Այժմ միայն հիշողությամբ եմ այցելում արցախյան բոլոր ճանապարհներով
ՀՆԱԴԱՐՅԱՆ ԲԵՐԴԸ ԺԱՅՌԵՐԻ ՎՐԱ
Սա Հայաստան է և, վերջ… Լ. Ազգալդյան
Իսկ այստեղ /գտնվող/ անառիկ ամրոցները, որ անհասանելի են մարդկանց մուտքին, և միայն տերը կարող է մատչելի դարձնել… Ստեփանոս Օրբելյան (13-14 դդ)
Երբ մերն էր Արցախը, երբ ունեինք նաև ազատագրված Քաշաթաղ հայրենիք, բազում հուշարձաններ այցելեցինք, հայտնաբերեցինք նորերը։
2010թ․ նոյեմբերի 6-ին Հակարի գյուղից դուրս եկանք ու գնում էինք փոքրիկ գետակի հովիտով:
Հակարի գյուղը գտնվում է Ստեփանակերտից մոտ 85, Բերձորից 35 կմ հարավ՝ համանուն գետի ձախափնյա 2ձորակներում․ գյուղի մեջտեղում երկար ձգվող ոչ բարձր բլրաշարք է։
Նախկինում եղել է մեծ Հայքի Արցախ աշխարհի Մյուս Հաբանդ գավառի կազմում։
1993թ․ աշննանն ազատագրվեց Քաշաթաղի շրջանի այս հատվածը։
Գյուղի ազատագրման ժամանակ 1993թ․ օգոստոսի 30ին հերոսաբար զոհվեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի բանաստեղծ եղբայրը՝ 23ամյա Աղվանը՝ կինոռեժիսոր Սամվել Թադևոսյանի նկարահանած «Չկրակված փամփուշտներ» գեղարվեստական ֆիլմի հերոսը։
Երբ ամբողջությամբ ազատագրվեց տարածքը և վերահայացավ,հնարավորություն եղավ նաև ուսումնասիրել մեր պապերի թողած պատմական նյութական ժառանգությունը։
Հակարի գյուղի տարածքում պահպանվել էին պատմական բազում հուշարձաններ՝
նախաքրիստոնեական ժամանակի դամբարաններ, բնակատեղիներ, կիկլոպյան 2 ամրոցատեղիներ, ավերակ կամուրջ՝ Հակարի գետի վրա, Քրոնքի «Քրօնից» վանքը՝ ժայռափոր եկեղեցի և այլն: Արցախի Գտչավանքի հյուսիսային պատին 1246 թ. Վրթանես եպիսկոպոսի թողած վիմափոր 14 տողանոց արձանագրության 8-րդ տողում գրված է. «ՀԱԿԱՐԻ ԻՒՐ ԿԵՐՈՎՆ»:
Սակայն Հակարի բնակավայրի մասին առաջին անգամ հիշատակվում է Մովսես Դասխուրանցու
«Պատմութիւն Աղուանից աշխարհի» գրքում՝ կապված 829-30 թթ. տեղի ունեցած ապստամբության, ավելի ճիշտ՝ դավաճանության հետ, երբ տվյալ տարածքը դեռևս արաբական տիրապետության տակ էր:
IXդ. կեսերին` արաբական խալիֆաթի թուլացման պայմաններում, Հայաստանի տարբեր վայրերում, նաև Արցախում բռնկված ապստամբությունների արդյունքում առանձին իշխանություններ
դառնում են անկախ փոքր թագավորությոններ, ու որոշները դառնում են մրցակից-թշնամիներ։
Միհրանյան թուլացած և Առանշահիկ արդեն հզորացած տոհմերի դարավոր թշնամությունը
հասել էր գագաթնակետին: 821թ. Փղիպյան Ներսեհ իշխանը՝ Փիլիպեի որդի Ներսեհ Սյունին սպանում է Միհրանյան տոհմից Ստեփանոսի որդի Վարազ-Տրդատ Ստեփանոսյանին ու նրա մանկահասակ որդուն։
