ մեկ մարդու, այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է։ … Իմ նպատակն է կռվել Արցախի հաղթանակի համար, հանուն որի կյանքս ալ անգամ չեմ խնայե։ … Ես երդում տված եմ… Արցախը իմ առաջին պայքարը չէ, և վստահ եմ, որ վերջինը չի ըլլա…»:
Մոնթե Մելքոնյան
Այս օրը՝ հունիսի 12-ը, Մոնթե Մելքոնյանի հիշատակի օրն է: Հրամանատարի բազմաթիվ խոսքեր դեռևս նրա կենդանության օրոք արդեն իսկ թևավոր էին դարձել, քանի որ պատահական կամ լոկ ասելու համար չէին ասված, ունեին խորություն և ծնվել էին ժամանակի պահանջով. «Շատ նորմալ բան է, որ հայը գա ու իր հայրենիքը պաշտպանե, իրավունքն է բոլորին ու նաև պարտականությունը: Զարմանալին այն է, որ ավելի շատ հայեր չեն եկած»,- ու հայրենիքում ապրելու, սեփական ներկայությամբ այն ապրեցնելու գաղափարը կարևոր է համարել յուրաքանչյուր հայի համար: «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն…»:
Սրանով այն մեծ համոզմունքի մասին էր ասում, որ ուներ այն ժողովրդի հանդեպ, որի գենետիկ կոդի կրողն է հանդիսանում՝ օտարության մեջ ծնված, բայց իբրև իր ժողովրդի արժանի զավակ իրեն վերագտած, հայրենիքի համար ունեցած ամենաթանկը զոհաբերած երիտասարդը:

«Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը». ու սա ամենևին էլ փիլիսոփայություն չէր, այլ իմաստուն մտքի և ապագայի տեսլականի վերարտադրություն: Հիմա մենք շատ ավելի լավ ենք հասկանում, թե ժամանակին ինչպես էր կանխատեսում պատմական զարգացումների ընթացքը: Այո, կանխատեսում էր և զգուշացնում: Եվ գիտեր, որ մեր փրկությունը մեզանից է գալու, մեր ներսից:

Չնայած արդեն 30 տարի է ֆիզիկապես բացակայում է Հրամանատարը՝ Նրա կյանքը շարունակում է զուգահեռաբար մեզ հետ ընթանալ: Յուրաքանչյուրի մեջ, ով իր ներկայությամբ հող հայրենին հայկական է պահում, կա Նրանից մաս՝ մեկի մոտ մի քիչ, մեկ ուրիշի մոտ՝ շատ մեծ: Նրա խոսքերով ու պատգամներով, ապրածով ու մարդկային որակներով դաստիարակվում են մեր երեխաները դեռևս մանկապարտեզից , ու մայրերը բալիկներ են ունենում՝ Նրա անունով կնքելու և նրանց միջոցով նաև Հրամանատարին միշտ կենդանի, հավերժական պահելու համար:

Այսօր, շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանի գլխավորությամբ, շրջանի տարբեր կառույցների և հիմնարկությունների ղեկավարներ, աշխատողներ ծաղիկներ են խոնարհել Հրամանատարի հուշարձանի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև այցելել են Նրա անունը կրող հուշաղբյուր: