Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց
Գլխավոր » Երիտասարդական » Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

Ազատություն հայ գերիներին․ բողոքի ցույց ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության կազմակերպությամբ, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, Մարդու իրավունքների պաշտպանության օրը, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի առջեւ տեղի ունեցավ բողոքի ցույց:

Ցույցի նպատակն էր միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների ոտնահարված իրավունքներին:

Երիտասարդները պահանջում էին, որպեսզի ՄԱԿ-ի պատասխանատուները գործուն քայլեր ձեռնարկեն հայ գերիների վերադարձի ուղղությամբ։

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության ատենապետ Միրո Սարգսյանը անգլերենով ուղերձ հղեց ՄԱԿ-ին եւ միջազգային կառույցներին:

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության Վահան Հովհաննիսյան ազգային-քաղաքական դպրոցի պատասխանատու Տարոն Ղազարյանը հայտարարեց. «Երկու տարուց ավելի մեր հայրենակիցները Բաքվի բանտում պատանդառության մեջ են, եւ մենք պահանջում ենք ՄԱԿ-ից ու մյուս միջազգային կառույցներից իրապես հետամուտ լինել հումանիտար իրավունքի իրացմանը, պատանդառված մեր հայրենակիցների շուտափույթ ազատ արձակմանը»:

«Մենք հետեւողականորեն հետապնդում ենք այս խնդիրը, եւ սա մեր առաջին բողոքի ցույցը չէ: Մեր պահանջը միայն ՄԱԿ-ին ուղղված չէ, այլ բոլոր այն միջազգային կազմակերպություններին, որոնք ունեն հանձնառություն: Բողոքի ցույցեր տեղի են ունեցել նաեւ այլ կազմակերպությունների ներկայացուցչությունների առջեւ եւ կրկին տեղի կունենան: Սրանք կազմակերպություններ են, որոնք ունեն հանձնառություն եւ ամեն առիթով խոսում են մարդու իրավունքների պաշտպանությունից, հիմնարար ազատություններից, ունեն բազմաթիվ լծակներ, որոնցով կարող են ճնշումներ բանեցնել Բաքվի վրա»,-ասաց Տարոն Ղազարյանը:

Ցույցի ավարտին երիտասարդները իրենց պահանջները ներկայացնող նամակ փոխանցեցին ՄԱԿ գրասենյակի ներկայացուցչին։

1