Բերքահավաքի նախնական ցուցանիշները շարունակում են համեմատաբար ցածր մնալ
Գլխավոր » Լրահոս » Բերքահավաքի նախնական ցուցանիշները շարունակում են համեմատաբար ցածր մնալ

Բերքահավաքի նախնական ցուցանիշները շարունակում են համեմատաբար ցածր մնալ

Հանրապետությունում շարունակվում է  աշնանացան  հացահատիկայինների բերքահավաքը: Հողօգտագործողները  գոհացուցիչ  չեն համարում բերքատվության այս տարվա    ցուցանիշները:

Գյուղատնտեսության նախարարության  մամուլի ծառայության ղեկավար Կարեն Միրզոյանի հաղորդմամբ`  հուլիսի 1-ի տվյալներով,   հասկավոր հացահատիկային մշակաբույսերի  այս տարվա  բերքի տակ կատարված ցանքսից`   բերքահավաքի աշխատանքներ են իրականացվել  45 հազար 686.7 հեկտարի վրա, որից ցորեն՝  11 հազար 482.2 հա, գարի՝ 34 հազ. 204.5 հա:  Ընդհանուր համախառն բերքը կազմել է 58 հազ. 521.2 տոննա: Ընդ որում`  ցորեն` 16 հազ.  681.6 տոննա, գարի՝ 41 հազ. 839.6 տոննա: Միջին բերքատվությունը կազմում է ցորեն՝ 14.5 ցենտներ  հեկտարից, գարի՝ 12.2 ց/հա:

Նշենք, որ  ԱՀ  Ազգային վիճակագրական ծառայության  պաշտոնական կայքեջի տվյալներով,   նախորդ տարվա նույն ժամանակահատվածում աշնանացան հացահատիկայինների  միջին  բերքատվությունը կազմել էր  17.2 ց/հա:   /Ի դեպ, 2018-ի նույն ժամանակահատվածում միջին բերքատվությունը հեկտարից 19.2 ցենտներ է կազմել/:   Գյուղնախարարության մեր զրուցակցի խոսքով,   այս տարվա  համախառն բերքի և միջին բերքատվության համեմատաբար  ցածր ցուցանիշները,  հիմնականում պայմանավորված են   տեղումների սակավությամբ:

«Հասկավոր հացահատիկային մշակաբույսերի վեգետացիայի կարևոր ժամանակահատվածում տեղումները խիստ սակավ էին, ինչի հետևանքով բույսերի կենսաբանական փուլերի հերթականությունը և ժամկետները խախտվել են: Արդյունքում ունեցել ենք նվազ թփակալված բույսեր, ոչ լիարժեք հասունացած հատիկներ և որպես հետևանք՝ ցածր բերքատվություն և որակապես ցածր (ֆուրաժային) հացահատիկ»,-մանրամասնել է Կ. Միրզոյանը` հավելելով, որ բացի այդ  բերքատվության ցուցանիշների վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև    մշակության  ագրոկանոնների  խախտումները:  Մինչդեռ,  կան նաև հողօգտագործողներ, ովքեր  պահպանելով մշակության անհրաժեշտ  պահանջները, որակյալ   բերք են  ապահովել:

1