Բացի տուն և աշխատանք փնտրելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ․ Մհեր Մելքոնյան
Գլխավոր » Լրահոս » Բացի տուն և աշխատանք փնտրելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ․ Մհեր Մելքոնյան

Բացի տուն և աշխատանք փնտրելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ․ Մհեր Մելքոնյան

Բռնի տեղահանված արցախցիների հարցերով զբաղվում են նրանք, որոնց համար Ազատ և Անկախ Արցախը զրոյական նշանակություն ունի։ Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Մհեր Մելքոնյանը։ Պատգամավորն անդրադարձել է մարզում հաստատված արցախցիների հիմնական
խնդիրներին, դրանց լուծման ուղիներին, իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ վարվող քաղաքականությանը։

-Մոտավոր որքա՞ն է Շիրակի մարզում հաստատված արցախցիների թիվը և արդյո՞ք նախորդ տարեվերջի տվյալներին համեմատ՝ փոփոխություն կա։

-Առաջին իսկ օրվանից, երբ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները տեղահանվեցին և ժամանակավոր ապաստան գտան Շիրակի մարզում՝ միանգամից մեր ուշադրության կենտրոնում հայտնվեցին։ ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեին կից կյանքի կոչվեց հանձնախումբ, որն անմիջապես ձեռնամուխ եղավ աշխատանքների կազմակերպմանը։ Առաջին օրերի ընթացքում ՀՅԴ Շիրակի Մարզային կառույցի և ՀՕՄ-ի միջոցով օժանդակություն է տրամադրվել բռնի տեղահանված արցախցի շուրջ 300 ընտանիքի։

Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, 2023 թվականի հոկտեմբերի 30-ին հարցումներ ուղարկեցի Շիրակի մարզի վեց համայնքների ղեկավարներին՝ պարզելու, թե որքան արցախցիներ են ապաստան գտել մարզում։ Ստացված պատասխանների համաձայն՝ այդ պահի դրությամբ Շիրակում ապաստան էր գտել 1069 ընտանիք՝ 4094 արցախցի։ Նմանատիպ հարցում արեցի նաև 2024 թվականի հուլիս ամսին։ Այդ ժամանակ մարզում արցախցի մեր հայրենակիցների թիվը կազմում էր 1045 ընտանիք՝ 3880 անձ։

-Տեղյակ ենք, որ պարբերաբար հանդիպումներ եք ունենում Արցախից բռնի տեղահանվածների հետ, ի՞նչ հիմնական խնդիրների են նրանք բախվում և արդյո՞ք դրանց լուծում տրվում է։

-Մշտական կապի մեջ եմ եղել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ։ Բազմաթիվ հանդիպումների ընթացքում գույքագրել եմ խնդիրները, որոնց բախվել էին նրանք Շիրակի մարզում։ Մեր հայրենակիցների բարձրացրած խնդիրները խորքային էին, բազմաթիվ ու բազմաշերտ, որոնք շատ դեպքերում անհապաղ լուծում էին պահանջում։ Բացի տուն և աշխատանք փնտրելուց՝ արցախցիներն ունեն բազմաթիվ այլ խնդիրներ։ Մեր հայրենակիցների մոտ  դժվարություններ էին առաջանում ամեն քայլափոխի` բուժհաստատություններ, իրավապահ, սոցիալական ապահովության մարմիններին դիմելիս, ժամկետանց վարկային պարտավորությունների հետ կապված խնդիրները լուծելիս, երեխաներին կրթական հաստատություններում գրանցելիս։

Հնարավորության սահմաններում, թե՛ ես և թե՛ ՀՅԴ Շիրակի Մարզային կառույցի ընկերները փորձել ենք լուծումներ գտնել բազմաթիվ խնդիրների, որոնց բախվել են մեր հայրենակիցները։ Բայց, ամենացավալին այն էր, որ Արցախը դավաճանորեն թշնամուն հանձնելուց հետո, ՔՊ-ական խմբակը նույն օրակարգն արցախցիների նկատմամբ շարունակում է նաև այսօր՝ Հայաստանի Հանրապետությունում։ Բռնի տեղահանված արցախցիների հարցերով սկսեցին զբաղվել այնպիսի չինովնիկներ, որոնց համար Ազատ և Անկախ Արցախը զրոյական նշանակություն ունի։


-2025թ. բյուջեի նախագծի քննարկումներն էին ընթանում, նախագծում ներառված են արցախցիների աջակցության ծրագրեր, որոնք սակայն չեն բխում արցախցիների շահերից եւ ըստ կարիքների գնահատման չեն, այս ուղղությամբ բազմաթիվ անգամ իրենց դժգոհությունը ներկայացրել են նրանք, սակայն ապարդյուն, ի՞նչ կասեք այս ուղղությամբ։  

-Արդեն գիտեք, որ ՀՀ Կառավարության վերջին նիստում հաստատվեց Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության նոր ծրագիրը։ Համաձայն այդ ծրագրի՝ ՀՀ Կառավարությունը, 2025 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսների համար, հաստատել է աջակցության նորացված  ծրագիր, ըստ որի՝ տարվա ընթացքում աստիճանական կնվազեցվեն հատկացումները։ Այսպիսով՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ։ Այս ամիսների ընթացքում, մինչև մարտ ամիսը, աջակցության շահառուների շրջանակը կլինի գրեթե նույնը, ինչ եղել է 2024 թվականին։ Սակայն, 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսը ներառյալ, Կառավարությունն առաջարկել է սոցիալական աջակցության չափը սահմանել 40 հազար դրամ, միաժամանակ հասցեագրել բռնի տեղահանված առանձին խմբերի հետևյալ անձանց՝ մինչև 18 տարեկան երեխաներին կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձանց, 63 և ավելի տարիք ունեցող անձանց կամ կերակրողին կորցրածներին, ինչպես նաև առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։ Իսկ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսը ներառյալ աջակցությունը կշարունակեն նույն խմբերի համար, սակայն 30 հազար դրամի չափով։

Հոկտեմբերին՝ խորհրդարանական ընդդիմությունն առաջարկեց ԱԺ-ում ստեղծել բռնի տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիների կենսագործունեության պայմանների ուսումնասիրություն իրականացնող քննիչ հանձնաժողով, որին, սակայն, իշխող կուսակցությունը դեմ քվեարկեց։ Ինչպես տեսնում ենք, փաշինյանական կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի վերջնականապես փակի թե՛ Արցախի և թե՛ արցախահայերի հարցը։ Բայց ես վստահ եմ, որ Ազատ և Անկախ Արցախ նորից ենք ունենալու։

1