Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50-հազարական դրամ աջակցությունից

ՀՀ Կառավարության կողմից շրջանառության է դրվել արցախցիների աջակցության նոր ծրագրի նախագիծ, ըստ տեղեկությունների՝ աջակցությունն ուղղված է լինելու տեղահանված անապահով ընտանիքներին։ Այն միանշանակ չի ընդունվում Արցախի մեր հայրենակիցների կողմից․ արցախցիներն իրենց դժգոհությունն ու անհամաձայնությունն են հայտնում որոշման վերաբերյալ և այն համարում անտրամաբանական։
Տեղահանված արցախցիները սոցիալական ցանցերում հայտնում են իրենց կարծիքները, վրդովմունք արտահայտում ոչ ճիշտ որոշման շուրջ։ Չպետք է տարբերություն դնել Արցախից տեղահանված ընտանիքների միջև և այդ իսկ ձևով առաջացնել պառակտում ու դժգոհության ալիք։ Բոլոր արցախցիներն էլ պետք է շարունակեն օգտվել 50-հազարական դրամ աջակցությունից, քանի դեռ չեն ապահովվել բնակարաններով։ Ապրիլ ամսից մարդիկ, ովքեր չեն ընդգրկվելու աջակցության ծրագրերի մեջ, հայտնվելու են դրսերում, ու դա անհերքելի փաստ է։ Սոցիալական ցանցերում արվող հրապարակումներից երևում է, որ արցախցիները կորցրել են վստահությունը բոլորի հանդեպ․․․
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին կից Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհուրդն այսօր իր օրակարգում քննարկել է սոցիալական աջակցության նոր ծրագիրը։
Արցախից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով հասարակական խորհրդի բոլոր անդամները դեմ են արտահայտվել՝ շեշտելով բոլոր այն խնդիրները, որոնք ի հայտ են գալու ապրիլ ամսից․ Արցախից բռնի տեղահանվածների զգալի մասը սոցիալապես անապահով է, և իրավունք չունեն դադարեցնելու արցախցիներին տրվող միակ աջակցությունը՝ դրանով իսկ խթանելով արցախահայության մասսայական արտագաղթին ՀՀ-ից։ Խոսելով խորհրդի որոշ անդամների հետ՝ տեղեկացանք, որ խնդրահարույց հարցի քննարկումն ընթացել է թեժ մթնոլորտում, դեռևս չի գտել իր լուծումը, սակայն հասկանալի է, որ այն արցախցիների օգտին չի լինելու․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