Ազատամարտիկ Կարինե Աղեկյան
Գլխավոր » Լրահոս » Ազատամարտիկ Կարինե Աղեկյան

Ազատամարտիկ Կարինե Աղեկյան

Հայ կինը դեռևս անհիշելի ժամանակներից  մեծարվում է մեր ժողովրդի կողմից, քանի որ համարվում է «մայր աղբյուր», նոր կյանք ու շունչ պարգևող: Մեր օրերում կնոջ պաշտամունքը դրսևորվում է Աստվածամոր կերպարանքով: Հայ կանայք իրենց բնորոշ նուրբ, քնքուշ ու խոնարհ կերպարին զուգահեռ՝ նաև հայ տղամարդու համար ամուր թիկունք են հանդիսացել: Նրանք իրենց շրջադարձային դերակատարությունն են ունեցել հայոց պատմության ռազմական և քաղաքական ասպարեզներում: Դեռևս հին ժամանակներում հայերն ունեցել են նաև կին թագուհիներ, որոնք պատերազմի ժամանակ առաջնորդել կամ համախմբել են ժողովրդին: Նորագույն պատմության շրջանում հայ կանանց քաղաքական-հասարակական գործունեության ակտիվացումն սկսել է 19-րդ դարի սկզբներին, որի վառ օրինակներից է Սոսե մայրիկի գործունեությունը:

Մերօրյա իրականության մեջ հայ կանայք իրենց ակտիվ ներդրումն են ունեցել Արցախյան ազատագրական շարժման կազմակերպման, ընթացքի, այնուհետև նաև պատերազմի դաշտում՝ որպես բժիշկ, խոհարար, դիպուկահար: Այդպիսի կանանցից է արցախյան 3 պատերազմների մասնակից, դիպուկահար Կարինե Պարսամի Աղեկյանը:

Հայ ազատամարտիկ, առաջին կարգային թեթև ատլետ և դիպուկահար Կարինե Աղեկյանը ծնվել է 1958թ. փետրվարի 10-ին Երևանում:

1979թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը:

1989-1994թթ. տարբեր կամավորական ջոկատների կազմերում մասնակցել է Հայաստանի և Արցախի մի շարք շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

Ըստ Գորիսի տարածաշրջանի ԵԿՄ նախագահ Հ. Ասրյանի՝ Կարինե Պարսումի Աղեկյանը 1991-ից մինչև 1994թ. մայիսյան զինադադարը եղել է Շուռնուխ և Որոտան կամավորական ջոկատում: Ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ սահմանների պաշտպանությանը, այդ թվում՝ Շուռնուխ, Որոտան, Խնձորեսկ, Տեղ, Կորնիձոր, Խոզնավար գյուղերի պաշտպանությանը:

1992թ. մայիսի 5-ից մինչև 1992թ. հոկտեմբերի 26-ը մասնակցել է Բերձորի, Սաֆյանի և մի շարք այլ բնակավայրերի ազատագրմանը:

1993թ. մասնակցել է Սանասարի ազատագրմանը:

1993թ. դեկտեմբերի 25-ին մասնակցել է Ջրականի ազատագրմանը:

1994թ. հունվարի 5-ից մինչև 1994թ. ապրիլի 24-ը մասնակցել է Հորադիզի, Շուքուրբեյլիի ազատագրմանն ու պաշտպանությանը:

2016թ. մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին, եղել է «Եղնիկներ»-ում:

2020թ. մասնակցել է 44-օրյա պատերազմին:

Կարինե Աղեկյանը մի քանի անգամ վիրավորվել, ապա ապաքինվել և վերադարձել է մարտադաշտ:

1993-ից ընտանիքով հաստատվել է ԱՀ Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում:

Աղավնո համայնքի ղեկավար Անդրանիկ Չավուշյանի խոսքով՝ Կարինե Աղեկյանը երկար տարիներ աշխատել է Աղավնոյի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ:

«Մասնակից է եղել բոլոր երեք պատերազմներին էլ, սակայն պատերազմից հետո հիվանդացել և մահացել է: Մինչև պատերազմի վերջին օրը զենքը ձեռքին գյուղում էր, իսկ դրանից առաջ իրենց ջոկատի հետ Ջրականում մարտերի է մասնակցել»,-նշել է Ա. Չավուշյանը:

Կարինե Աղեկյանի միջնեկ դուստրը՝ Աննա Թադևոսյանը, «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց, որ իրենց ընտանիքը 1993-ին է հաստատվել Աղավնոյում, իսկ նախքան այդ, 1989-ից դուրս են եկել Երևանից: Կարինե Աղեկյանը իր երեխաների հետ  ջոկատի կազմում մեկնել է Սյունիք, այնտեղից էլ տարբեր մարտական գործողությունների մասնակցելով՝ աստիճանաբար հասել Աղավնո:

«Մենք 3 քույր էինք: Ամեն ինչ այնքան էլ լավ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ մայրս մեզ թողնում էր Սյունիքի գյուղերից մեկի մանկապարտեզում, իսկ ինքը ջոկատի հետ մեկնում՝ ռազմական գործողություններին մասնակցելու»,-նշում է Աննա Թադևոսյանը:

Կարինե Աղեկյանը դուստրերին առաջին պատերազմի ժամանակ պատմում էր թուրքերի հնարավոր դաժանությունների մասին և սովորեցնում, թե ինչ պետք է անեն, եթե հանկարծ գերի ընկնեն:

«1992թ. մայիսի 2-ն էր, շատ լավ հիշում եմ՝ ձնառատ օր էր, և Գորիս-Կապան ճանապարհը փակվել էր, իսկ մենք 3 քույրերով մայրիկի հետ սարերում էինք: Նա այդ ժամանակ մի նռնակ տվեց՝ ասելով՝ գիտեք՝ ինչ պետք է անեք: Բարեբախտաբար, այն գործածելու անհրաժեշտություն չկար»,-ասում է Ա. Թադևոսյանը:

Արմատներով լինելով Մուշից՝ Կարինեն իր նախնիներից է ժառանգել հայրենասիրությունն ու  ռազմական գործի նկատմամբ հակումը:

«Նա մեզ էլ է փոխանցել այդ հայրենասիրությունը: Նա ասում էր, որ հայն իր երկրին է պետք, հայը պետք է պայքարի, հայը պետք է հաղթի»,-նշում է Ա. Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ կապ չունի, որ իրենք աղջիկ էին, իրենք էլ իրենց հերթին պետք է ներդրում ունենային այս երկրի համար:

«Մենք եկել էինք Աղավնո ոչ թե գոյության կռիվ տալու, այլ ապրելու, ծառ տնկելու, քարը քարի վրա դնելու, ու կապ չունի, որ մենք աղջիկ երեխաներ էինք, մենք այդ դաստիարակությունն էինք ստացել»,-ասում է Ա. Թադևոսյանը:

Աննա Թադևոսյանը 44-օրյա պատերազմի օրերին էլ մոր օրինակով փորձել է օգտակար լինել պատերազմի մեջ գտնվող հարազատ երկրին: Նա մոր նման մինչև պատերազմի վերջին օրը եղել է Արցախում:

«Ես մինչև վերջին օրը Ստեփանակերտում էի, և զինվորների համար հաց էինք թխում: Մայրս հաճախ էր փորձում համոզել ինձ, որպեսզի լքեմ Արցախը, սակայն ես նրան հարցնում էի՝ արդյո՞ք նա կլքեր իրեն վստահված մարտական դիրքը, մենակ կթողնե՞ր իր զինակիցներին և կգնա՞ր, իսկ նա պատասխանում էր՝ ոչ, ինչպե՞ս կարող է լքել իր զինվորին: Ես էլ ասում էի, որ սա էլ իմ դիրքն է, և կապ չունի, թե ինչ զինատեսակով եմ կրակում»,-նշում է Ա. Թադևոսյանը:

Նրա խոսքով՝ այս պատերազմին ևս Կարինե Աղեկյանն իր ջոկատի հետ Ջրականում մասնակցել է մարտական գործողություններին, սակայն պատերազմից վերադարձել է կոտրված: Մասնակցել է Քաշաթաղի պաշտպանությանը, այնուհետև պատրաստվում էր զենքը ձեռքին պաշտպանել Աղավնոն, և չէր պատրաստվում լքել գյուղը, անգամ եթե այն պետք է գրավվեր թշնամու կողմից:

Կարինե Աղեկյանը մահացել է 2021 թվականի հունվարի 29-ին, 63 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից։ Ամփոփվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

«Նա մայր էր, որի սիրտը չդիմացավ Արցախի կորստին»,-նշել է Ա. Թադևսյանը:

Կարինե Աղեկյանը պատերազմից հետո ռեպորտաժում ասել էր, թե մղկտում է իր սիրտը, երբ նայում է Արցախի դրոշին:

«Ի՞նչ արեցին մեր ղեկավարները: Սկուտեղի վրա նվեր տվեցին էրդողանին»,-ասել է Կ. Աղեկյանը:

Նրա խոսքով՝ գյուղն իր բնակիչներով է գյուղ, և եթե պետք լիներ, իրեն կպայթեցներ իր տան մեջ, սակայն գերի չէր ընկնի:

Նա զարմանում էր իր վրա, որ չի խելագարվել: «Աչքերիս դիմաց մեր զինվորները օդի մեջ կտոր-կտոր են եղել, իսկ դա տեսե՞լ են մեր ղեկավարները»,- ասել է նա:

Կարինե Աղեկյանը ոգեշնչվել էր իր հորեղբայրներից, ովքեր եղել են Անդրանիկի զինվորները, իսկ իր 7 թոռնիկների համար ոգեշնչման  ու հպարտության աղբյուր դարձավ հենց ինքը՝ Կարինեն՝ սեփական օրինակով ցույց տալով իր նվիրվածությունը հայրենիքին:

Կարինե Աղեկյանը   հայրենիքի պաշտպանության գործում ունեցած մեծ ավանդի համար պաշտպանական մի շարք գերատեսչությունների կողմից արժանացել է  ԼՂՀ «Մարտական ծառայություն», ՀՀ  Զինված ուժերի «Վազգեն Սարգսյան», «Դրաստամատ Կանայան» մեդալների,  ԵԿՄ «Եռասերունդ երկրապահ», «Հայաստանի Երկրապահ» և մի շարք այլ հուշամեդալների և պատվոգրերի:

Վահագն Խաչատրյան

 

 

 

1