Բանիմաց ռազմաբուժակը կարողացավ փրկել մարդկային կյանքեր, սակայն ինքը բռնեց հավերժի ճամփան
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախի հերոսներ » Բանիմաց ռազմաբուժակը կարողացավ փրկել մարդկային կյանքեր, սակայն ինքը բռնեց հավերժի ճամփան

Բանիմաց ռազմաբուժակը կարողացավ փրկել մարդկային կյանքեր, սակայն ինքը բռնեց հավերժի ճամփան

Գավրուշա Գառնիկի Ավագյանը Դաշուշեն գյուղի պարծանքն էր։  Նա անմահացավ 2020 թվականի հոկտեմբերի 11-ին՝  հավերժ մնալով 23 տարեկան․․․ Փոքրիկ գյուղի համար մեծ ու անդառնալի կորուստ էր նրա մահը: Դաշուշենցիները ցավում էին մեծ ու փոքրով, միևնույն ժամանակ՝ հպարտություն զգում, որ կարողացել են նման երիտասարդ դաստիարակել: Գավրուշայի մեջ էր Րաֆֆու հայրենասիրական ոգին․  նախ` հայրենիք, հետո` ծնողներ և սիրած աղջիկ․․․

Գավրուշան ծնվել է 1997 թվականի մարտի 31-ին Ասկերանի շրջանի Դաշուշեն գյուղում: Ավարտելով միջնակարգը`  նա ընտրել է բուժակի մասնագիտությունը և ընդունվել Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջ: Ընտրած մասնագիտության համար ուներ համապատասխան բնավորության գծեր. աշխատասեր էր, սրտացավ, նպատակասլաց ու նվիրված:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, Գավրուշան քաջ գիտակցում էր, թե ուր պիտի տանի իրեն ճանապարհը։ Եվ նա գնաց՝ անտեսելով մահվան սարսուռը։  Գավրուշան առաջնագծում էր: Բանիմաց ռազմաբուժակը կարողացավ փրկել մարդկային կյանքեր։ Ընկերների խոսքով` 30-ից ավել կյանք է փրկել և անմահացել հոկտեմբերի 11-ին՝ Հադրութում:

Տատը հիշում է․ <<Վերջին անգամ հոկտեմբերի 7-ին եկավ տուն։ Թախանձում էի չգնալ, սակայն հաստատակամ Գավրուշան հակադարձում էր ինձ՝ ասելով, որ նախորդ օրը 30 կյանք է փրկել․ պետք է գնա, սպասում են։ Ու խոստացավ, որ անպայման կվերադառնա։ Ահա իսկական հերոսի պատասխան․․․Բայց թոռնիկս չկարողացավ կատարել իր խոստումը, գերադասեց բռնել հավերժի ճամփան՝ մեզ թողնելով ցավի ու կարոտի մեջ>>․․․

Գավրուշայի դասղեկ Անյուտա Հովսեփյանը չի կարողանում հարմարվել սանի կորստին․

-4 տարի է անցել, որ Գավրուշան մեզ հետ չի։ Նա բոլորից առանձնանում էր։ Համեստ էր, նրբանկատ, խելացի։ Հայացքն այնքա՜ն անաղարտ էր և այնքա՜ն շատ նպատակներ ուներ։ Բոլորն անավարտ մնացին։ Մարտական ընկերները պատմում են, թե ինչպիսի դժվարությունների միջով է անցել ու մինչև վերջ մնացել վիրավոր զինվորների կողքին։

Ցավոք, այսօր մենք կորցրել ենք Արցախը, որտեղ մնացել են մեր հերոսների շիրիմները։ Իմ սիրելի աշակերտը ևս այնտեղ է՝ Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում։ Նա գերության մեջ է, և դա մեծ ցավ է բոլորիս համար։ Տղաների արյամբ շաղախված հողը պահել չկարողացանք։ Չգիտեմ՝ երբևէ կկարողանա՞նք հաղթահարել այդ ցավը․․․

Արցախից տեղահանվելուց հետո Գավրուշայի հարազատները տեղափոխվել են հեռավոր Ռուսաստան։ Նրանք սպասում են այն երանելի օրվան, որ վերադառնան Արցախ ու մոտ լինեն որդու շիրմին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

1