Ազատագրված Շուշիում նորից հայկական երգի հնչյունները տարածելու հավատով

Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում սեպտեմբերի 2-ին և 3-ին կայացել է Հանրապետության հռչակման 30-ամյակին նվիրված համերգ՝ «Երգող Արցախ» խորագրով: Նախագծի հեղինակը 1992թ. Շուշիում գործող «Վարանդա» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, Արցախի Արվեստի վաստակավոր գործիչ Զաքար Քեշիշյանն է:
Երգացանկը կազմված է Շուշիում գործող երգչախմբի 164 երգերից, որոնք անցած 29 տարիներին հնչում էին Շուշիում և տարբեր բեմերում: «Վաղվա օրվա հավատն է ինձ այստեղ բերել, և եթե դուք այստեղ եք, ուրեմն հավատում եք վաղվա օրվան, այլապես ոչ ես այստեղ կլինեի, ոչ դուք»,- նշել է ազատագրված Շուշիում նորից հայկական երգի հնչյունները տարածելու հավատով ապրող արվեստագետը: