Բանակն իր առջև դրված բոլոր խնդիրները կատարել է
Բանակում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի, այդ ոլորտում կատարվող աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ ՊԲ հրամանատարի բարոյահոգեբանական աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Նորայր Մկրտչյանի հետ:
-Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս եք գնահատում զինվորների բարոյահոգեբանական վիճակը 44-օրյա պատերազմից հետո:
-Ներկա դրությամբ Պաշտպանության բանակի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը կարելի է բնութագրել որպես կայուն: Այդ վիճակի առկա մակարդակն ապահովում է անձնակազմի առջև դրված խնդիրների կատարումը: 44-օրյա պատերազմական գործողություններից հետո մենք կատարել ենք համապատասխան հետևություններ և նպատակային աշխատանքների միջոցով աստիճանաբար բարոյահոգեբանական վիճակը փորձում ենք հասցնել նախապատերազմյան մակարդակին, ինչը մեզ հաջողվում է: Մասնավորապես, զինծառայողների հետ անցկացնել հոգեբանական նպատակային աշխատանքներ, հոգեկարգավորման միջոցառումներ, ինչպես նաև ինտեսիվորեն նրանց ծնողների, հարազատների հետ կապ պահելու միջոցով պարտադիր ժամկետային զինծառայողներին արձակուրդ մեկնելու և ընտանեկան հարկի տակ տևական ժամանակով գտնվելու հնարավորություն ընձեռելով՝ մենք լուծում ենք նրանց մոտ առկա լարվածության, բացասական հոգեվիճակների թոթափման և հաղթահարման խնդիրները:
-Կրած պարտությունից հետո արդյո՞ք փոխվել է դաստիարակչական աշխատանքների բնույթը:
-Բանակին վերաբերող մասով ես չէի վերագրի որպես պարտություն: «Պարտություն» հասկացությունը լայն իմաստով պիտի հասկանանք: Բանակն իր առջև դրված բոլոր խնդիրները կատարել է պարտքի խորը գիտակցումով, արժանապատվորեն: Ես գտնում եմ, որ այսուհետ ևս հոգեբանորեն, գաղափարապես պատրաստ ենք կատարելու մեր առջև դրված խնդիրները: Իսկ ինչ վերաբերում է դաստիարակչական աշխատանքներին, էությունը չի փոխվել: Դաստիարակչական աշխատանքների հիմնական առանցքը գաղափարապես հասուն, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ զինծառայող դաստիարակելն է, ինչին մենք աշխատում ենք հասնել:
-Ինչպե՞ս կարող է բանակի մարտական ոգին ազդեցություն ունենալ հանրության բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման վրա:
-Մեր մարտական ոգին հասարակությանը փոխանցելու խնդիր՝ բանակի առջև չի դրված: Մենք պետության պաշտպանության դիրքերում ենք կանգնած, կատարում ենք մեր խնդիրը: Մեզ հաջողվում է զսպել հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն, եթե այդպիսին լինում է: Հանրությունն ինքն իր մաշկի վրա զգում է բանակի ներկայությունն այն առումով, որ սահմանամերձ բնակավայրերում մեր զինծառայողները կատարում են իրենց թիվ մեկ մարտական խնդիրը, այն է՝ հայրենիքի պաշտպանությունը: Եվ հասարակությունը, դա տեսնելով, ինքն էլ է ոգևորվում: Տեսնում են, որ բանակը կա, և եթե բանակը կա, ուրեմն վաղվա նկատմամբ մեր հույսը, հավատը չի կորել: Մենք էլ աշխատելու ենք ինչքան հնարավոր է մեր հայրենակիցներին ապացուցենք, համոզենք, որ Արցախն ապագա ունի և այստեղ բնակվող յուրաքանչյուր արցախցի պարտավոր է մասնակցել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Մենք այլևս չպիտի գտնվենք որպես դիտորդ: Հասարակության որոշ խավերի ներկայացուցիչներ սիրում են կողքից, առանց որևէ գործուն մասնակցության տարբեր կարծիքներ հնչեցնել, գնահատականներ տալ, որոնք շատ դեպքերում իրականությանը չեն համապատասխանում: Դրա համար պետք է հասարակության բոլոր խավերը բանակին միանան, վերջիվերջո ի կատար ածենք «Ազգ-բանակ» հայեցակարգը, և գործողությունների մի մեծ ծրագիր իրականացնենք՝ ապահովելու համար մեր ապագան այս երկրում:
-Այսօրվա իրավիճակը արդյո՞ք կարելի է համեմատել 1990-ական թվականների ընկճվածության, պարտության շրջանի հետ, և արդյո՞ք հիմա էլ նոր հաղթանակների հնարավորություն եք տեսնում:
-Իհարկե, մեր ժողովրդի պատմությունը հարատև կենաց-մահու պայքար է, և առնվազն վերջին 4 սերունդներն ակտիվորեն մասնակցել են հայրենիքի փրկության համար մղվող մարտական գործողություններին: Արցախյան առաջին պատերազմը ևս այդ փորձություններից մեկը կարելի է համարել արցախահայերիս համար: Այն ժամանակ էլի հակառակորդը կենդանի ուժի և զրահատեխնիկայի բացարձակ առավելություն ուներ: Սկզբնական փուլում հաջողություններ կային, բայց մեր զինված ուժերին հաջողվել է կարճ ժամանակահատվածում վերախմբավորվել, հետևություններ կատարել ձախողումներից և անցնել վճռական գործողությունների: Նման սցենար ես չեմ բացառում նաև այս պարագայում: Իհարկե, եթե հակառակորդը շարունակի սպառնալ մեր ֆիզիկական գոյությանն Արցախում, ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և զենքի ուժով պաշտպանի իր իրավունքները: Ես համոզվել եմ նաև մի բանում, որ եթե մեր թշնամին տեսնի իր առջև կանգնած արցախահայությանը միահամուռ համախմբված և մահվան աչքերին անթարթ նայելու վճռականությամբ լցված, տեղի է տալու:
-Իսկ վերջին պատերազմի ընթացքում չի՞ տեսել այդ համախմբվածությունը:
-Ես չեմ կարող ոչ մի գնահատական հնչեցնել: Ես կարող եմ բանակի վերաբերյալ ասել, ինչպես նշեցի սկզբնամասում, որ բանակն իր առջև դրված խնդիրը կատարել է բոլոր ուղղություններով: Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, իրավասու չեմ գնահատականներ տալ:
Զրուցեց Տաթևիկ Աղաջանյանը