Միհրանյան տոհմից Ստեփանոսը, նույն ինքը՝ Աբլասադը, բերում է Բաբանին (Բաբեկ) և նրա միջոցով ավերում Սյունիքի և Արցախի մի քանի գավառներ, մասնավորապես Բաղքն ու Բերդաձորը։ Ամրոցի մասին հիշատակում են նաև Ալիշանը, Մակար բարխուդարյանը, Հ. Էփրիկյանը, Շահեն Մկրտչյանի, Ալեքսան Հակոբյանը, Վահրամ Բալայանը, այլոք։ Ամրոցը, գտնվելով Արցախի Դիզակ գավառի հարավ-արեւմտյան սահմանագծի վրա, հսկում էր Հակարիի հովտից դեպի Խծաբերդ տանող կիրճը և կենտրոնական Արցախը։
Ամրոցի հարավարևելյան կողմում՝ բարձունքի վրա է գտնվում Ամուտեղի
Սուրբ Վարդան եկեղեցին՝ դիմացը՝ Դիզափայտ լեռը՝ վրան Կատարովանքը։
Հակարի գյուղի միջով է անցնում Մակար Բարխուդարյանի կողմից «Զինգյանակապ», Ղևոնդ Ալիշանի կողմից «Զանքանակեան», այլ հեղինակների կողմից Զանգանակ (Խաչգյադուկչայ) անուններով հիշատակված գետակը՝ սկիզբ առնելով Դիզափայտ լեռան արևմտյան կողմից։ Հակարիի ձախակողմյան վտակը տարվա ընթացքում երբեմն վարարում է, ամռանը՝ գրեթե չորանում։
Նույն գետակի ձախ կողմում է միջնադարյան ամրոցի ավերակները պահող ժայռը: Ժայռեղեն նեղ կիրճը զարդարված էր աշնանային գույներով, և յուրաքանչյուր քայլից հետո բացվում էր ավելի գեղեցիկ ու հմայող տեսարան: Սոսիների` արդեն կարմրին տվող տերևները, ընկուզենիների փառավոր նիստը, տասնյակ այլ տեսակի ծառերի գույները բարձրաբերձ, սրածայր ու սպիտակին տվող ժայռերի հետ ստեղծում էին մի այնպիսի տեսարան, որ ամենամեծ բանաստեղծն ու գրողը միգուցե կարող են նկարագրել:
Ակամայից հիշեցի գրող Հրաչյա Մաթևոսյսնին՝ Հրաչօյին. 2002թ․ հոկտեմբերի 6-ին Կովսականից գնում էինք Կապան՝ Խուստուփի լանջին Նժդեհի Մասունքի ամփոփված վայրը՝ Կոզնի (Կոզեն) աղբյուրը, որը 1983 թ․հոկտեմբերի 7-ից դարձել է սրբավայր։
Անցնում էինք Ողջի գետի գեղատեսիլ ափերով, խոսք բացվեց, թե որն է Հայաստանի ամենագեղեցիկ վայրը, Հրաչօն ասաց. «Հայաստանի ամենագեղեցիկ վայրերը Համո Սահյանի բանաստեղծություններն են»: Մեր մեծ բանաստեղծ Համոյի ստեղծագործությունը երևի ավելի հարուստ կլիներ, եթե անցած լիներ այստեղով:
Կիրճին իր արարչագործ էությամբ կյանք էր տալիս Զինգյանակապ- Զանքանակեան- Զանգանակ գետակը, որը երբեմն-երբեմն փակում էր մեր ճանապարհը, և ստիպված անցնում էինք քարվազներով (քարեր էինք գցում գետի մեջ) կամ պարզապես ջուրն էինք մտնում:
Քաշաթաղի շրջանում պատմամշակութային հուշարձաներն ավելի շատ են հյուսիսային թևի լեռնոտ տարածքներում` Հակարի գետի վտակներ Աղավնոյի, Հոչանցի և Շալուայի հովիտներում ու ափամերձ լանջերին, որոնք նույնպես տարվա բոլոր եղանակներին ունեն իրենց ուրույն գեղեցկությունը: Շատ անգամ եմ շրջել այս վայրերով՝ փնտրելով ու գտնելով պատմական հուշարձաններ` եկեղեցիներ, ժայռափոր անապատներ, մատուռներ, կամուրջներ, բերդերի ավերակներ, խաչքարեր, տապանաքարեր, դամբարաններ, որոնք մեր պապերի մտքի ու շինարար հոգու արդյունք են ու վառ ապացույց` Քաշաթաղը մեր տունն է:
