Բողոքի ակցիա՝ ընդդեմ եվրոպական կառույցների լռության և ադրբեջանական պատվիրակության այցի

Կառավարության հարևանությամբ՝ Մարիոթ հյուրանոցի մոտ, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել։ Մեկնարկել է բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստան ադրբեջանցի պատգամավորների այցի և եվրոպական կառույցների լռության:
Մի խումբ քաղաքացիներ, հասարակական և քաղաքական գործիչներ են ներկա: Նրանք նշում են, որ ակցիան նպատակ ունի եվրոպական պատվիրակությունների ներկայացուցիչներին վրդովմունք արտահայտել Ադրբեջանի և Թուրքիայի հայատյաց քաղաքականություն շարունակական դրսևորումներին չարձագանքելու, հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ ոչ բավարար ճնշումներ գործադրելու, Հայաստանի և ագրեսոր Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու արատավոր քաղաքականություն վարելու համար:
«Հաշվի առնելով, որ Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանելու նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները՝ հատկապես կարևոր ենք համարում մեր արդար զայրույթի ձայնը ուղիղ հասցեատերերին հասցնելու կարևորությունը»,- ասված է ակցիային միացած ՀՅԴ ՀԵՄ-ի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ փետրվարի 21-22-ին Երևանում տեղի կունենան Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ հանձնաժողովների նիստերը: Նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների և Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ: Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի շրջանակներում Հայաստան են ժամանել ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչներ: Ադրբեջանցիները Հայաստան են եկել Եվրանեսթի նիստին մասնակցելու համար։ Նրանք երեք հոգի են՝ երկու պատգամավոր և մեկ ուղեկցող անձ։
yerkirmedia.am