Բիզնեսի ֆինանսավորումից մինչև ֆուտբոլային ակադեմիայի ստեղծում Արցախում
Գլխավոր » Լրահոս » Բիզնեսի ֆինանսավորումից մինչև ֆուտբոլային ակադեմիայի ստեղծում Արցախում

Բիզնեսի ֆինանսավորումից մինչև ֆուտբոլային ակադեմիայի ստեղծում Արցախում

44-օրյա պատերազմից հետո Մոսկվայում բնակվող մի խումբ հայ ֆինանսիստների մտահոգության առարկան է դառնում այն հարցը, թե  ինչով կարող են օգնել հայրենիքին: Քանի որ միայն բարեգործությամբ հնարավոր չէ տնտեսություն զարգացնել, քննարկումների արդյունքում ծնվում է «Խաչեն» անունը կրող հարթակի գաղափարը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է հարթակի նախաձեռնողներից մեկը՝ Արմեն Մինասյանը: Նա մանրամասնել է, որ «Խաչեն»-ը սոցիալապես պատասխանատու քրաուդֆանդինգային հարթակ է, որի նպատակն է Հայաստանում և Արցախում բիզնեսի վերականգնումն ու զարգացումը։ Հայ-իտալական այս ընկերության հիմնադիրներն ու գաղափարի հեղինակներն են Արմեն Մինասյանն ու Դարիո Պելացցոն։

«Մենք ֆինանսավորում ենք փոքր և միջին բիզնեսը Հայաստանում և Արցախում: Այստեղ բնակվող մարդիկ, ովքեր ուզում են նոր բիզնես հիմնել, կամ զարգացնել արդեն ունեցածը և գումարի կարիք ունեն, սակայն չեն ցանկանում բանկից վարկ վերցնել, կարող են դիմել մեզ և գումար ստանալ՝ ապագա արտադրանքի դիմաց: Սա առաջադեմ մոտեցում է, որը կիրառվում է ԱՄՆ-ում, Եվրոպական մի շարք երկրներում»,- նշել է Արմեն Մինասյանը:

Նա անցած տարվա ամռանն Արցախում էր՝ տեղում նախագծերին ծանոթանալու, տեսանկարահանելու և դրանք ներկայացնելու նպատակով։ «2021թ. դեկտեմբերի 2-ին հայտարարեցինք մեկնարկի մասին։ 9 նախագիծ էինք ձեռնարկում։ Դրանցից մեկը՝ խաղալիքների արտադրությամբ զբաղվող արհեստագործի բիզնեսի ընդլայնման, զարգացման համար գումարը շատ արագ հավաքագրվեց հովանավորների հանգանակության շնորհիվ։ Այժմ արհեստագործը հովանավորներին իր արտադրանքն է առաքում։ Սա է հարթակի էությունը՝ սփյուռքահայերը հավանություն են տալիս որևէ նախագծի, տրամադրում են որոշակի գումար դրա զարգացման համար, և որպես պարգևատրում ապագայում ստանում են տվյալ արտադրանքը կամ ծառայությունը»,- մանրամասնում է Արմեն Մինասյանը:

Լուսանկարները՝ Khachen.com կայքէջից

Ներկայումս Khachen-ը Արցախից ու Հայաստանից 72 հայտ ունի. նախապատրաստվում է ծրագրի երկրորդ փուլը: «Նախագծերի հեղինակները մեզ հետ կապ են հաստատում կայքէջի (Khachen.com) կամ ֆեյսբուքի միջոցով։ Մենք գնահատում ենք ներկայացված բիզնեսի արդյունավետությունը, տվյալ մարդու աշխատելու ցանկությունն ու որոշում կայացնում»,- տեղեկացնում է Ա. Մինասյանը՝ հավելելով, որ հիմնական պայմանը բիզնեսի՝ Հայաստանում կամ Արցախում գործելն է։

Նա Արցախ առաջին անգամ պատերազմից հետո է այցելել՝ տեղաբնակների համար աշխատանքի, իրենց ընտանիքների հոգսը հոգալու հնարավորություն ստեղծելու նպատակով:  

Խոսելով ծրագրի անվան ընտրության մասին՝ Արմեն Մինասյանը նշել է, որ դրա համար մի քանի պատճառներ կան։ Առաջինը անդրադարձն է պատմությանը։ Գոյություն ուներ Խաչենի մելիքություն, այժմ Արցախում Խաչեն անունով գյուղ ու գետ կա: Բացի դրանից,  Արցախից մինչ Վրաստան «Նոր Խաչեն» կամ այլ նմանատիպ անուններով գյուղեր կան, որոնք հիմնել են Արցախից արտագաղթածները: Երկրորդ պատճառը լեզվաբանական է. «Շատ հայեր, հնարավոր է, Խաչենի մասին չիմանան, բայց «խաչ» բառը բոլոր հայերը հասկանում են»:

Արմեն Մինասյանը պատմեց նաև նոր ծրագրի մասին: Այն ուղղված է Արցախում ֆուտբոլի զարգացմանը։ «Արցախի շատ համայնքներում երեխաները մարզիչներ և մարզվելու տեղ չունեն: Մենք մարզիչներ ենք հավաքագրելու, որոնք շրջելու են տարբեր համայնքներում: Ֆուտբոլի ակադեմիայի համար ևս քրաուդֆանդինգ է արվելու: Երեխաները անվճար են սովորելու, բայց աջակցել ցանկացողները կարող են նրանց համար գնել համազգեստ, գնդակներ, և այդպիսով նաև վճարել մարզիչներին, այլ ծախսեր հոգալ։ Հենց այդպես էլ աշխատում է քրաուդֆանդինգը»,- մանրամասնում է Արմենը: 

Առաջին փուլում պլանավորում են վարձակալել արդեն գոյություն ունեցող մարզադաշտերը,  հետագայում դրանց քանակը կավելացնեն։ Ծրագիրը սկզբունքորեն որոշել են իրականացնել ոչ թե Արցախի մայրաքաղաքում, այլ շրջաններում։ Ֆուտբոլի ակադեմիան «DSFA Artsakh» է կոչվելու: Անվանումն առաջարկել է «Լեռնային Արցախի» նախկին ֆուտբոլիստ, սենեգալցի Ուսման Ֆայեն, ով որպես մարզիչ է աշխատելու։ DSFA-ն (Dutch Senegal Football Academy) Սենեգալում Ուսմանի թիմի անվանումն էր։

Խոսելով Արցախում իրականացվող ծրագրերի մասին՝ Արմեն Մինասյանը նշում է, որ չնայած մարդկային ու տարածքային կորուստներին՝ Արցախը կա, գոյություն ունի։ Արցախի այս փրկված մասն այժմ մեր պաշտպանության էլ ավելի մեծ կարիքն ունի։ «Պատերազմից հետո շատերիս մտածելակերպն է փոխվել։ Ես դատում եմ իմ շրջապատից. ծանոթ ֆինանսիստների մի մասը վերադարձել է հայրենիք, ես ինքս երկու քաղաքների՝ Մոսկվայի և Երևանի  միջև եմ ապրում: Մենք չենք ընկճվում։ Հնարավոր է, որ մենք՝ ՌԴ-ում ծնված և մեծացած հայերս, հեռու էինք ներհայաստանյան անցուդարձից։ Աղետալի պատերազմն ասես ազդանշան էր, որ ժամանակն է վերաիմաստավորելու մեր գործունեությունը՝ հանուն հայրենիքի»,- կարծում է նա:

1