Բանավոր հավաստիացումներից հիասթափված թաղավարդցիները դիմել են ռուս խաղաղապահներին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բանավոր հավաստիացումներից հիասթափված թաղավարդցիները դիմել են ռուս խաղաղապահներին

Բանավոր հավաստիացումներից հիասթափված թաղավարդցիները դիմել են ռուս խաղաղապահներին

Մարտի 18-ի առավոտյան Ստեփանակերտում ռուսական զորախմբի տեղակայման վայրի մոտ էին հավաքվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի բնակիչները: Արցախի իշխանությունների բանավոր հավաստիացումներից հիասթափված բնակիչներն այժմ էլ ռուս խաղաղապահներին են դիմել:

Թաղավարդն Արցախի խոշոր համայնքներից էր: Պատերազմի օրերին այնտեղ համառ մարտեր էին ընթանում, որոնց շնորհիվ հնարավոր եղավ գոնե գյուղի մի մասը՝ Ներքին Թաղավարդը, պահել հայկական: Վերին Թաղավարդն այժմ գտնվում է  ադրբեջանցիների վերահսկողության տակ, նրանց հենակետերը 50 մետր հեռավորության վրա են գտնվում: Իրենց տներից զրկվել է 132 թաղավարդցի ընտանիք՝ 597 բնակչով, իսկ 147 ընտանիք ապրում է գյուղում: Դպորցը գործում է, բայց աշակարետների թիվը քիչ է:

Ռուդիկ Բադասյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է, որ մինչև գյուղի ճակատագրի որոշումը ցանկանում են իրենց հարազատների գերեզմաններին այցելել: «Գյուղի երկու մասերի համար մեկ ընդհանուր գերեզմանոց կա, որն այժմ գտնվում է նոր հաստատված սահմանագծի մոտ: Առաջարկում ենք, որպեսզի ռուսական զորախումբը գերեզմանոցի մոտակայքում պահակակետ հաստատի, և մենք կարողանանք անվտանգ այցելել գերեզմանոց»,- նշել է Ռ. Բադասյանը:

Մի քանի ամիս առաջ թաղավարդցիներից մեկը եղբոր գերեզմանին էր այցելել, ադրբեջանցիները պատանդ են վերցրել և մինչև հիմա ազատ չեն արձակել:

Թաղավարդի բնակիչներից Աննա Հարությունյանը ցավով նշում է, որ նույնիսկ հայաստանյան հեռուստաալիքների քարտեզներում իրենց գյուղը նշված չէ. «4-5 ամիս հետո ենք իմանում, որ գյուղը կարգավիճակ չունի, մեզ տեղահանված չեն համարում: Եթե տարհանված չենք, տարեք մեր տները»:

Հայկական տների անմիջական հարևանության տեղակայված ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակ են բացում գյուղացիների տների ուղղությամբ: Ալավերդյան Գարիկը մեզ հետ զրույցում նշել է, որ ռուսական զորախմբի առկայության դեպքում անվտանգության երաշխիքներ կլինեն ու գյուղի փոքրիկները իրենց տները կվերադառնան: «Հունվարի 22-ին ադրբեջանցի դիպուկահարը կրակել է մեր տան վրա: Այդ ժամանակ տանն էի, գնդակը մինչև հիմա պահում եմ: Բարձրացել են վերևի դիրքից ուղիղ կրակել մեր տան վրա: Շատ տների ուղղությամբ են կրակում: Այսօրվա դրությամբ գյուղում համարյա երեխա չկա, եթե ռուսական զորախումբ լինի, երեխաները հետ կգան»,- ասել է նա:

Թաղավարդցիներն իրենց մտահգությունների ու առաջարկների վերաբերյալ նամակ են հղել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հավաքված թաղավարդցիների հետ հանդիպել է Ռուստամ Մուրադովի տեղակալ, գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը: Նա խոստացել է քննարկել բնակիչների բարձրացրած հարցը և վստահեցրել, որ ամեն ինչ կանեն բնակիչների անվտանգությունն ապահովելու համար:

1