Ազգերի համերաշխությունը մի կողմով չի լինում, եթե բոլորը չցանկացան, ոչինչ չի փոխվի, կլինի այն, ինչ եղավ․Սոկրատ Խանյան
Հունվարի 22-ին լրացավ Արցախի բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ և ԱՀ գրողների միության անդամ Սոկրատ Խանյանի ծննդյան 95-ամյակը:
Արցախի գրական ըտանիքի անդամներն անակնկալ են մատուցել եւ շնորհավորել արցախցի վաստակաշատ գրականագետի հոբելյանը։
Արցախցի գրողն իր մարդկային նկարագրով ուրույն տեղ ունի մեր ժողովրդի արցախյան հատվածում ստեղծված մշակույթի հիմքում: Նրա լավագույն բանաստեղծությունները ներշնչանքի գեղեցիկ դրսևորումներ են:
Սոկրատ Խանյանը ծնվել է Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղում, ուր հայ բնակչությունը տեղափոխվել էր Արևմտյան Հայաստանից: Գյուղում յոթնամյա կրթություն է ստացել, հետո՝ տեղափոխվել հարևանությամբ գտնվող Էդիլուի միջնակարգ դպրոց:
Խանյանը երկար տարիներ աշխատել է Բաքվում՝ «Կոմունիստ» գրական թերթում, հետո նաև՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտում: «Վատ է, որ հարևանները հարևանություն չեն անում, բայց պիտի բոլորը ցանկանան խաղաղության մեջ ապրել: Ազգերի համերաշխությունը մի կողմով չի լինում, եթե բոլորը չցանկացան, ոչինչ չի փոխվի, կլինի այն, ինչ եղավ»,- նշել է նա:
1969 թ. Բաքվում պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը փակվելուց հետո Սոկրատ Խանյանը տեղափոխվել է Ստեփանակերտ և շարունակել դասախոսական աշխատանքն Արցախի պետական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնում որպես դոցենտ, 1991 թվականից՝ պրոֆեսոր։ 2002 թվականին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում պաշտպանել է թեզ՝ «Հայրենիքի ճակատագիրը հայ պոեզիայում (1950-1990-ական թթ.) թեմայով, արժանացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճանի, հեղինակ է բազմաթիվ բանաստեղծությունների, պոեմների եւ այլ ստեղծագործությունների։