Բերձորը հազվագյուտ հեքիաթ էր… Սոսե Ավանեսյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Երիտասարդական » Բերձորը հազվագյուտ հեքիաթ էր… Սոսե Ավանեսյան

Բերձորը հազվագյուտ հեքիաթ էր… Սոսե Ավանեսյան

14-ամյա Սոսե Ավանեսյանը ծնվել  և մեծացել է  Քաշաթաղի  շրջանի  Բերձոր քաղաքում: Պատերազմի հետևանքով ինչպես շատ շատերը, այնպես էլ Սոսեն ստիպված է եղել լքել հայրենի քաղաքն ու հաստատվել Հայաստանում: Այժմ նա ապրում է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում և սովորում է թիվ 3 հիմնական դպրոցում: Սոսեն դեռ մանկուց  է ստեղծագործում և նրա ստեղծագործությունները հրատարակվել են տարբեր թերթերում ու կայքերում: «Ապառաժ»-ը զրուցել է Սոսեի հետ՝ իր հետպատերազմյան զգացումների և ստեղծագործական տաղանդի մասին:

-Դուք ծնվել և մեծացել եք Բերձորում, ինչպիսի՞ զգացողություններ ունեիք քաղաքը լքելիս:

-Չէի ուզում հավատալ, որ այլևս չեմ վերադառնալու: Դուրս էի գալիս հավատով, որ պետք է նորից բացեմ տանս դուռը: Ցավոք սրտի, հույսերս չարդարացան, սակայն առ այսօր իմ մեջ ապրում է այնտեղ վերադառնալու հույսը:

-Դուք և Ձեզ նման շատերը կորցրել են իրենց տունը, հայրենիքը: Այդքանից հետո ի՞նչն է ձեզ ուժ տալիս ապրելու և, առհասարակ, ի՞նչը պետք է մղի մեզ շարունակելու ապրել ու արարել:   

Կարծում եմ՝ այս պահին մեզ միայն համախմբվել է պետք, որպեսզի հավաքական ուժով վերանվաճենք մեր հաղթանակները:

Այս պահին Արցախում չեմ, քանի որ կրթությունս ուզում եմ շարունակել Հայաստանում, որից հետո անպայման վերադառնալու եմ Արցախ:

-Ուսմանը զուգահեռ նաև ստեղծագործում եք:

-Ստեղծագործել եմ տարբեր ձևաչափերով: Վերջին շրջանում հիմնականում արձակ ստեղծագործություններ եմ գրում, բայց վերջին ստեղծագործությունս բանաստեղծություն էր:

Դեռ մանկուց գրում եմ մայրիկիս, հայրիկիս, ընտանիքիս և հայրենիքիս մասին: Սակայն վերջին շրջանում միայն հայրենիքիս ու հայրենի քաղաքիս մասին եմ ստեղծագործում:

Դրանք սկզբնական շրջանում լուսաբանվում էին  Քաշաթաղի «Մերան» շրջանային թերթում, «Կանչ» թերթում: Հետագայում սկսվեց տպագրվել «Հայաստանի Հանրապետություն» թերթում : Համագործակցում եմ նաև ԱՄՆ Գլենդել քաղաքի հայկական դպրոցի «17.am» կայքէջի հետ:

-Բավականին կապված եք Բերձորին: Ինչպե՞ս էր անցնում Ձեր առօրյան Բերձորում:

-Այնտեղ բավականին հագեցած առօրյա ունեի. մասնակցում էի տարբեր խմբակների, միջոցառումների, նկարչության և դաշնամուրի է գնում, սակայն այժմ կենտրոնացած եմ միայն դասերիս վրա և այլ խմբակների չեմ հաճախում: Երևի քաղաքը դեռևս օտար է ինձ:

-Ի՞նչ կասեիք Ձեր հասակակիցներին:

-Ես ցանկանում եմ կամ կոչ եմ անում, որ իմ հասակակիցները և ,ընդհանրապես, բոլորը չդադարեն մտածել ու սիրել իրենց հայրենիքը, չմոռանան նրա մասին, նույնիսկ եթե ճակատագրի բերմամբ հայտնվել են հայրենիքից շատ հեռու, ամեն ինչ անեն հայրենիքի հզորացումն ապահովելու համար:

Եթե յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով փորձի իր լուման ներդնել հայրենիքի հզորացման գործում, ապա ի վերջո մի օր մենք կունենանք հզոր հայրենիք:

Իհարկե, հայրենիքը հզորացնում են հայրենիքում ապրելով, հողը պահում են հողի վրա ապրելով, սակայն շատ անգամ ինձ նման շատ շատերը գերադասում են գնալ ու գիտելիքներ ստանալ, իսկ հետո վերադառնալ և այդ գիտելիքները ծառայեցնել հայրենիքի շենացմանը, իսկ այն մարդիկ, ովքեր գնում և չեն վերադառնում, երևի գերադասում են իրենց կյանքը վայելել դրսում:

Իսկ մեր կարճ հարցազրույցի վերջում Սոսեից խնդրեցինք իր ստեղծագործությունից որևէ հատված ներկայացնել՝ հրապարակելու համար:

«Ասում են՝ հույսը մարդու վատ օրերի լավ բարեկամն է: Միշտ օգնում է հավատալ այն լավին, որը շատ երկար ժամանակ անհնար է թվում: Իմ հույսն էլ ապրեց ու ինձ ստիպեց ապրել: Կոտրված, բայց ապրեցի, թեև պարզապես շնչում էի՝ հուսալով նոր շնչի հետ հայրենիքս վերադարձնելու միջոց գտնել: Արդեն մոտ 6 ամիս է՝ ինձ  նման հազարավոր մարդիկ իրենց անցյալի հուշերի հեքիաթներում են ապրում, բայց նույնիսկ այդ հեքիաթներն ինձ չեն ցավեցնում, չէ՞ որ պարզապես հեքիաթ են կոչվում: Ապրում էի մի քաղաքում, ուր ամեն օր բացահայտելու անկյուն կար, իսկ ես միայն շտապում էի բողոքել իմ ձանձրալի առօրյայից, այնինչ  այսօր երազում եմ մեկ վարկյան տեսնել վեր հառնած գարնան նոր շունչը հպարտ քաղաքիս վրա: Այժմ ապրում եմ մեկ այլ հեքիաթում: Այն նույնպես գեղեցիկ է, յուրօրինակ, բայց ինձ համար նման հեքիաթները միապաղաղ են, ամեն օր կարող եմ տեսնել, իսկ իմ Բերձորը հազվագյուտ հեքիաթ էր…»:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

1