Բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին
Գլխավոր » Լրահոս » Բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին

Բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին

2023-ի սեպտեմբերին Արցախի տեղահանությունից հետո բազմաթիվ արցախցիներ Հայաստանում առերեսվում են փաստաթղթերի վերականգնման խնդրին։

Ծննդյան, մահվան, ամուսնության վկայական վերականգնելու համար դիմում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն։

Եթե այնտեղ չի ստացվում խնդիրը լուծել, դիմում են նոտարի, այնուհետև՝ դատարան։ Մարդկանց մոտ մեծ մասամբ բացակայում է իրենց ինքնության կարևոր ապացույցը՝ ծննդյան վկայականը, որի վերականգնումը առաջին քայլն է դեպի լիարժեք իրավական պաշտպանություն:

Փաստաթղթերի վերականգնումը կարևոր է առանձնապես քաղաքացիություն ստանալու համար, իսկ առանց քաղաքացիության արցախցիները չեն կարող դիմել կառավարության նախաձեռնած՝ Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին։

Արցախցի երիտասարդ իրավաբան, արցախցիների խնդիրները բարձրաձայնող Ժորա Հայրապետյանն ասում է․

-Հայաստան տեղափոխվելուց հետո մեր հայրենակիցների առաջին քայլն էր վերականգնել կորցված ՔԿԱԳ փաստաթղթերը։ Արցախի ՔԿԱԳ արխիվային գրանցամատյանների մի մասն է տեղափոխվել է Հայաստան: Տեղահանված արցախցիները տեղահանությունից անմիջապես հետո բազմաթիվ դիմումներ են ներկայացրել ՔԿԱԳ գործակալություն: Գործակալությունը քաղաքացիական կացության գրանցման ոլորտը կարգավորող օրենսդրության շրջանակներում վերականգնում է տեղահանված անձնանց վերաբերյալ նախկինում գրանցված գրանցումները, տրամադրում վկայականներ և տեղեկանքներ։

Սակայն,  ինչպես գիտենք, այդ ամենի համար տեղահանված մեր հայրենակիցները պետք է վճարեն:  

Փաստաթղթերի վերակագնումը, կապված գումարային վճարումների հետ, մեծ դժվարություն է նյութական ծանր վիճակում հայտնված տեղահանվածների համար, շատերը խուսափում են՝ համապատասխան գումար չունենալու պատճառով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1