Այս անգամ ես և Գարիկ Մելիքյանը գնում ենք հարավային Հակարի գյուղից դեպի արևելք` համայնքի ղեկավար Գառնիկ Չոբանյանի ուղեկցությամբ: Վերջապես հասնում ենք չորս կողմից ժայռապատ մի հարթություն` պատված դարավոր սոսիներով ու ընկուզենիներով: Լսվում է գետակի անուշ քչքչոցը, բարձունքում արծիվներն են ճախրում, մի ընկուզենի կարծես հեքիաթից է եկել իր հսկայածավալ բունով, հաստ ճյուղերով, մամռապատ փչակներով:
Ցանկացած մարդ այս վայրում անակնկալի կգա` առաջին անգամ մտնելով ու հանդիպելով նման տեսարանի: Սակայն բնության ստեղծած այս գեղեցկությունը մի տեսակ երկրորդական պլան է մղվում. դիմացի գրեթե ուղղաձիգ ժայռեղեն լանջին միջնադարյան հայ մարդու կառուցած ամրոցի ավերակներն են: Ավելի ներքևում պատեր են, որոնց մի մասը ծածկված է հողով, փլված են: Վերևում` լանջի հարավային մասում, ժայռի հետ միաձույլ հարթ պատ է թառել` գիհիներով պատված: Որոշում ենք բարձրանալ ժայռն ի վեր:
Վերջապես հասնում ենք ներքևի պատերին, իսկ դեպի վեր ճանապարհ ենք փնտրում. մեր պապերը եթե ամպերի մեջ բերդ են կառուցել, ուրեմն ճանապարհ եղել է: Մեզ ավելի շատ կարող էր խանգարել ժամանակը. 1 ժամ էր մնացել աշնանային կարճ օրվան, սակայն դեպի վեր բարձրանալու ցանկությունը մեծ էր:
Մի պահ որոշում ենք ցած իջնել. եթե մութն ընկներ, վար իջնելը կդառնար վտանգավոր կամ անհնար: Սակայն մեզ մեր մտքից շեղում է մի նեղ հեղեղատ` նման Գեղա ամրոց տանող ճանապարհին: Միքիչ վեր ենք բարձրանում, և հրաշք. ահա մի շինություն` դիտակետ է` դեպի բերդ տանող միակ ճանապարհը հսկող:
Վերևում նման ևս երկու կառույց կա` բավականին ամուր պատերով, դիտանցքերով: Վերջապես հասնում ենք ամենավերև. հտեևի կողմից էլ նույն ուղղաձիգ ժայռապատն է, իսկ գագաթում տեղ-տեղ ծառերից բռնած ենք անցնում, որպեսզի ցած չգլորվենք: Վերևի շինությունը նույնպես ամուր պատեր ունի, զարմանալի է, թե ինչ են օգտագործել մեր նախնիները, որ ժամանակն ու բնության տարերքները չեն կարողացել քանդել պատերը: Փորձում եմ իջնել ներքև լուսանկարելու համար, սակայն տեղ չկա, պատն ու ժայռը մեկ են: Կողքին` քիչ վերև, սենյականման շինություններ են` հողով լցված, որոնք մաքրվելու կարիք ունեն:
Մտքով անցյալ եմ գնում ու հանդիպում նետ ու աղեղներով, սրերով ու տեգերով զինված մեր նախնիներին, ովքեր հայրենի հողն էին պահում, ինչպես մեծ բանաստեղծն էր ասում` «թառած ամրոցում»: Նաև զարմանում եմ. Ի՞նչպես են այդքան քար ու կիր, ավազ հանել ժայռն ի վեր ու պաշտպանական կառույց հիմնել:
Արդեն մթնում էր, որ սկսեցինք իջնել, չնայած իջնելու ցանկություն էլ չունեինք: Հսկա ընկուզենու մոտից մի անգամ էլ վեր նայեցի` հրաժեշտ տալու ավերակ բերդին: Մթնշաղի մեջ ժայռերն ու ամրոցը խոժոռված էին. «Միգուցե՞ սա է Ստեփանոս Օրբելյանի հիշատակած Խոժոռաբերդը», -անցավ մտքովս: Սակայն պատմական Խոժոռաբերդը Սյունիք աշխարհի Աղահեճք-Քաշաթաղ գավառում պետք է փնտրեինք։ Հետագայում գտանք նման մեկ այլ ամրոց՝ արդեն բուն Աղահեճք-Քաշաթաղում՝ Աղավնո գետի ձախափնյա ամբողձովին ժայռակերտ բլուրներից մեկի վրա։ 13-րդ դարի պատմիչը գրում է, որ Մեծ Հայքի Սյունիք աշխարհի 5-րդ գավառը Աղահեճքն է (հետագայում` Քաշաթաղ և Խոժոռաբերդ):
