Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցում մենք առաջնային պարտավորություն ունենք․ Արցախի ՄԻՊ
<Սա պատվի ու արժանապատվության հարց է եւ այն ինչ այսօր կատարվելու է Բաքվում՝ կատարվում է մեզանից յուրաքանչյուրի հետ։ Սա եւս մեկ անգամ ուզում եմ շեշտադրել, մեր հայրենակիցներին կոչ անելով կազմակերպվող նման հավաքներին ակտիվ մասնակցություն ունենալ։ Ի վերջո, պետք է հասկանանք, որ Բաքվում ունենք հաստատված 23 պատանդներ եւ այդ մարդիկ եւ նրանց հարազատներն իրապես ակնկալում են, որ այս խիստ հումանիտար հարցի շուրջ մենք պետք է միավորված լինենք>,- այսօր հայ պատանդների ազատ արձակման պահանջով կայացած ակցիայի ժամանակ այս մասին նշել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն իր խոսքն է ուղղել ՀՀ ԱԳ նախարարությանը, համարելով հիմնական հասցեատերը․<Ես վստահ եմ, որ այս շենքում նստած մարդիկ կարդացել են երեկ հրապարակված Ռուբեն Վարդանյանի նամակը եւ ես կուզենայի ուղղակի նրանք իրենց խղճին հարց տան՝ արդյո՞ք իրենք անում են այն ամենը, որպեսզի թեթեւացվի կամ վերացվի այդ տանջանքն ու դաժանությունը, որ կատարվում է մեր հայրենակիցների հետ Բաքվի բանտում։ Ես կարծում եմ, որեւէ արժանապատիվ հայ չի կարող այդ նամակը ընթերցել եւ ոչինչ չանել, անգործություն ցուցաբերել կամ ոչինիչ չձեռնարկել՝ հասանելի կամ անհասանելի միջոցներով հասնելու նրան, որ մեր հայրենակիցները ազատ արձակվեն եւ հայրենադարձվեն տուն>,- նշել է նա։
Մասնակիցների պահանջն է, որպեսզի տեսանելի, շոշափելի հստակ քայլեր ձեռնարկվեն, դիվանագիտական եւ բոլոր հնարավոր մեթոդները կիրառվեն միջազգային մակարդակով հայ պատանդների վերադարձի հարցն օրակարգային դարձնելու համար։
<Մենք տեսնում ենք, այլ հակամարտությունների պարագայում գերիների, պատանդների կամ անհայտ կորածների հարցը որքան կարեւոր օրակարգային հարց է դառնում։ Սակայն, 2023թ-ի սեպտեմբերի 19-ից հետո մենք այդ ակտիվությունը ՀՀ իշխանություններից, մասնավորպես ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից չենք տեսել։ Ըստ այդմ մեր կոչն ու պահանջն է ՀՀ Արտաքին գերատեսչությանը՝ ամենօրյա ռեժիմով, հնարավոր բոլոր խողովակներն օգտագործելով, անել ամեն հնարավորը բանակցային գործընթացում օր առաջ ապահովելու Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերադարձը։
Այսօր Բաքվում կազմակերպվող կեղծ դատավարությունների ժամանակ ես վստահ եմ, որ պատանդառված անձնանց անունից հնչելու են տարբեր հայտարարություններ, Ռ․Վարդանյանի նամակից մենք այդ ուղերձը ստացել ենք, որ նրանց վերագրվելու են բաներ, որոնք կորզվել են որոշակի խոշտանգումների ազդեցության տակ>,- նշել է նա։
Գ․Ստեփանյանը խնդրեց մեր հայրենակիցներին չտրվել այդ սադրանքներին եւ առաջնորդվել այն գաղափարով, որ մենք ուղղակի, որպես հայ մարդ, պետք է առաջնահերթ հասնենք նրան, որ մեր հայրենակիցները ազատ արձակվեն եւ վերադառնան հայրենիք։
Հ․Շինդյան
Ապառաժ