Ազատաշունչ երաժշտության արցախյան հասցեն. այսօր ջազի միջազգային օրն է
Գլխավոր » Լրահոս » Ազատաշունչ երաժշտության արցախյան հասցեն. այսօր ջազի միջազգային օրն է

Ազատաշունչ երաժշտության արցախյան հասցեն. այսօր ջազի միջազգային օրն է

ՅՈՒՆԵՍԿՕ-ի  ընդունած բանաձևի  համաձայն`  2011 թվականից,  ապրիլի 30-ին նշվում է Ջազի միջազգային օրը:  Երաժշտարվեստի այս ժանրի միջազգային օրն  Արցախում նշվում է սկսած 2018 թվականից: Մեզ հետ զրույցում ասաց  Արցախի պետական ջազ նվագախմբի  գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Տիգրան Լալայանը` հավելելով, որ մեր հանրապետությունում   ջազ նվագախմբի  ստեղծման մտահղացումը    2004 թվականին էր: Բավականին աշխատատար ու դժվարին նպատակը հետևողական գործունեության շնորհիվ   հաջողությամբ պսակվեց: Արդյունքում  արդեն 2006-ին նվագախումբը պետական կարգավիճակ ստացավ:

Հաջորդ տարում` 2007-ին,  Արցախի ջազ նվագախումբը մասնակցեց միջազգային փառատոնի, որն առաջին ելույթն էր մեծ բեմում: Մինչ այդ,  կայացել էր նաև համերգ Ստեփանակերտում: Գեղարվեստական ղեկավարի խոսքով,  Արցախի պետական ջազ նվագախումբն այս ընթացքում մի շարք հաջողություններ է արձանագրել` տեղական ու միջազգային բեմերում մասնակցելով  մի շարք  փառատոների ու համերգների: Արդյունքում  արցախցի ջազմենները լայն ճանաչում են  ձեռքբերել ինչպես հայ այնպես էլ արտասահմանցի արվեստակիցների ու  հանդիսատեսի շրջանակներում:

-Այսօր` Ջազի միջազգային օրվա առթիվ  նախատեսել  էինք մեծ համերգ ունենալ, որին պիտի մասնակցեին նաև համույթներ Բրազիլիայից ու Կուբայից:  Ցավոք, Նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով համերգը չեղարկվեց: Հարկ է նշել, որ մինչ այս հայկական ոճի ջազի ներկայացմամբ  համերգներ ենք ունեցել նվիրված Մարտին Վարդազարյանի և Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյաններին :  Այս ընթացքում Երևանում մասնակցել ենք նաև «Ջազը հանուն խաղաղության» /Make Jazz Not War/
խորագրով համերգին: Այսօր էլ մենք շարունակում ենք նոր կատարումներով ու ստեղծագործություններով թարմացնել մեր ցանկը՝ արդարացնելով մեր հանդիսատեսի սպասելիքները,-մանրամասնեց Տ. Լալայանը` ընդգծելով, որ ձեռքբերած Արցախում, Հայաստանում և արտասահմանում ունեցած  լայն ճանաչումն ու հանդիսատեսի համակրանքը,    Արցախի պետական ջազ նվագախմբին  պարտավորեցնում է շարունակաբար  բարձր պահել  սահմանած նշաձողը:   
Ինչպես տեղեկացրեց  մեր զրուցակիցը   օրվա առթիվ,  նախատեսվում է Արցախի պետական ջազ նվագախմբի ընդունելություն` Մշակույթի,  երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարի կողմից`   նվագախմբի անդամներին  անձամբ  շնորհավորելու  ու  շնորհակալագրեր հանձնելու համար:

Տեղեկացնենք նաև, որ այսօր` Ջազի միջազգային օրվա առթիվ,   շնորհավորական ուղերձ է հղել նաև Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության   նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը.

-Շնորհավորում եմ ջազի սիրահարներին ու ջազ երաժիշտներին Ջազի միջազգային օրվա կապակցությամբ։
Ջազն ազատություն է, խենթություն է ու արկած։ Կլանվելով ջազի հնչյուններով՝ ունկընդիրը, երաժիշտների հետ միասին, դառնում է խենթ արկածի մի մասն ու տրվում ազատությանը։
Ուրախ եմ, որ ջազի վարակիչ ռիթմը Արցախում պարբերաբար լսելու հնարավորություն ունենք։ Եվ դա շնորհիվ Արցախի պետական ջազ նվագախմբի (ստեղծվել է 2004 թվականին, գեղարվեստական ղեկավար, հիմնադիր Տիգրան Լալայան)։ Առանձնահատուկ շնորհավորանքներս Արցախի Ջազ Բենդին, որ զարգացնելով հայաստանյան ջազի ավանդույթները՝ արցախյան ջազի հիմքը դրեց ու հաջողությամբ ներկայանում է միջազգային բեմերում։
Ջազի սիրահարներին մաղթում եմ բազում առիթներ՝ ունկընդրելու պրոֆեսիոնալ երաժիշտների հրաշալի կատարումներ, երաժիշտներին էլ՝ հավատարիմ հանդիսատես ու ստեղծագործական թռիչք,- մասնավորապես ասված է նախարարի ուղերձում:  

Վան Նովիկով

1