Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին, ոմանց ճակատագրերը մնում են անհայտ․․․ 2023թ․, սեպտեմբեր 25
Այսօր՝ 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին ՊԲ-ի պահուստային վառելիքի պայթյունի հետևանքով զոհվածների տարելիցն է։
219 զոհ, 300-ից ավել վիրավոր, 22 անհետ կորած։
Բազմաթիվ ընտանիքներ կորցրեցին իրենց հարազատներին, ոմանց ճակատագրերը մնում են անհայտ։
Սամվել Սաֆարյան
2023 թվականի սեպտեմբերի 25-ի Ստեփանակերտի հարևանությամբ գտնվող բենզինի պահեստի պայթյունը գլխիվայր շուռ տվեց Կարինե Բաղդասարյանի կյանքը։ Պայթյունի պահին ամուսինը՝ Սամվել Սաֆարյանը, այնտեղ էր։ Մինչև այսօր ոչ մի լուր չկա նրանից․․․
Մխիթար եւ Սուրեն Հայրիյաններ
Հայր եւ որդի պատերազմից են փրկվել, ողջ մնացել և ապա՝ զոհ դարձել սարսափելի արհավիրքին։ Հարսանիքից հետո երջանիկ ծնողներն օրեր շարունակ շնորհավորանքի ու մաղթանքի խոսքեր էին լսում․ ի՞նչ իմանային, որ որդու ամուսնական կյանքն ընդամենը 27 օր է տևելու․․․ 2023-ի սետեմբերի 19-ին թշնամու առաջին զարկերի հետ հայր ու որդի առաջնագծում էին։ Վերադարձան, սակայն օրեր անց՝ զոհ դարձան վառելիքի պայթյունի ․․․
Հարութ Հայրապետյան
Սեպտեմբերի 23-ին աշխարհի ամենաերջանիկ մայրն էի․ երեք զավակներս պատերազմից ողջ-առողջ վերադարձել էին։ Ի՞նչ իմանայի, որ երկու օր հետո անվերադարձ կկորցնեմ Հարութիս,-ասում է Արցախյան առաջին պատերազմում զոհվածի այրի Անահիտ Ղազարյանը և ավելացնում,-ասում են՝ Աստված արդար է։ Անհայր մեծացրի երեք զավակներիս, ոտքի կանգնեցրի, բայց Աստված չգթաց ինձ․․․
Ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա և սեպտեմբերի 19-ի պատերազմների մասնակից Հարութը զոհ գնաց վառելիքի պայթյունին։
Սասուն Բաղդասարյան
Սասունն իր տված խոստմանը համաձայն՝ օրինակելի ամուսին ու հոգատար հայր էր, և նրանց կյանքը կշարունակվեր սահուն ընթացքով, եթե չլիներ 2023-ի աղետաբեր սեպտեմբերի 25-ը․․․
Երբ լսեցինք պայթյունի մասին, անմիջապես տնից դուրս վազեցինք ու հարազատներիս հետ սկսեցինք փնտրել Սասունին։ Գնացինք բոլոր հիվանդանոցները, խոսեցինք ծանոթների հետ․ տարբեր, իրարամերժ բաներ էին ասում։ Ոչ մի տեղ ամուսինս չկար․․․
Սեպտեմբերյան դեպքերի դաժան իրողությունների մասին է պատմում
Արցախի փրկարար ծառայության գնդապետը
ԱԻՊԾ բոլոր ծառայողները՝ ղեկավարության գլխավորությամբ, դեպքի վայրում էին։ Բառերով հնարավոր չէ նկարագրել այն, ինչ կատարվում էր այնտեղ։ Մարդիկ վառվում էին մեր աչքի առաջ․ այդ աղեկտուր օգնության ճիչերը դեռ հնչում են իմ ականջներում։ Ասես դժոխքում լիենինք, որտեղից փրկություն չկար։ Վառվածներին հանում էինք ու տեղափոխում շտապօգնության մեքենաները։ Շատերն այդ պահին ողջ էին, բայց հետո լսեցինք, որ մեծամասնությունը ճանապարհին մահացել է։ Չեմ հավատում, որ այդ օրվա ապրումները, սոսկալի պատկերները երբևէ կմոռացվեն ականատեսների հիշողությունից․․․
Ապառաժ