Բերքահավաքի առաջին արդյունքները գոհացուցիչ են
Գլխավոր » Լրահոս » Բերքահավաքի առաջին արդյունքները գոհացուցիչ են

Բերքահավաքի առաջին արդյունքները գոհացուցիչ են

Արցախի Հանրապետությունում տարվա այս օրերին արդեն իսկ սկսվում են հացահատիկային մշակաբույսերի հավաքը։  Գյուղատնտեսության ոլորտում կատարված աշխատանքների և ունեցած արդյունքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Նորայր Մուսայելյանի հետ։

— Պարո՛ն Մուսայելյան, արդեն սկսվել են բերքահավաքի առաջին աշխատանքները։  Այս պահին ինչպե՞ս է ընթանում բերքահավաքը: Արդյոք գոհացնող են առաջին արդյունքները:

-Այս պահին լայնածավալ բերքահավաքի աշխատանքները դեռևս չեն մեկնարկել: Օրերս Մարտունու շրջանում շուրջ 30.0 հեկտարի վրա փորձնական իրականացվել են գարու բերքահավաքի աշխատանքներ: Հաշվի առնելով տվյալ տարածքի բնակլիմայական պայմանները, պետք է փաստենք, որ առաջին արդյունքները գոհացուցիչ են եղել. հեկտարից ստացվել է միջինը 20.0 ցենտներ, իսկ առանձին հատվածներում՝ միջինը 25.0 ցենտներ բերք:   

Առաջիկայում, բարենպաստ եղանակային պայմանների առկայության պարագայում, բոլոր շրջաններում կմեկնարկի բերքահավաքի գործընթացը:

-Բեքահավաքի շեմին բավականին աճել է վառելիքի գինը: Ի՞նչպես կմեկնաբանեք այս հանգամանքը: Արդյո՞ք գյուղացիներն այս իրավիճակում վնասներ չեն կրելու և արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր նրանց բեռը թեթևացնելու համար:

-Ինչպես գիտենք, մեր հանրապետությունում վաճառվող նավթամթերքի արժեքի ձևավորման վրա ազդեցություն են ունենում տարբեր հանգամանքներ, որոնք հիմնականում մեզանից կախված չեն: Որպես հետևանք, նավթամթերքի արժեքի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև բոլոր մատուցվող ծառայությունների արժեքը, այդ թվում  նաև՝ գյուղատնտեսական ծառայությունների:

Իհարկե, գյուղատնտեսությամբ զբաղվողները որոշակի վնասներ կրելու են, սակայն ԱՀ կառավարությունը գյուղոլորտում իրականացնելով  բազմաթիվ պետական աջակցության ծրագրեր, հնարավորինս փորձում է մեղմացնել այդ բացասական ազդեցությունը:

— Պատերազմից հետո՝ նախորդ տարում կրճատվել էր հացահատիկային մշակաբույսերի ցանքսի ծավալները: Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ինչպիսի՞ դինամիկա է գրանցվել: Ձեռնարկվե՞լ են արդյոք խթանող և օժանդակող միջոցառումներ:

-Նախորդ տարվա համեմատ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են ավելի քան 15 %-ով: Ցանվել է ցորեն, գարի, տրիտիկալե, հաճար, եգիպտացորեն: Ցանքատարածքների կրճատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հողօգտագործողները առկա վարելահողերի մի մասը թողել են սև ցելի տակ: Դա, ինչպես գիտենք, իրականացվում է հողի բերրիությունը բարձրացնելու նպատակով՝ հետագայում ավելի բարձր բերքատվություն ապահովելու ակնկալիքով:

Վարելահողերի մի մասն էլ ընգրկվել է կերային մշակաբույսերի ցանքսի տակ:

— Ինչպիսի՞ իրավիճակ է անասնապահության և թռչնաբուծության ճյուղերում: Պատերազմից հետո նկատվել էր գլխաքանակի անկում: Ինչպիսի՞ տվյալներ ունենք այսօր:

-Նախարարության կողմից իրականացվում են մի շարք ծրագրեր՝ անասնապահության զարգացման խթանման ուղղությամբ: Դա վերաբերում է և՛ տոհմային անասունների ձեռքբերման պարագայում դրանց արժեքի 50 տոկոսի սուբսիդավորմանը, և՛ պետական  միջոցների 90 տոկոսի չափով օժանդակությամբ անասնաշենքերի ջրաֆիկացմանը և էլեկտրաֆիկացմանը, և՛ անասնաբուծության կանոնակարգման և արոտների կառավարման ծրագրին, որի շնորհիվ նախորդ տարում հանրապետությունում բարեկարգվել և ջրարբիացվել են 100 հեկտարից ավել արոտներ, բարելավվել 6000 մետրից ավել միջդաշտային ճանապարհներ, փշալարապատվել շուրջ 6065 մետր ճանապարհներ: Կարևոր ծրագիր է նաև «Արցախի Հանրապետությունում սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման, անասնաշենքերի ձեռքբերման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիրը, որի շրջանակում ընթացիկ տարում կառուցման, վերակառուցման և վերանորոգման վերաբերյալ  մոտ 3 տասյակից ավելի հայտ է ներկայացվել նախարարություն, որոնցից 16-ն ընթացքավորվել է: Նախորդ տարում նույն ծրագրի շրջանակում ընթացքվորվել են շուրջ 2 տասնյակ հայտեր:  

Բազմիցս ենք խոսել, որ պատերազմից հետո ունեցել ենք անասնագլխաքանակի մեծ անկում՝ գրեթե 50 տոկոսի չափով:

Ընթացիկ տարում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում անասնագլխաքանակը ևս նվազել է. խոշոր եղջերավոր  կենդանիների գլխաքանակը նվազել  է 16.3 տոկոսով, մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը՝ 2.7 տոկոսով, թռչունների  գլխաքանակը՝ 0.7 տոկոսով: Խոզերի գլխաքանակը և մեղվաընտանիքների թիվն աճել է, համապատասխանաբար՝ 35 և 25 տոկոսով:

Անասնագլխաքանակի ցուցանիշների անկումը պայմանավորված է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Անասնատերերի մի մասը, ունենալով անասնակերի անբավարարության խնդիր, վաճառել է անասունները կամ իրացրել որպես մսամթերք: Մյուս մասը անասնագլխաքանակը տեղափոխել է ՀՀ և պահումն իրականացնում է այնտեղ: Խոսքը վերաբերում է մեր տեղահանված հայրենակիցներին:

Լիահույս ենք, որ նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները խթան կհանդիսանան նշված երևույթների վերացման և Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման համար:

— Մեզ հասած տեղեկություններով, բազմաթիվ քաղաքացիներ կառուցել են ջերմոցներ առանց չափանիշներին հետևելու, ինչի հետևանքով դրանք վնասվել են: Նախարարությունը հետևողակա՞ն էր այս աշխատանքները կազմակերպելու հարցում:

-Ջերմոցային տնտեսությունների կառուցման ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի երկրորդ կեսից և շարունակվում է նաև ընթացիկ տարում: Արցախի հողօգտագործողներին լրացուցիչ թղթաբանական քաշքշուկներից ազատելու նպատակով սկզբնական շրջանում ջերմոցների կառուցման համար հստակ չափորոշիչներ չեն սահմանվել: Բայց արդեն ծրագրի իրականացման ընթացքում, չարաշահումներից խուսափելու նպատակով, նախարարությունը սահմանել է մի շարք սահմանափակումներ և պայմաններ:

Հաջորդ տարի ջերմոցների կառուցման ծրագրի արդյունավետությունը էլ ավելի բարձրացնելու նպատակով նախատեսում ենք որպես պարտադիր պայման սահմանել ՆՆՓ կազմումը և շինարարական նորմերի խիստ պահպանումը:

— Պատերազմից հետո արդյունավետ և բարձր բերքատվություն ապահովելու համար սկսվեցին կիրառվել մեծ ծավալով ջերմոցներ, ինչպես նաև բարելավել արոտավայրեր: Արդարացրե՞լ են արդյոք այս մոտեցումները բերքատվության աճ ապահովելու հարցում: Որքա՞ն է այդ միջոցներով ստացված բերքի տեսակարար կշիռն ընդհանուր բերքատվության ծավալում:

-Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջերմոցների կառուցման ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի երկրորդ կեսից, արդյունավետության մասին ճիշտ կլինի խոսել մի փոքր ավելի ուշ՝ երևի տարեվերջին, համապատասխան վերլուծություններ կատարելուց հետո:

Արոտների վերաբերյալ նշեմ, որ «Արցախի Հանրապետությունում անասնաբուծության կանոնակարգման և արոտավայրերի կառավարման ծրագրի» շրջանակում, որը մեկնարկել է դեռևս 2018 թվականին, ընթացիկ տարում նախատեսվում է թվով 3 համայնքներում իրականացնել 60 հա արոտավայրերի մակերեսային բարելավման, 3600 մետր միջդաշտային ճանապարհների մաքրման և 2100 մետր փշալարապատման աշխատանքներ: Դա հնարավորություն կտա բարվոք պայմաններում արածեցնել ևս մոտ 1200 գլուխ անասուններ:

— Ի՞նչքանով է հաջողվել վերացնել պատերազմի հասցրած վնասները:  Արդյո՞ք ամբողջությամբ ավարտվել է վնասների գնահատումն ու տուժած քաղաքացիների փոխհատուցման գործընթացները:

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման» իրականացման կարգի շրջանակում կորուսված գյուղատնտեսական գույքի վերաբերյալ վարչակազմերի կողմից Արցախի Հանարապետության գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվել ավելի քան 13 000 շահառուների ցանկ, որի հիման վրա մեկնարկել է կորուստների վերաբերյալ տեղեկանքների տրամադրման գործընթացը:

Սույն թվականի փետրվարի 24-ին ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հրավիրված ընդլայնված խորհրդակցության ժամանակ որոշում է կայացվել  գյուղատնտեսական գույքի կորստի դեպքերով անճշտություններից և անհամապատասխանություններից խուսափելու նպատակով համայնքներում ստեղծել համայնքային հանձնաժողովներ՝ բաղկացած համայնքի ղեկավարից, ավագանու անդամներից, համայնքը սպասարկող անասնաբույժից ու գյուղատնտեսից և ներկայացնել վերաճշտված տեղեկություններ:

Արդյունքում, տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ ի սկզբանե ներկայացված ցուցանիշներում. կորուսված անասնագլխաքանակի թվերի, պտղատու այգիների տարածքների և գյուղտեխնիկայի քանակների մասով կատարվել են և՛ կրճատումներ, և՛ ավելացումներ: Ճշտման գործընթացը դեռևս շարունակվում է:

Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա այս լիազորությունը վերապահված      է այլ պատկան մարմնի՝ ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեին:

— Արդյո՞ք մտածում եք գյուղատնտեսական ապահովագրություն ներդնելու մասին՝ եթե ոչ հիմա, ապա գոնե մոտ ապագայում:

-Իհարկե, մտածում ենք: Բայց հաշվի առնելով գյուղատնտեսության ոլորտի ռիսկային լինելու գործոնը, ապահովագրական ընկերությունները դեռևս խուսափում են այս ոլորտ մուտք գործելուց:

Նախքան պատերազմը քննարկվել է պետություն-մասնավոր հատված փոխգործակցությամբ ապահովագրական պիլոտային համակարգի ներդրման հնարավորությունները: Պատերազմից հետո դեռևս նման քննարկումներ չենք ունեցել:

Հնարավոր է՝ Արցախում հետպատերազմյան սոցիալ-տնտեսական վիճակի վերջնական կայունացումից հետո գյուղոլորտը ապահովագրելու հարցը կրկին արդիականանա:

Վահագն Խաչատրյան

1