Բաքուն հիմա խնդիր է դրել արագացնել Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կամրջի կառուցումը. Շահան Գանտահարյան
Radar Armenia-ի զրուցակիցը միջազգայնագետ Շահան Գանտահարյանն է։
— Ֆրանսիայի ԱԳ նախարարը տարածաշրջանում է․ Բաքու-Երևան-Թբիլիսի։ Այս հաջորդականությունը քաղաքական ի՞նչ նշանակություն ունի, և ինչո՞վ է կարևոր Ֆրանսիայի արտգործնախարարի այցը։
— Այո, ճիշտ էք նկատել․ հաջորդականությունը քաղաքական նշանակություն ունի։ ԵԱՀԿ գործող նախագահը Թբիլիսի-Բաքու-Երևան հաջորդականությամբ էր իրականացրել տարածաշրջանային այցը։ Բաքվից հետո նոր Երևան է գալիս, և սա նշանակում է, որ նախ ուզում են իմանալ Բաքվի պայմանները։ Բաքուն է շրջափակողը, ինքն է կրակում և ինքն է անցակետ դրել։ Նախ ուզում են իմանալ՝ Բաքուն ի՞նչ գին է պահանջում ապաշրջափակման համար։ Ֆրանսիայի արտգործնախարարի այցը տեղավորվում է հավաքական Արևմուտքի՝ տարածաշրջանում կիրառած քաղաքականության պարունակում․ մրցակցել ՌԴ-ի հետ միջնորդություն և երաշխավորություն իրականացնելու առումով։
— Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը թույլ չի տալիս Նախիջևանի հետ միջանցք ունենալ։ Այս մասին բարձրաձայնելով՝ Ալիևը ի՞նչ է ակնկալում ֆրանսիական կողմից։
— Ոչ միայն ֆրանսիական կողմից, այլև՝ ընդհանրապես, Բաքուն հիմա խնդիր է դրել արագացնել Նախիջևան-Ադրբեջան ցամաքային կամրջի կառուցումը։ Կարծում եմ՝ շրջափակումն ու անցակետը, առավել ևս՝ հրադադարի խախտումները, ճնշամիջոց են՝ իրականացնելու այդ կամրջի կառուցումը։
— Այս համատեքստում կխնդրեի անդրադառնալ նաև ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությանը, որ երկու երկրները պետք է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն։
— Տարածքային ամբողջականության փոխճանաչման կոչը համընդհանուր է։ Բայց նաև շատ հասցեական հայտարարություն է արել՝ դատապարտելով Ադրբեջանին, որ չի կատարել միջազգային դատարանի որոշումը և միակողմանի անցակետ է տեղադրել։ Այս առումով հայկական լրատվադաշտը լուսարձակը պետք էր կենտրոնացներ Ֆրանսիայի հասցեական հայտարարությունների վրա։ Տարածքային ամբողջականությունների փոխճանաչումը պրահյան հայտարարությունների մաս է։ Բրյուսելյան գործընթացին ներգրավվել էր նաև Ֆրանսիան, և, այդ առումով, ֆրանսիացի դիվանագետը հետևողականություն է պահում։ Բայց Ֆրանսիայի ԱԳ նախարարի փոխանցած ամենակարևոր ուղերձը սա էր՝ «ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ»։ Այստեղ արդեն Մոսկվայի շրջանցումը կամ դուրսմղումն է հիմնական շարժառիթը։
— Առաջիկայում Ռուսաստանի տարածքում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք։ Այս քայլով Ռուսաստանը առաջ չանցա՞վ Արևմուտքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։
— Այո, մրցակցային այս փուլում Մոսկվան քայլ է անում․ բայց դրա նախապատրաստությունը կար Մոսկվայում՝ Միրզոյան- Լավրով հանդիպման ձևաչափով, որից հետո նշմարվեց երկկողմ հարթությունում հռետորաբանության մեղմացում։ Պաշտոնական Մոսկվան երկու օր առաջ հայտարարեց, որ աշխատում են հանգուցալուծել խնդիրները, և Երևանից ակնկալվում է փոխընդունելի լուծումներում ներդրում ունենալ։ Շրջափակողը, միակողմանի անցակետ տեղադրողը հրադադար շեշտողը կամ, ընդհանրապես, նոյեմբերյան համաձայնությունները խախտողը Ադրբեջանն է, և Երևանից ակնկալում են փոխընդունելի լուծումներ։ Սա, կարծում եմ, ուղերձ է, որ անցում է արվում նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության 9-րդ կետի նախափուլ։ Բաքուն 6-րդ կետի դիմաց 9-րդն է պահանջում։
— Էրդողանի առողջական վիճակը լավ չէ։ Նրա հեռանալու պարագայում քաղաքական ի՞նչ վերադասավորումներ կարող են լինել։
— Դժվար է կանխատեսելը՝ Էրդողանը կհեռանա՞, թե՞ կմնա։ Հարցախույզների արդյունքները տատանվող են։ Վերադասավորումներ կլինեն՝ անկախ արդյունքներից։ Երկրաշարժից հետո Թուրքիան հայտնվել է տնտեսական ծանրագույն պայմաններում, և դա ԱՄՆ-ից կախյալության խորացման կարող է բերել, ինչը կհանգեցնի, հատկապես արտաքին քաղաքականության ուղղությամբ, որոշակի փոփոխությունների։
— Այսքանից հետո ինչպե՞ս եք գնահատում Էրդողանի վերընտրվելու շանսերը, թե՞ հնարավոր է ընտրությունների հետաձգում։
— Չեմ կարծում, որ հետաձգվեն։ Անկարան փորձում է համոզել աշխարհին, որ Էրդողանը նորմալ շարունակում է իր աշխատանքները։
— Թուրքիայի ընտրությունների հետևանքով նոր վերադասավորումներ սպասվո՞ւմ է։
— Արդեն իսկ Մոսկվա-Անկարա մերձեցմամբ հատկանշվող հարաբերություններում նկատվում է փոփոխություն։ Անկարան վերացրել է վետոն Ֆինլանդիայի ՆԱՏՕ անդամակցությանը, արգելվել է արևմտյան ապրանքների՝ Թուրքիայով Մոսկվա ուղարկելը։ Միջին Արևելքում Դամասկոսը խիստ տոնայնությամբ է խոսում Անկարայի հետ։ Վերադասավորումներ անպայման կլինեն Թուրքիայի թե՛ ներքին եւ թե՛ արտաքին վեկտորներով։ Եվ սա՝ անկախ ընտրության արդյունքներից։ Միանշանակ է, որ Մոսկվան ուզում է, որ Էրդողանը մնա․ նույնքան պարզ չէ Վաշինգտոնի առաջադրանքը։ Պարզ է այն, որ ԱՄՆ-ի ազդեցությունը Անկարայի վրա տեսանելի է դառնում։
Հայկ Մագոյան