Ազգային Գաղափարի հաղթանակն անխուսափելի Է
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » «Ապառաժ»-ի խմբագրական » Ազգային Գաղափարի հաղթանակն անխուսափելի Է

Ազգային Գաղափարի հաղթանակն անխուսափելի Է

Մայիսի 28-ը՝ որպես տոն օր, առաջին հերթին իր մեջ պարունակում է ազգային պետության հիմնադրման խորհուրդը: Պետականազուրկ ազգը ենթակա է ոչնչացման թե՛ առարկայական իմաստով եւ թե՛ ենթակայական հատկանիշների ոչնչացմամբ: Ազգի պահպանման ու զարգացման հիմնասյան՝ պետականության տոնն է Մայիսի 28-ը:

Ավելի քան 600 տարի պետականազուրկ հայը մայիսյան հերոսամարտերի, դրան նախորդած կեսդարյա ազգային զարթոնքի շնորհիվ, բազում զոհաբերությունների, արյան ու քրտինքի միջով հիմնադրեց պետական համակարգ, որի շնորհիվ այսօր առկա է Հայաստանը, Սփյուռքում գոյատեւում է հայությունը եւ սերունդ է մեծանում հայեցի դաստիարակությամբª ինչպես հայրենի հողի վրա, այնպես էլ՝ արտերկրում:

Խորհուրդներով լի այս օրվա տոնակատարությունը բախվում է մեր դժգույն ու դժբախտ իրականությանը: Իշխանությունների ապիկարության, ազգադավության, ստորաքարշության հետեւանքով օրեցօր խարխլվում են պետականության հիմքերը:

Ազգային պետության գաղափարական հիմք հանդիսացող արժեքների դեմ ծավալված ստահակների պայքարը հասել է մի կետի, երբ գլխավոր ստահակը առանց քաշվելու հպարտանում է պարտությամբ, հպարտանում է այն բանի համար, որ ինքը դեռեւս այնքան աներես է, որ համարձակվում է երեւալ ժողովրդի աչքին եւ բարբաջել՝ փոշիացնելով վերջին հույսն ու հավատը: Բախվում են վեհ գաղափարներն ու ստահակությունը, ճիշտն ու սուտը, ազնվականությունն ու «ժեխը»: Եվ այս բոլորը տեղի է ունենում հայրենիքի կորստի, հազարավոր նահատակների, թշնամու մոտ գտնվող գերիների, ազնիվ հայի հոգու ալեկոծությունների ու տրտմության համայնապատկերում:

Լրատվական հարթակներում  տարածվել է նահատակ զինվորների աճյունների լուսանկարը, որն արված է դիահերձարանի նկուղում: Կարծես թե կրկնվում է փետրվարյան ապստամբության նախօրյակին՝ 100 տարի առաջ, 1921թ. փետրվարի 16-17-ին կատարված ոճիրը, երբ բոլշեւիկների միջոցով թուրք դահիճների  ձեռմաբ Երեւանի բանտի նկուղներում կացնահարվեցին ազգային, ռազմական եւ քաղաքական դաշնակցական գործիչները: Նման են 100 տարի առաջվա եւ այժմյան պատկերները: 100 տարի հետո ահա հասել ենք նույն կետին:

1921թ. փետրվարին ապստամբությունը դարձավ ելք՝ զսպելու բոլշեւիկյան սանձարձակությունը: Հայրենիքի փրկությունն այսօր եւս հրամայական է: Բայց այնքան ժամանակ, քանի դեռ բոլշեւիկյան մտայնությունը կրող «սրանք» իշխանության ղեկին են, անկումն ու նվաստացումն ուղեկցելու են մեզ:

Հավատարիմ մնալով պետականության վերակերտման Մայիսի 28-ի խորհրդին՝ անխուսափելի է դառնում վերջին երեք տարիներին պետականությանը հասցված վնասների վերականգնումը հայ ազգի եւ հայրենիքի լինելիությանն ի խնդիր: Ինչ գնով էլ լինի, Փետրվարյան ապստամբության օրինակով պետք է զսպել թրքաբարո դուրսպրծուկներին:

Տուզիկ շան նման միայն տան բակում հաչողը, իրեն ՙգելխեղդ՚ երեւակայողն ու այլոց առաջ գառան նման խեղճացողն այլ ելք չունի, բացի զբաղեցրած աթոռը թողնելուց: Այդ արարածը իր ազգադավ գործունեության համար վաղ թե ուշ պետք է կանգնի նախ բարոյական, եւ ապա՝ իրավական դատարանի առաջ:

Մայիսի 28 կերտող ազգը չի կարող հանդուժել իր զավակների արյունով ու քրտինքով կերտված հայրենիքի կործանումը:

«Ապառաժ»-ի խմբագրական

31 մայիս, 2021թ.

1