Ազատամարտիկները պետք է օրենքով ամրագրված արժանավայել կեցություն և սոցիալական բարձր կարգավիճակ ունենան
Գլխավոր » Հասարակական » Ազատամարտիկները պետք է օրենքով ամրագրված արժանավայել կեցություն և սոցիալական բարձր կարգավիճակ ունենան

Ազատամարտիկները պետք է օրենքով ամրագրված արժանավայել կեցություն և սոցիալական բարձր կարգավիճակ ունենան

Արցախյան ազատամարտի մասնակիցների և Պաշտպանության բանակի զորացրված սպաների սոցիալական ու բնակարանային ապահովման ներկայիս  խնդիրների, ինչպես նաև  դրանց լուծման կարևորության ու տեսլականի վերաբերյալ «Ապառաժ»-ը զրուցել է  ազատամարտիկ,  ԱՀ Պաշտպանության  բանակի զորացրված սպա, պահեստազորի գնդապետ,  ՀՅԴ Արցախի Մարտակերտի կոմիտեի ներկայացուցիչ Ալիկ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, ինչպես հայտնի է՝ Դաշնակցությունը նախընտրական ծրագրով առաջարկում է     զինված ուժերից զորացրված զինծառայողների կարգավիճակ ու նույնօրինակ  հավելավճար սահմանել  կենսաթոշակային տարիքի ազատամարտիկների համար: Ինչպիսի առանձնահատկություններ ունի այս խնդիրն ու ինչ կարևորություն ունի դրա լուծման ուղղությամբ ՀՅԴ առաջարկած  ծրագրային դրույթը: 

-Ազատամարտիկներից շատերը, ովքեր պատվով են իրականացրել հայրենիքի պաշտպանության իրենց առաքելությունը, ներկայումս  անուշադրության են մատնված պետության կողմից: Նրանց  գործը չի արժևորվել: Ճիշտ է, զոհված ազատամարտիկների ընտանիքների  ու պատերազմի հաշմանդամների  սոցիալական խնդիրները միշտ պետության հոգածության ներքո են եղել, սակայն պատերազմի բովով անցած և պատահականությամբ ողջ  մնացած մարդիկ, ովքեր մեր հաղթանակի քայլող վկաներն են հասարակության մեջ, պետության կողմից  համապատասխան ուշադրության չեն արժանացել: Դա առաջին հերթին լուրջ հարված է երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը, քանի որ հաղթանակը կերտող ազատամարտիկներից շատերին արժանին չի մատուցվում ու չի ներկայացվում հանրությանը: Հասել ենք այն իրավիճակին, որ պատերազմի դաշտում բազմաթիվ սխրագործություններ կատարած մարդը վախենում է հասարակության մեջ խոսել իր մարտական ուղու մասին: Նրանցից շատերն ընկճված են,  հասարակությունից կողմ քաշված ու ինչ -որ տեղ՝ նույնիսկ մեղավորի կարգավիճակում և ոչ թե հաղթողի: Ցավոք սրտի, հասարակության մեջ մտայնություն է ձևավորվել, որ պատահականորեն ողջ վերադարձած ազատամարտիկիների սխրանքն անտեսվում է ու չի գնահատվում:  Այս խնդիրը գլխավորապես պայմանավորված է օրենսդրական դաշտում առկա բացով: Պետք էր օրենքով ամրագրված այնպիսի մթնոլորտ ստեղծել, որպեսզի ազատամարտիկների այդ խավը արժանավայել կեցություն ունենա ու  հասարակության մեջ բարձր սոցիալական և բարոյական դիրք զբաղեցնի: Այդ  աչքաթողության պատճառով մենք նաև ազգային  ոգի ենք կորցնում: Այդուհանդերձ, սխալը շտկելու համար դեռ ուշ չէ: Նրանցից  շատերը դեռ մեր շարքում են:   Որպես  Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, Դաշնակցության  գլխավոր խնդիրներից է՝ զբաղվել ազատամարտիկների  արժանապատիվ ապրելու իրավունքի վերականգնմամբ: Դա շատ կարևոր է ոչ միայն ազատամարտիկների, այլ նաև մատաղ սերնդի ռազմահայրենասիրական ճիշտ դաստիարակության համար, որը պատերազմական դրության մեջ գտնվող մեր պետության համար կարևոր ուղղություններից է: Այս բացթողումը շտկելու առաջնահերթ քայլերից  պետք է լինի օրենսդրական դաշտի կարգավորումը:

-Պարոն Սարգսյան, մինչ զորացրվելը դուք նաև զորամասի բնակարանային ապահովման հանձնաժողովի նախագահն եք եղել և զբաղվել եք նաև ինչպես գործող, այնպես էլ թոշակառու սպաների բնակապահովման հարցերով: Բավարա՞ր եք համարում արդյոք զորացրված սպաների   բնակարանային ապահովվածությունը: Ինչպիսի սոցիալական խնդիրների են այսօր բախվում զորացրված սպաները:

-Զորացրված ու թոշակի անցած սպաների սոցիալական պայմանների և բնակարանային ապահովման  հարցում  ևս լուրջ խնդիր ունենք: Կան սպաներ, ովքեր 20 տարի ծառայելուց հետո անցնելով թոշակի՝ չունեն  բնակարան,  որոշ դեպքերում էլ՝ բնակարանի  վարձակալման համար պետության կողմից նախատեսվող գումար չեն ստանում: Պայմանագրով պետությունը պարտավորվում է սպային ապահովել բնակարանով: Այս առումով՝ հիփոթեքային վարկավորմամբ սպաների բնակարանային ապահովման խնդրի  լուծումը  ճիշտ չեմ համարում, քանի որ անհատույցի փոխարեն պետությունը, կարելի է ասել,  պարտքով է տուն տալիս սպաներին: Նույնիսկ կարելի է այսպես ձևակերպել, որ սպայի հաշվին պետությունը տուն է առել և տրամադրել նրան: Այս խնդրի լուծման վերաբերյալ իմ տեսլականը համառոտ ու հստակ է՝ պետությունը պարտավոր է ֆինանսական միջոցներ հատկացնել սպաներին անհատույց կերպով բնակարաններով ապահովելու համար:

Ինչ վերաբերում է զորացրված սպաների սոցիալական խնդիրներին, ապա դեպքեր կան, երբ թոշակի անցած, բավականին բարձր կոչումով սպան սոցիալ-կենցաղային կարիքից դրդված ստիպված է իր կոչմանն անհարիր աշխատանքով զբաղվել: Այս օրինակը բացասական է անդրադառնում սպաների և սպայական ծառայության անցնելու ցանկություն ունեցողների վրա: Ներկայումս մեր գլխավոր խնդիրներից է, որ զորացրված, պահեստազորային սպան հասարակության մեջ ցածր սոցիալական դիրք է զբաղեցնում: 

Պետք է այնպիսի օրենսդրական հիմքեր ստեղծել, որպեսզի սպայական խավը դառնա վաղվա ազնվականությունը, միաժամանակ՝ որպեսզի հետագայում անհրաժեշտ թվաքանակով, որակյալ ու  գործող  սպայական անձնակազմ ունենանք, որը հասարակության մեջ մեծ հեղինակություն կվայելի: Սպան մեր բանակի ողնաշարն է:

Ալիկ Ասծատուրի Սարգսյանը ծնվել 1965 թվականի հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում:

1990 թվականի հոկտեմբերի 24-ին ընդհատակյա մարտական առաջադրանք կատարելիս ձերբակալվել է  ԽՍՀՄ ՊԱԿ-ի կողմից Մարտակերտի շրջանի Քաջավան գյուղում և մինչև 1992 թվականի ապրիլի 11-ը գտնվել Շուշիի և Բաքվի բանտերում: Ադրբեջանի Գերագույն դատարանի կողմից 1991 թվականին բռնադատվել է 8 (ութ) տարվա ազատազրկման: 1992 թվականին ազատ է արձակվել փոխանակման միջոցով: 1988 թվականից եղել է Արցախյան շարժման ակտիվ մասնակից: Մասնակցել է Բերդաձորի ինքնապաշտպանությանը և մի շարք ընդհատակյա պարտիզանական գործողությունների: 1992-1994թթ., որպես 5-րդ ՊՇհրամանատարի տեղակալ, մասնակցել է  մարտական գործողություններին:

1992-1995թթ. ծառայել է ՊԲ շարքերում՝ զբաղեցնելով զինվորական տարբեր պաշտոններ: Այնուհետև, 1995-2002թթ. աշխատել է  Կոճողոտի միջնակարգ դպրոցում՝ որպես մաթեմատիկայի և ֆիզիկայի ուսուցիչ, իսկ  2002-2018թթ. կրկին անցել է զինվորական  ծառայության Արցախի Պաշտպանության բանակում՝ զբաղեցնելով զորամասի և զորամիավորման հրամանատարի տեղակալի պաշտոններ: Արդեն 2018 թվականից որպես պահեստազորի գնդապետ աշխատում է  ք. Մարտակերտի Վ. Մինասյանի անվան համար 2 դպրոցում:

Պարգևատրվել է մի շարք պետական և գերատեսչական մեդալներովՀՅԴ շարքերում է  1989 թվականից:

Վան Նովիկով

1