Սեփականը, ազգայինը ճանաչողը հեշտությամբ յուրացնում է մյուսների թե՛ լեզուն, թե՛ գրականությունը
Գլխավոր » Լրահոս » Սեփականը, ազգայինը ճանաչողը հեշտությամբ յուրացնում է մյուսների թե՛ լեզուն, թե՛ գրականությունը

Սեփականը, ազգայինը ճանաչողը հեշտությամբ յուրացնում է մյուսների թե՛ լեզուն, թե՛ գրականությունը

Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան թիվ 11 ավագ դպրոցի ուսուցչուհի Մանուշ Բալայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց լեզվի և Հայ գրանակության առարկայական չափորոշիչներին:

Բազմամյա աշխատանքային փորձ ունեցող ուսուցչուհին վկայում է, որ սեփականը, ազգայինը ճանաչողը հեշտությամբ յուրացնում է մյուսների թե՛ լեզուն, թե՛ գրականությունը: Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Մանուշ Բալայանի գրառումը.

«Դժվար է խոսք ասել մասնագետների մասին, ովքեր երկու տարի աշխատել են փաստաթղթի վրա այն նկատակադրմամբ, որ վերջինս կբավարարի գործող ուսուցիչների տարիների պահանջը. այն է՝ բեռնաթափել ծրագիրը, փոփոխել և դարձնել հետաքրքիր ու առինքնող:

Կարծում եմ՝ հենց այս սկզբունքներով են առաջնորդվել մեր հարգարժան գործընկերները, սակայն կասկածում եմ, որ նրանք ի սկզբանե որոշած և կանխատեսած լինեին այսպիսի վերջնարդյունք:

Հանրային քննարկումներին հետևել եմ, որոշների տեսակետներին համամիտ եմ, կարծիք հայտնողների մի մասն էլ, ըստ իս, բավական խիստ ու սասանող խոսք է ներկայացրել, որը երբեք չափորոշչի մշակման աշխատանքներին չի նպաստի:

Ինչևէ, մի քանի նկատառումներ: Նախ՝ առարկայի անվան փոփոխության հետ կապված: ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ դիտվում է որպես հայագիտական առարկա, արդյո՞ք նույն առարկայախմբի մեջ պետք է ներառել, եթե այն պարզապես ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է թե՛ միջին, թե՛ ավագ դպրոցներում, և եթե այդ առարկայի ծրագրում հավասարապես ընդգրկված են օտար, ավելի ճիշտ, արևմտյան հեղինակների ստեղծագործությունները: Ուրեմն ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ առարկան կարելի է ներառել հասարակական ոլորտի առարկայացանկի մեջ կամ էլ ներկայացնել պարզապես որպես արվեստ ներկայացնող առարկա:

Ինչ վերաբերում է Մաշտոցին, Խորենացուն, Ոսկեդարի պատմիչներին, Նարեկացուն ու միջնադարյան մյուս հեղինակներին, ասեմ, որ եթե Խորենացու Պատմությունը մեծերի բնորոշմամբ «մեր ծննդյան վկայականն է», ապա նշված բոլոր մյուս անունները նմանապես ստեղծել են մեր ազգային ինքնությունը որոշող «փաստաթղթեր», առանց որոնց պարզապես չենք կարող ներկայանալի և ընդունելի լինել աշխարհում: Եվ նա, ով կրթվելու է այս ծրագրով, վաղը ներկայացնելու է մեզ աշխարհում:
Խոսում ենք Խորհրդային երկրի մասին, ուր ձգտում էին վերացնել ազգայինը, բայց ստացվում է՝ Սովետների երկրում մենք կարողացել ենք ավանդել ազգային ճշմարիտ արժեքներ, իսկ հիմա մեր իսկ ձեռքով կտրում ենք ազգայինը սնուցող զարկերակը: Վկայում եմ, որ ճիշտ ներկայացնելու և բառապաշարային որոշ դժվարություններ հարթելու դեպքում, աշակերտները հաճույքով են սովորում Խորենացի և Նարեկացի, Քուչակ և Այգեկցի:
Չմոռանանք, որ Ավ. Իսահակյանը Խորենացուն, Եղիշեին, Նարեկացուն և Աբովյանին համարել է մեր գրականության չորս հիմնարար սյուները, և մենք չենք կարող ամուր տուն կառուցել՝ առանց այդ սյուների:

Սեփական փորձառությունից ելնելով վկայում եմ՝ սեփականը, ազգայինը ճանաչողը հեշտությամբ յուրացնում է մյուսների թե՛ լեզուն, թե՛ գրականությունը:

