Ճիշտ ծիլը՝ ազգային ամուր արմատների հիմք
Հեքիաթաթերապիա, տիկնիկաթերապիա, ազգային տիկնիկների պատրաստում և ամենակարևորը՝ ազգային արժեքների արմատավորում։ Այս նպատակն է հետապնդում 2020թ․ պատերազմից հետո Ստեփանակերտում բացված «Ծիլ» տիկնիկային ստուդիան։ Ստուդիայի հիմնադիր ղեկավար Արմեն Գաբրիելյանը նշում է, որ տիկնիկային ստուդիայի ստեղծման գաղափարը վաղուց կար։ «Ապրելով Շուշիում և վեց տարեկան հասակից լինելով Սոս Սարգսյանի անվան մանկապատանեկան թատրոնի դերասան՝ միշտ երազում էի սեփական թատրոն ունենալու մասին։ Չնայած Շուշիում էլ այդ գաղափարը կար, բայց ֆինանսի պատճառով չիրագործվեց։ Պատերազմից հետո հասկացա, որ պիտի ապրեմ Արցախում, հասկացա, որ պիտի ստեղծվի իմ երազած ստուդիան»,- ասում է նա։
Արմեն Գաբրիելյանի խոսքով՝ առաջնային գաղափարն այն էր, որ աշխատի հաշմանդամություն ունեցող երեխաների հետ։ «Տիկնիկային թերապիան դրական ազդեցություն է ունենում, ու ցանկանում էի, որ հաշմանդամություն ունեցող երեխաները շփվեն իրենց հասակակիցների հետ, տիկինիկաթերապիայի, հեքիաթաթերապիայի միջոցով սերտ կապ հաստատվի նրանց միջև։ Այսպես ստեղծվեց խումբը, ու սկսվեցին աշխատանքները։ Ընդգրկվեցին տեղահանված երեխաներ Հադրութից, Շուշիից, նաև աուտիզմ, դաունի համախտանիշ, խոսքային զարգացման խնդիր ունեցող երեխաներ ու սկսեցին միասին ստեղծագործել, տիկնիկներ պատրաստել»,- գաղափարի իրագործման մասին ներկայացնում է Արմեն Գաբրիելյանը։
Ստուդիան տեղակայված է «Պոլ Էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոն»-ի շենքում։ Թիմի անդամների թիվն անցնում է 50-ից, բոլոր աշխատակիցները կամավոր հիմունքներով են աշխատում։ Դասընթացավարները՝ մանկավարժներ, հոգեբաններ, արվեստի լավագույն մասնագետներ են, մի մասը ՀՀ-ից է և հեռավար է վարում աշխատանքը։ Համագործակցում են Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հետ, կան մասնագետներ ԱՄՆ-ից, Իտալիայից, որոնք հեռավար դասընթացներ են անցկացնում։
Տիկնիկային ստուդիայում հատուկ ուշադրություն են դարձնում ազգային բաղադրիչին, պատրաստում են ազգային տիկնիկներ՝ Նուրի, Ակլատիզ, Կարապետ, պարապմունքներն ուղեկցվում են ազգային երգով ու պարով։ Մի առանձնահատկություն էլ ունի «Ծիլ»-ը։ «Մեր ներկայացումները միայն արցախյան բարբառով են, սկսեցինք ուսումնասիրել ենթաբարբառները և արդեն բեմադրություն ունենք Մարտունու, Հադրութի, Շուշիի բարբառներով։ Հանդիսատեսը դա մեծ ոգևորվածությամբ է ընդունում, քանի որ ավելի ծանոթ է ու ավելի հեշտ է ընկալվում ներկայացումը։ Նաև ներկայացումների ժամանակ ավանդական խաղեր ենք ընդգրկել։ Օրինակ՝ «Բարեկենդան» ներկայացման մաս են կազմում ավանդական խաղերը, ազգային պարերը»,- նշում է ստուդիայի ղեկավարը։
Բացի Ստեփանակերտի մանկապարտեզներում, դպրոցներում ունեցած ներկայացումներից, տիկնիկային ստուդիան բազմիցս հյուրախաղեր է ունեցել Արցախի շրջաններում, եղել համարյա բոլոր գյուղերում։ Արմեն Գաբրիելյանը հատկապես առանձնացնում է վերջերս Մարտունու շրջանում ունեցած հյուրախաղերը, որն իրականություն է դարձել Շանթ Չարշաֆճեանի, «Լորիկ» մարդասիարական հիմնադրամի աջակցությամբ։ Եղել են Մարտունու շրջանի համարյա բոլոր գյուղերում, սակայն վառելիքի բացակայության պատճառով ծրագիրը կիսատ է մնացել։ Խոսելով շրջափակման հարուցած մյուս դժվարությունների մասին՝ Արմեն Գաբրիելյանը նշում է, որ այս ամիսներին չեն դադարեցրել գործունեությունը, ոտքով էին տեղից տեղ շարժվում՝ իրենց հետ տանելով նաև դեկորացիաները։ Նաև երեխաների հաճախելն է դժվարացել՝ տրանսպորտի բացակայության պատճառով։ Խոսելով ստուդիայի անվանման մասին՝ հիմնադիրը նշում է, որ այն դաստիարակչական նշանակություն ունի։ «Եթե փոքրուց ճիշտ ծիլ դնենք երեխաների մեջ ու այն ազգային գաղափարի շուրջ հավաքող լինի, ապա այդ ծիլը հաստ, ամուր արմատներ է տալու Արցախում, և մենք լավ բերք ենք հավաքելու»,- համոզված է Արմեն Գաբրիելյանը։
Լուսանկարները՝ «Ծիլ» տիկնիկային ստուդիայի ֆեյսբուքյան էջից