Բենզինի պահեստի պայթյունից անցել է ավելի քան 9 ամիս․ Կարինեն հույսը չի կորցնում, սպասում է․․․
2023 թվականի սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բենզինի պահեստի պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինե Բաղդասարյանի կյանքը։ Պայթյունի պահին ամուսինը՝ Սամվել Սաֆարյանը, այնտեղ էր։ Մինչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։
Մարտակերտի շրջանի Վանք գյուղում է ծնվել, մեծացել, ապա ընտանիքով տեղափոխվել են Կիչան, որտեղից էլ հարս է գնացել Ստեփանակերտ։ 2020 թվականի սեպտեմբերի 13-ին էր նրանց հարսանիքը․ այնքա՜ն երջանիկ էին նորապսակները․․․ Այդ ժամանակ Կարինեն չէր պատկերացնում, որ ճակատագիրը բարեգութ չի լինելու իր հանդեպ։ Օրեր հետո սկսվեց 44-օրյա պատերազմը, և Կարինեի հարսանիքից ուղիղ մեկ ամիս հետո զոհվեց եղբայրը՝ 21-ամյա Արմենը, որին հետմահու շնորհվեց <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշան։ Քրոջ համար ծանր է եղբայր կորցնելը, սակայն Կարինեն իր մեջ խեղդելով վիշտը, նվիրվեց ընտանեկան կյանքին, իսկ, երբ ծնվեց Դավիթը, նորաթուխ մոր աչքերում վերջապես լույսի շողեր հայտնվեցին։
<<Երբ սկսվեց պատերազմը, ամուսինս աշխատավայրում էր։ Ծառայում էր ԱՀ ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչությունում։ Հրետակոծությունների տարափի տակ չգիտեի ինչ անել, երեխան գրկիս՝ մնացել էի շիվար։ Հաջորդ օրը ավարտվեց պատերազմը՝ կրկին հարյուրավոր կյանքեր խլելով։ Ցավոք, հասկացանք, որ կորցնում ենք Արցախը, և շուտով այն լրիվությամբ կհայաթափվի։ Օրեր հետո սկսվեց բռնագաղթը։ Մեր տունը Ստեփանակերտի Սախարովի անվան փողոցում էր և շատ վտանգավոր էր այդտեղ մնալը։ Անընդհատ ավտոմատի կրակոցներ էին լսվում։ Ամուսնուս խոսքով՝ մի քիչ բենզին ունեինք և կարող էինք ճանապարհվել։ Ստեփանակերտից դուրս ենք եկել սեպտեմբերի 25-ին, ժամը 2-ին։ Շուշի չհասած՝ մեր մեքենայի հետ խնդիր առաջացավ․ բենզինը չէր մատակարարում՝ քիչ լինելու պատճառով։ Ամուսինս մեզ տեղափոխեց ծնողներիս մոտ, իսկ ինքը վերադարձավ Ստեփանակերտ՝ ասելով, որ բենզին կգտնի ու հաջորդ օրը կմիանա մեզ։ Այլևս չտեսանք իրար>>,-պատմում է Կարինեն։
Հաղորդակցության միջոցների բացակայության պատճառով նա միայն հաջորդ օրը լսեց, որ Արցախում խոշոր պայթյուն է եղել ու հարյուրավոր մարդիկ են զոհ դարձել։ Դեռ չգիտեր, որ Սամվելը ևս այնտեղ էր այդ պահին։ Ամուսնու հորաքույրը Ստեփանակերտում կամավոր գնացել էր հիվանդանոց, որ օգներ բուժաշխատողներին ու հանկարծ ցուցակներում տեսել է եղբորորդու տվյալները։
<<Ցանկանում էի հետ դառնալ, բայց ասացին, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում իմ ամուսնու անուն ազգանունով վիրավոր կա։ Անմիջապես գնացի այնտեղ, պարզվեց՝ ուրիշ էր։ Հետո սկսեցի բոլոր հիվանդանոցներում փնտրել, սակայն ամեն ինչ ապարդյուն էր։ Տանջալից ու ծանր օրեր անցկացրինք։ Աղոթում էի Աստծուն, որ գտնեմ երեխայիս հորը․ թեկուզ կես մարդ դարձած, բայց ողջ լիներ․․․
