Բանակցություններ ԱՄՆ-ում, զոհեր Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բանակցություններ ԱՄՆ-ում, զոհեր Արցախում

Բանակցություններ ԱՄՆ-ում, զոհեր Արցախում

Մինչ «խաղաղության պայմանագրի» համար ԱՄՆ-ում բանակցում էին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, իսկ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում էր Էրդողանի «Կուրբան Բայրամը», հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ էին բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունեցել է 4 զոհ։ Ադրբեջանական կրակոցների հետևանքով զոհված ՊԲ զինծառայողներն են՝
Արմո Աբգարյան, Սամվել Թորոսյան, Երվանդ Թադևոսյան, Գագիկ Բալայան

«Ապառաժ»-ն այցելել է Մարտակերտի շրջան՝ Ճանկաթաղ, Կիչան և Նոր Ղազանչի համայնքներ, որոնց ուղղությամբ վերջերս ադրբեջանական կողմը համայնքների հարակից դիրքերից հաճախ է սկսել կրակոցներ արձակել, որոնք վնասներ են հասցրել Հատկապես Ճանկաթաղ համայնքի բնակելի տներին։

Մեզ հետ զրույցում Ճանկաթաղ համայնքի բնակիչ Վրեժ Խաչատրյանը պատմեց, որ հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա ժամը 1-ին լսվել են կրակոցներ ավելի հեռվում՝ Կիչանի ուղղությամբ, հետո կրակոցները եղել են իրենց գյուղի ուղղությամբ՝ սկզբում հրաձգային զինատեսակներից, հետո՝ ավելի խոշոր տրամաչափի զենքերով։

«Բուն միջադեպը մեր գյուղի տարածքում չի եղել, սակայն այն նույնությամբ ամեն օր կարող է պատահել մեր գյուղում»,- նշել է Վ․ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ օդային սահմանով ադրբեջանական դիրքը գյուղից գտնվում է ընդամենը 500մ հեռավորության վրա, իսկ գյուղը դիտարկվում է ադրբեջանական 3 դիրքերից։

«Նման քայլերով թշնամին փորձում է դրանով վախի մթնոլորտ ստեղծել, բայց մեր բնակչությունը չի պատրաստվում ընկրկել, պատրաստ ենք դիմագրավելու թշնամու դավադիր գործողություններին, լինի դա ուժի կիրառում, թե հոգեբանական ճնշում»,-ասել է նա։

Վրեժ Խաչատրյանը գյուղի պատմության ուսուցիչն է և նշում է, որ աշակերտների դասապրոցեսները երբեմն անց են կացվում թշնամու կրակոցների ներքո․

«Հասկանում ենք, թե թշնամին ինչպիսի գործողությունների կարող է դիմել, բայց չենք հուսահատվում։ Պետք է կարողանանք զգոն լինել, զգույշ լինել և մեր աշակերտներին հայեցի դաստիարակել։ Նժդեհի գաղափարները պետք է առաջնորդեն մեզ, և ինչպես նա է ասել. «Ապագան վտանգված ժողովուրդների վերջին հաղթաթուղթը վերադաստիարակությունն է»,-նշել է ուսուցիչը։

Վ․ Խաչատրյանը կարծում է, որ առաջին հերթին մեր ժողովուրդը պետք է կարողանա համախմբվել ու հասկանալ, որ խաղաղություն մեր երկրում կարող է հաստատվել միայն մեր թելադրանքով։

Նոր Ղազանչի համայնքի բնակիչ, համանքի նախկին ղեկավար Թեյմուր Առուստամյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ խոշոր տրամաչափի զենքերով կրակոցները սկսվել են գիշերվա ժամը 3-4 ընկած ժամանակահատվածում։

«Հիմնական կրակոցները եղել են մոտակա զորամասի և դիրքերի ուղղությամբ, սակայն հրամանատարության կողմից ձեռնարկված ճշգրիտ գործողությունների արդյունքում հնարավոր դարձավ խուսափել տասնյակ զոհերից»,-ասել է Թ․ Առուստամյանը։

Նրա խոսքով կրակոցները եղել են 82 և 120 մմ ականանետերով, կիրառվել են ԱԹՍ-ներ։

Կիչան Համայնքի ղեկավար Արտո Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ադրբեջանական դիրքերը տեղակայված են գյուղից մոտ 2 կմ հեռավորության վրա, սակայն այնտեղից գյուղը դիտարկվում է, և բավականին խոչընդոտներ են ստեղծվում թե՛ անասնապահությամբ, թե՛ հողագործությամբ զբաղվելու համար։

«Ամսի 27-ի երեկոյան ժամը 7-9 սահմաններում լսվել են կրակոցներ։ Հետո սխալ ինֆորմացիա է տարածվել, թե Կիչանի ուղղությամբ են եղել կրակոցները, սակայն կրակոցները հիմնականում գյուղի դիրքերի ուղղությամբ են եղել։ Դրան հաջորդել են գիշերվա ժամը 3-4 հատվածում սկսված խոշոր տրամաչափով կրակոցները, որոնք եղել են արդեն զորամասի ուղղությամբ։ Կրակոցների հետեւանքով պայթեցրել են էլեկտրամատակարարիչը»։

Միջադեպի ընթացքում գյուղացիների տարհանում չի կազմակերպվել։

Նշենք, որ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս զոհված զինծառայողների աճյունները տեղափոխել ՀՀ, որտեղ գտնվում է նրանց ընտանիքը։

1