Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Դավիթ Իշխանյանը ու Դավիթ Բաբայանն իրենց մեղավոր չեն ճանաչել
Գլխավոր » Լրահոս » Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Դավիթ Իշխանյանը ու Դավիթ Բաբայանն իրենց մեղավոր չեն ճանաչել

Բաքվում անցկացված շինծու դատավարության ընթացքում Դավիթ Իշխանյանը ու Դավիթ Բաբայանն իրենց մեղավոր չեն ճանաչել

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատական նիստին դատավորն առաջարկել է ցուցմունք տալ  առաջադրված մեղադրանքի և մեղադրանքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար կարևոր այլ հանգամանքների վերաբերյալ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ առաջինը ցուցմունք է տվել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա նշել է, որ Հայաստանը հանդես է եկել որպես Լեռնային Ղարաբաղի երաշխավոր, նաև պատմել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է Ղարաբաղում։ Արկադի Ղուկասյանն ասել է նաև, որ Արցախում վարձկաններ չեն եղել։ «Կար Պաշտպանության նախարարություն և հայկական բանակ, որը ֆինանսավորվում էր Հայաստանի Հանրապետության կողմից»,- նշել է նա։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանն էլ ցուցմունքում ասել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 3-ին ինքն ու Արկադի Ղուկասյանը Ղարաբաղից տարվել են պետական անվտանգության ծառայության քննչական մեկուսարան, որից հետո, իբր, իրեն թարգմանիչ և պաշտպան է տրամադրվել։ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը դատարանին խնդրել է լրացուցիչ ժամանակ տրամադրել՝ ցուցմունքները պատրաստելու համար։ Դատարանը քննել է նրա միջնորդությունը։

Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ «Ես ի վիճակի չէի կատարելու մեղադրական եզրակացության մեջ ենթադրվող արարքները։ Ես չեմ քարոզել ատելություն ադրբեջանցի ժողովրդի նկատմամբ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին, բայց ազգայնական չեմ»,- հայտարարել է Դավիթ Բաբայանը։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 3-ին։

1