Լրիվ համամիտ եմ, որ 21-րդ դարի աշակերտը պետք է տեղյակ լինի համաշխարհային գրականությանը: Եվ եթե ծրագրի մեջ իրոք ներառվում են համաշխարհային գրականության արժեքներ, ապա դա պետք է արվի անկողմնակալ ձևով. այսինքն չպետք է անտեսել Արևելքը և անդրադառնալ միայն արևմտյան գրականությանը, ի վերջո, Այթմատովն ու Դումբաձեն ոչ պակաս հանրահայտ ու տաղանդավոր են: Եվ չի խանգարի այն ուսումնասիրել որպես առանձին առարկա՝ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, օրինակ, 10-11-րդ դասարաններում մեկժամյա ընդգրկվածությամբ: Իմիջիայլոց, այս տեսակետը հնչեցվել է շատերի կողմից:

Այո՛, միջին դպրոցում ունենք ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ կոչվող առարկա, բայց, այնուամենայնիվ, ներկայացված են գերազանցապես հայ հեղինակները, այդ պատճառով ոչ մի անգամ նման խնդիր չի ծագել, իսկ ավագ դպրոցում միշտ եղել է ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ որպես հայագիտական առարկա:
Այդ դեպքում կունենանք հայագիտական ոլորտի լիարժեք առարկա՝ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որտեղ հնարավոր կլինի և պետք է ներառվեն նաև սփյուռքահայ հեղինակների հրաշալի ստեղծագործությունները, որոնք բավական ուսանելի են թե՛ հայրենասիրության, թե՛ բարոյագիտության և թե՛ լեզվագիտության տեսանկյուններից: Կարծում եմ այս տարանջատումից կշահեն հայ ու համաշխարհային մեծությունները, և, ինչու չէ, նաև աշակերտը:

Կարևոր եմ համարում ընդգծել, որ տասնամյակներ շարունակ Արցախը իր գրականությամբ դուրս է մնացել հայաստանյան գրական-քննադատական շրջանակներից: Գտնում եմ, որ չպետք է անտեսվի և տարանջատվի ո՛չ Արցախի գրականությունը, ո՛չ էլ պատմությունը: Բայց կարելի է հաշվի առնել Բագրատ Ուլուբաբյանի, Սարգիս Աբրահամյանի,Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի նման հեղինակներին, և ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ լիարժեք կփայլի՝ ներառելով հայկական լեռնաշխարհի բոլոր գույները:

Մենք պետք է տեր կանգնենք մեր ժողովրդի ստեղծած բոլոր արժեքներին՝ գիտակցելով այն բոլոր վտանգները, որ պայմանավորված են մեր հայրենիքի պատմաաշխարհագրական դիրքով և ոչ բարյացակամ հարևաններով: Ի դեպ, այս ամենը հաշվի առնելով՝ մեր դպրոցներում ուսուցանվող գրական ստեղծագործությունների առանցքային բովանդակությունը պետք է լինի հայրենասիրությունը, ազգային արժանապատվության գիտակցումը, ազգապահպանությունը:

Համաձայն եմ Վ. Կատվալյանի այն տեսակետին, որ հեղինակը կամ ստեղծագործությունը դասագրքում ընդգրկելու համար պետք է որոշակի ճանապարհ անցած , արժևորված, ժամանակի քննություն անցած և ինքնատիպ լինի, ուստի ժամանակակից հեղինակներին ընտրելիս պետք է զգույշ լինել՝ հաշվի առնելով նաև նրանց ասելիքի խորությունը, ուսանելի լինելը, դպրոցականի տարիքային առանձնահատկություններին համապատասխանելը: Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ ուսուցիչը որևէ ստեղծագործություն քննարկելիս անհարմարություն ու կաշկանդվածություն չզգա՝ աշակերտի տարիքին և կարգավիճակին ոչ հարիր հատվածների, ձևակերպումների և հարցերի առնչվելիս:
Ինչ վերաբերում է արդիականացմանը և երևակայության զարգացմանը, նշենք, որ արդիականացնել կարելի է ցանկացած ստեղծագործություն՝ անկախ նրա ստեղծման դարաշրջանից, և ստեղծարարություն կարելի է զարգացնել ցանկացած վերլուծության ժամանակ՝ ճիշտ մեթոդի ընտրության պարագայում:

Եթե չափորոշչում սահմանվում է եռաչափ կրթություն՝ հասկացություն- գիտելիք- կարողություն/հմտություն/, ու նրա բաղադրիչներից մեկը գիտելիքն է, ապա մեզանից յուրաքանչյուրը կվկայի , որ գիտելիքի ձեռքբերման ճանապարհին կարևոր նախապայման է նրա համակարգվածությունը: Տվյալ դեպքում կարևոր եմ համարում հեղինակների ներկայացման ժամանակագրության պահպանումը. սա հիմնարար սկզբունք եմ համարում պատճառահետևանքային կապերը բացատրելու և գրական ստեղծագործությունների ճիշտ վերլուծության համար: Ժամանակագրական հաջորդականությունը օժանդակում է գիտելիքների համակարգվածությանը:

Իհարկե, ճիշտ եմ համարում ուսուցչի աշխատանքային գործունեությանը ստեղծագործական ազատություն ու ինքնուրույնություն տալը, սակայն հետաքրքիր է իմանալ՝ ինչու մի հեղինակի դեպքում/ օրինակ՝ Թումանյանի/ հստակ սահմանվում են ուսուցանվող երկերը, մյուսի դեպքում/ օրինակ՝ Իսահակյանի / նշվում է մեկը պարտադիր, մյուսները՝ առաջարկվում է ընտրել ներկայացվածներից, իսկ մի այլ հեղինակի դեպքում / օրինակ՝ Մոպասանի/ մեկը նշված է պարտադիր, մյուս երկուսը՝ ուսուցչի և աշակերտի ընտրությամբ, և չի նշվում որևէ վերնագիր: էլ չեմ ասում, որ կան դեպքեր էլ, երբ առաջարկվում է հայ և արտասահմանյան տարբեր հեղինակների տարաբնույթ ստեղծագործություններից ընտրություն կատարել:Հարց է առաջանում. ինչպե՞ս են իրականացվելու արտաքին ստուգումները և քննությունները:

Գտնում եմ, որ ուսուցիչը, ինչպես միշտ, առավել շատ պարտավորություններ է հանձնառում, և ծրագրի ժամաքանակը ու թեմաների ուսուցման ընտրությունը մեծ պատասխանատվություն են դնում նրա ուսերին: Ուստի որքան հստակ ու ճիշտ ձևակերպված լինեն պահանջները, այնքան չափելի կլինի վերջնարդյունքը, այնքան հեշտ կլինի ուսումնական գործընթացի կազմակերպումը:

Պետք է նշել, որ Հանրակրթության պետական չափորոշչի վերջնարդյունքների սահմանումը հստակ է և բազմաբովանդակ, պահանջում է համակողմանի աշխատանք և ենթադրում է տարատեսակ մեթոդների համադրում:

Չափազանց կարևոր եմ համարում ՉԱՓՈՐՈՇՉԻ հետևյալ ձևակերպումները. «Սովորողը պետք է հայ և համաշխարհային գրականության օրինակով ճանաչի և վերարժևորի բարին, գեղեցիկը, վեհը» և «Վերաշարադրի մտապատկերում և երևակայության մեջ ծնված պատկերները»: Ուրեմն որքան զգույշ պետք է ընտրվեն ուսումնական նյութերը, որպեսզի կարողանան գեղեցիկ, վեհ և բարի պատկերներ ստեղծել դեռահասի մտապատկերում:

Հայոց լեզվի չափորոշչային պահանջները, վերջնարդյունքների սահմանումը, միջառարկայական կապերը մշակված են և տրամաբնական,միայն մեկ նկատառում ունեմ, որ վերաբերում է արևմտահայերենին. պետք է հնարավորինս օժանդակել գրական արևմտահայերենի յուրացմանը/ նաև ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ծրագրում սփյուռքահայ լավագույն հեղինակներին ներառելով/: Հայերենը հարուստ լեզու է առավելապես շնորհիվ լեզվի այդ տարբերակի լեզվական բազմապիսի իրողությունների , որոնք իրենց մեջ ներառում են նաև միջինհայերենյան բառային երևույթներ:
Ինչպես նշվեց, մենք պետք է տեր կանգնենք մեր մշակութային արժեքներին, իսկ լեզուն ամենամեծ մշակութային արժեքն է. նա իր մեջ ներառում է ազգի պատմությունը, արվեստը, մտածողությունը… Հայոց լեզուն մեր ազգի գոյության հիմքն է. այս աներկբայելի տեսակետն են հաստատել Մաշտոցը, որ իր ստեղծած ինքնատիպ այբուբենով ուղենշեց մեր գոյությունը, Աբովյանը, որ լեզուն ու հավատը կարևորեց ազգի պահպանման համար, Թեքեյանը, որ մտավախություն ուներ, թե իր գրած լեզվով գրքերը կմնան մի անկյունում…

Մանուշ Բալայան
ԱՀ ուսուցիչների վերապատրաստման
«ՆորԱրար» ՀԿ
Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոց»

1