Միչև այսօր ոչ մի լուր չկա նրանից։ 21 անհայտ կորածների մեջ է Սամվելը։ Բազմիցս դիմել ենք հայաստանյան ու միջազգային տարբեր կառույցների։ Վերջին անգամ ՀՀ Վարչապետի աշխատակազմից պատասխանել են, որ գործով զբաղվում է ՀՀ քննչական կոմիտեն։ Հույսս չեմ կորցնում, սպասում եմ, որ նա կգա>>,-ասում է երիտասարդ կինը։
Կարինեի համար ամենադժվարը երեքամյա որդուն պատասխան տալն է, երբ հարցնում է հոր մասին։ Շատ էին կապված իրար հետ։ Քնելուց առաջ Դավիթն անընդհատ առաստաղին է նայում, մտածում երկար։ Երեխան թեև 3 տարեկան է, բայց դատողությունն ավելի մեծի է, և մայրը դժվարանում է նրան ճշմարտությունն ասել, որ հոր ճակատագիրը դեռևս անհայտ է։
Փոքրիկ Դավիթը սպասում է հորը։ Նա գիտի՝ եթե մի բանի մասին շատ ես մտածում, ապա այն կատարվում է։
Կարինեն աշխատանքի է անցել Արդշինբանկում, փորձում է աշխատանքի մեջ կտրվել տանջալից իրականությունից, հարմարվել նոր միջավայրին։ Երբեմն թվում է՝ թե ստացվում է, բայց գալիս է մի պահ, որ նրա ուղեղում չի տեղավորվում այն միտքը, որ Սամվելն իր հետ չէ։
Արցախից տեղահանվելուց հետո էր․․․Մտքերով տարված քայլում էր երեխայի հետ։ Նրան է մոտենում մի երիտասարդ, որը ճանաչել էր, գիտեր, որ Սամվելի կինն է։ <<Ուզում եմ, որ դուք անպայման իմանաք․ պայթյունի օրը ձեր ամուսինը 2 կնոջ կյանք է փրկել։ Աչքովս եմ տեսել, երբ արդեն իր հերթն էր բենզին վերցնելու, մի տղամարդ մոտեցավ ու խնդրեց Սամվելին իր հերթը զիջել ստեփանակերտցի կանանց՝ ասելով, որ նրանք շատ են հոգնել։ Սամվելն անմիջապես համաձայնեց, կանայք բենզինով լի տարաները ձեռքներին հեռացան ու հետո լսվեց ուժգին պայթյունն ու ամեն ինչ կորավ կրակի բոցերի մեջ>>,-պատմեց երիտասարդը, որը նոր էր դուրս գրվել հիվանդանոցից՝ երկար բուժում ստանալուց հետո։
<<Այդ պահին իմ մեջ հպարտության զգացման հետ նաև մեկտեղվեց սիրտ կեղեքող մի ցավ։ Ամուսինս կյանքեր է փրկել, բայց ինքը․․․Այս անորոշությունը սպանում է ինձ, չգիտեմ՝ ո՞ւմ մեղադրեմ, որտեղից մի լուր իմանամ, ինչպե՞ս ապրեմ։ Բայց, երբ նայում եմ փոքրիկիս աչքերին, հասկանում եմ, որ պետք է հավաքեմ ուժերս, ուղղեմ մեջքս, հանուն նրան ապրեմ>>,-խոսքը եզրափակում է Կարինեն։
Բռնատեղահանված և անորոշության մեջ հայտնված արցախցի երիտասարդ կինը բացի բնակվարձերի աջակցությունից, որևէ այլ սոցիալական օգնություն չի ստանում․ կարգավիճակ չունի։ Առաջարկել են՝ դատական կարգով ամուսնուն մահացած ճանաչել, որ կարողանա օգտվել աջակցություններից։ Կարինեն հրաժարվել է․ նա դեռ սպասում է․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