Բնակարանի հերթում կամ ընտրովի արդարություն
Գլխավոր » Լրահոս » Բնակարանի հերթում կամ ընտրովի արդարություն

Բնակարանի հերթում կամ ընտրովի արդարություն

Ստեփանակերտի «Կաշտան» հյուրանոցային համալիրի երկու փոքր սենյականոց համարը, մեկուկես տարուց ավելի է՝ դարձել է Ռուզան Խաչատրյանի և իր երեք զավակների բնակության վայրը, այնինչ ԱՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով խոստացել էին, որ այն «ժամանակավոր» կացարան է և պետք է ընդամենը մի քանի ամիս սպասել: Ռուզանի ամուսինը՝ ԱՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասի գումարտակի նախկին հրամանատար, մայոր  Լենդրուշ Խաչատրյանը  44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորում է ստացել և վերականգնողական բուժման համար տեղափոխվել էր ՌԴ  Մոսկվա քաղաքում գործող «Три сестры» վերականգնողական կենտրոն, այնտեղ մոտ մեկ տարի բուժում ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն: Նա առաջին կարգի հաշմանդամություն ունի: Հարազատները, անսալով բժիշկների խորհուրդներին, ցանկանում էին հիվանդանոցային պայմաններից դուրս՝ ընտանեկան միջավայրում դիմավորել Լենդրուշին, բայց չստացվեց:

Պատերազմից առաջ ընտանիքը Ստեփանակերտում վարձով էր բնակվում, սակայն ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո տանտերերը պահանջել են ազատել տունը, և Ռուզանը երեք երեխաների՝ Նորայրի, Նարեկի ու Նանեի հետ որոշ ժամանակ ծնողների տանն էր ապրում: 2021թ. օգոստոսի 15-ից «Կաշտան»-ը դարձել է նրանց բնակության վայրը:  Պատերազմի ընթացքում առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինծառայողներին պետական ծրագրով տուն են հատկացնում, սակայն, ինչպես հաճախ է հանդիպում նման դեպքերում, որոշ ընտանիքներ խոստումներից այն կողմ ոչինչ չեն ստացել:

«Հենց սկզբից ԱՀ բնակարանային կոմիտե էի դիմել. տեղեկացրի, որ պլանավորում ենք հունիսին ամուսնուս Արցախ տեղափոխել: Լսել էի, որ Թումանյան փողոցի տները այդ ժամանակ շահագործման կհանձնվեն: Բնակարանային կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանն ասաց, որ այդ ժամկետում տվյալ փողոցի տները պատրաստ չեն լինի, բայց կարող է ուրիշ տեղ առաջարկել: Ասացի՝ ոչինչ, ինձ համար տունն է կարևոր, ոչ թե վայրը: Նաև վստահեցրել է, որ տվյալ բնակարանը պատրաստ է լինելու նշված ժամկետում»,- պատմում է Ռուզանը: Դրանից հետո նա մեկնում է Ռուսաստան՝ ամուսնու մոտ: Հունիսին Թումանյան փողոցի բոլոր տները հանձնում են շահառուներին:

Այլ փողոցում իրենց հատկացվելիք բնակարանում պետք է որոշ փոփոխություններ արվեին՝ հարմարեցնելու սայլակով տեղաշարժվող ամուսնու հնարավորություններին: «ՌԴ-ից վերադարձել ենք հուլիսի սկզբին: Տունը բնակվելու համար պատրաստ չէր, դրա համար Լենդրուշին տարել ենք «Զինվորի տուն», ոչ թե Արցախ: Բնակարանի կահույքը, տեխնիկան կիսատ-պռատ էր, նաև ընտանիքի բոլոր անդամների համար փոքր էր: Դրա համար հրաժարվել եմ տնից: Շրջափակման ժամանակ նորից եմ դիմել կոմիտեին, նշել, որ չեմ կարողանում տեսակցության գնալ, այստեղ էլ մնալու նորմալ պայմաններ չկան»,- ասում է Ռուզանը:

Եթե բնակարանի փոխարեն փոխհատուցում տրամադրեն, իրենք էլ գումարին կավելացնեն, և հնարավոր կլինի Երևանում տուն գնել: Այդ դեպքում և՛ երեխաները նորմալ պայմաններում կմեծանան, և՛ մոտ կլինեն իրենց հորը: «Պատասխան եմ ստացել, որ բոլորս էլ նույն վիճակում ենք: Հիմա էլի հերթում ենք ուրիշ փողոցի շենքերում: Իրենց ասելով՝ մարտ ամսում պիտի պատրաստ լիներ, բայց շրջափակման պատճառով շինաշխատանքները դադարեցված են: Հիմա ոչ տուն ունենք, ոչ էլ կարողանում ենք գնալ տեսակցության»,- ասում է Ռուզանը: Երևանում այժմ գտնվում է իր սկեսուրը՝ զառամյալ մոր հետ: Նրանք նույնպես ապրում են հյուրանոցում: Եվ քանի որ «Զինվորի տանը» չեն թույլատրում մնալ վիրավորների հետ, օրական մի քանի ժամ մայրն այցելում է Լենդրուշին:

Երեխաների համար հյուրանոցում մնալը մշտատև սթրես է, քանի որ շատ ակտիվ են, աղմկում են, ինչն էլ լարվածություն է ստեղծում հարևան համարներում ապրող ընտանիքների հետ:  «Երեխաների համար նախատեսված տեղ չկա: Որտեղ գնում են, ասում են՝ այստեղ մի հավաքվեք: Մեկն ասում է՝ հանգստանում ենք, մյուսն էլ թե՝ այստեղ մի խաղացեք: Բոլորը բողոքում են աղմուկից»,- ասում է Ռուզանը՝ նկարագրելով հյուրանոցային առօրյան:

Ինչ վերաբերում է շրջափակման հետ կապված դժվարություններին, ապա Ռուզանը միայն ամուսնուն այցելելն է նշում, սննդամթերքի կարիք չունեն, ժամանակին երեխաների ուտելիքը գնել է, մյուս կողմից էլ՝ հարևան-բարեկամ օգնել են, մի քանի անգամ էլ սննդամթերք են ստացել:

Այս օրերին տղաները դպրոց են հաճախում, փոքրիկ Նանեն էլ՝ մանկապարտեզ, և ստիպված չեն ողջ օրը հյուրանոցի փոքրիկ համարում մնալ կամ խաղալու տեղ փնտրել:

Բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատն էլ, ասում են, զոհված զինծառայողների կամ տեղահանված ընտանիքներին են տրամադրում, փոխհատուցում էլ չեն տալիս, բայց տարբեր տեղերից լուրեր են հասել, որ իրենց կարգավիճակում գտնվող մեկ ընտանիք հրաժարվել է հասանելիք տնից և այդ գումարով Երևանում տուն գնել, որտեղ գտնվում է իրենց հաշմանդամ որդին: Եթե իրենց դեպքում ստացվում է, ինչո՞ւ են նույն կարգավիճակում գտնվող այլ ընտանիքի մերժում:

Թվում էր՝ գոնե պատերազմից, այսքան կորուստներից հետո Արցախում կվերանա «խնամի-ծանոթ-բարեկամ» ինստիտուտը, և պետական պաշտոն զբաղեցնողները բարեխղճորեն կմոտենան այսքան նուրբ թեմային, կպահեն արդարության սկզբունքը և կառաջնորդվեն ըստ կարիքի, բայց. ինչպես տեսնում ենք, նրանց համար բան չի փոխվել՝ «նույնն էր երեկ, նույնն է այսօր»:

Հ․Գ․ ԱՀ բնակարանային կոմիտեից «Ապառաժ»-ին տեղեկացրել են, որ պետության կողմից բնակտարածք ստանալու համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված անձանց զինվորական հաշմանդամությունը պետք է սահմանված լինի անժամկետ: «Ինչ վերաբերում է առաջին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամ ճանաչված անձանց՝ հաշվառված և բնակարանով ապահովված ընտանիքների թվին, տեղեկացնում ենք, որ հաշվառված 16 ընտանիքներից 9-ն ապահովվել են բնակարանով»,- նշվում է կոմիտեի պատասխանի մեջ: Կոմիտեից չեն մեկնաբանել բնակարանի փոխարեն փոխհատուցում ստանալու հնարավորության մասին հարցը։

1