Բազմազավակ ընտանիքի մայրը չի կարողանում համակերպվել իրեն պատուհասած ճակատագրի դառնությանը․ամուսինն ու որդին զոհվել են նույն դիրքում
Գլխավոր » Լրահոս » Բազմազավակ ընտանիքի մայրը չի կարողանում համակերպվել իրեն պատուհասած ճակատագրի դառնությանը․ամուսինն ու որդին զոհվել են նույն դիրքում

Բազմազավակ ընտանիքի մայրը չի կարողանում համակերպվել իրեն պատուհասած ճակատագրի դառնությանը․ամուսինն ու որդին զոհվել են նույն դիրքում

Արցախի Հարությունագոմեր գյուղից տեղահանված Լուսյա Սարգսյանը ծնողների ու 6 երեխաների հետ բնակություն է հաստատել Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվել են ամուսինն ու որդին՝ Դավիթն ու Սամվելը։ Բազմազավակ ընտանիքի մայրը չի կարողանում համակերպվել իրեն պատուհասած ճակատագրի դառնությանը։

-Երբ սկսվեց պատերազմը, ամուսինս ու որդիս դիրքերում էին։ Նրանք միշտ միասին էին դիրքեր գնում։ Աշխարհազորի խումբը, որ մեջ ընդգրկված էին, 10 հոգի էին։ Հետո լսեցինք, որ տղաները կռիվ են տալիս թշնամու անհավասար ուժերի դեմ։ Ոչ մի րոպե չէին դադարում հրետակոծությունները դիրքի ուղղությամբ։ Վտանգը մեծ էր, որ թշնամին ցանկացած պահի կարող էր գրավել դիրքը։ Կողքի դիրքերն արդեն թշնամու վերահսկողության տակ էին։ Ականատեսները պատմում են, որ գրեթե մեկ ու կես ժամ միայնակ կռիվ են տվել տղաները և ինչքան կարողացել են՝ պաշտպանել են գյուղը։

Գյուղում խուճապ էր, մարդիկ մտածում էին դուրս գալ ու փրկվել թշնամու ճիրաններից։ Սեպտեմբերի 19-ի երեկոյան համագյուղացիների հետ մենք նույնպես տարհանվեցինք գյուղից ու ապաստան գտանք Ստեփանակերտի օդանավակայանում։ Անընդհատ զանգի էի սպասում։ Ի՞նչ իմանայի, որ զոհվել են Դավիթն ու Սամվելը․ բոլորը գիտեին, սակայն ինձ չէին ասում։ Ես էլ կարծում էի, որ պարզապես կապ չկա, որ զանգեն։ Սեպտեմբերի 24-ին դուրս եկանք Արցախից ու հասանք Կապան։ Միայն այդ ժամանակ մեզ հայտնեցին ընտանիքիս հասած ողբերգության մասին։ Դավիթի և Սամվելի զոհվելուց 5 օր հետո միայն հաջողվեց փրկարարներին դիրքերից դուրս բերել տղաների աճյունները։ Նրանց հետ զոհվել են ևս 2 հոգի։

Ամուսնուս ու տղայիս հողին հանձնեցինք Կապան համայնքի Սովխոզ բնակավայրի գերեզմանատանը։ Կապանի Եղբայրական գերեզմանոցում տեղ չտվեցին՝ ասելով, որ իրենց համաքաղաքացին չէ,- ծանր օրերն է վերապրում տիկին Լուսյան։

Սարգսյանների ընտանիքը ժամանակավոր է բնակություն հաստատել Կապանում։ Տիկին Լուսյան մտադրված է ամուսնու և որդու աճյունները տեղափոխել Երևանի Եռաբլուր պանթեոն։

-Սկզբից չէի գիտակցում, որ այս ամենը մեզ հետ է կատարվում․ հարազատներիս հուղարկավորեցինք այստեղ, սակայն պետք է Եռաբլուրում հուղարկավորեինք։ Այժմ համապատասխան բոլոր փաստաթղթերը ձեռքիս են, սպասում ենք ՀՀ ՊՆ-ի թույլտվությանը։ 3 տարի հետո միայն իրավունք ունենք տեղափոխել Դավիթի ու Սամվելի աճյունները։ Սրտատրոփ սպասում եմ այդ օրվան, որ իմ հարազատներն իրենց իսկական տեղը գտնեն հերոսների կողքին։

Կապանում տուն ենք վարձակալել․ ապրում ենք 9 հոգով։ 6 երեխաներիցս մեծը 26 տարեկան է, փոքրը շուտով կդառնա 9 տարեկան։ Տունը, որտեղ ապրում ենք, այնքան էլ լավ վիճակում չէ, սակայն, ինչ արած, ստիպված ենք հարմարվել, քանի որ այլընտրանք չունենք։ Այստեղ դժվար է աշխատանք գտնել։ Ես ընդհանրապես չեմ կարող աշխատել, որովհետև առողջական լուրջ խնդիրներ ունեմ․ նոր եմ բարդ վիրահատություն տարել։ Ավագ որդիս նույնպես առողջական խնդիրներ ունի։ Թոշակառու ծնողներիս խնամքը ևս իմ վրա է։ Բայց բոլոր դժվարությունները մի կերպ տանելի են, մարդկային կորուստներն են անդառնալի ու սիրտ կեղեքող։ Ապրում եմ տանջվելով։ Երեխաներից թաքուն եմ արտասվում, որ ավելի շատ չընկճվեն, իրենց առօրյայով ապրեն,-ասում է տիկին Լուսյան ու հոգոց հանում,-մեջքս կոտրվել է սեպտեմբերի 19-ին, մնացել եմ առանց հենարան, մշտական անորոշության մեջ․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1