Բերդերի թվում այս գավառում հիշատակում է համանուն ամրոցները, որոնց տեղը դեռ հայտնի չէր: Արդեն մութ էր. վերադարձանք` հույսով, որ մի օր կգան հնագետները, և կբացվի այս հնավայրի գաղտնիքը:
Դրանից հետո մի քանի անգամ եղանք այս ամրոցում։ Վերջին անգամ այցելեցինք ամրոց 2020թ․մարտի 7-ին՝ արդեն հնագետ Գագիկ Սարգսյանի հետ։ Կառնակաշ-Ղալալու-Զինգանակապ. այս անուններով են գիտնականները կոչում ծովի մակերեւույթից 875 մ բարձրությամբ քարաժայռին ժամանակին գոյություն ունեցած ամրոցը։ Գտնվում է Հակարի գյուղից մոտ 4 կմ դեպի արևելք:
Մոտ 200մ երկարությամբ ժայռաբլրի արևմտյան կողմում է ամրոցի հիմնական պարսպապատը։
Պարսպի մի հատվածը ժամանակի ընթացքում քանդվել է, հնարավոր է՝ երկրաշարժից: Քարերը թափված են բլրի ստորոտում՝ գետակի ափին: Ամրոցն ունեցել է հիմնական մուտք, որն անցել է գետակի ափով, բարձրացել պարսպից ներս, շարունակվել հյուսիս: Այս մասում ժայռը ճեղք ունի, որտեղով և բարձրացել է ճանապարհը: Բավականին նեղ, սակայն հարմար ճանապարհ է եղել, որի վրա 2 ջրամբար են կառուցել: Այսպիսով լուծել են 2 հարց՝ զինվորները հսկել են և՛ ջրամբարները, և՛ ճանապարհը՝ 50-52 մ բարձրությամբ ճեղքում: Կլոր հատակագծով կիսաժայռափոր ջրամբարներից ներքևինի չափերն են՝ 5 x 4,8 մ, իսկ նրանից 8-9 մ բարձրում տեղակայվածինը՝ 3,8 x 3,5 մ:
Վերևինն ունեցել է ծածկ, որը նաև աշտարակ-դիտակետի դեր է ունեցել: Հարավարևելյան կողմում են տեղակայված հիմնական շինությունները: Հնարավոր է միջնաբերդն է, որի արևմտյան կողմում մի շինության պատ է պահպանվել: Նշված շինությունից մոտ 35-40 մ հյուսիս-արևելք, ժայռի պռնկին՝ համեմատաբար հարթ մի փոքր տափարակի վրա, հիմնական աշտարակ-դիտակետն է եղել, որից այժմ կլորավուն մակերեսով հիմքն է պաշտպանվել:
Ամրոցի արևմտյան ստորոտում՝ գետի ափին, բնակավայր է եղել, որի տների հետքերը պահպանվել են: Ամրոցն ունեցել է նաև գաղտնուղի, որն իջել է գետի վրա: Ժայռի հյուսիսային կողմում մի մեծ քարանձավ կա, որի մուտքն սկսվում է գետափից: Այս մասում ամրոցը պահող և նրա հյուսիսում գտնվող բլուրների արանքում ընդամենը 6-7 մ լայնութուն է, որտեղով գետն է անցնում:
Ժամանակին երևի այս հատվածում դարպասներ են եղել,որոնք փակել են նաև քարանձավի մուտքը, որի դիմացի պատի տակ ցածր տարածք կա: Այն երկրորդ ու վեր բարձրացող քարանձավի մուտքն է:
Հակարի գյուղից մեզ ուղեկցող երիտասարդները՝ Հայկն ու Արմանը, և մի պատանի, ով այդ կողմում անասուններ էր պահում, ասացին՝ քարանձավը շարունակվում է դեպի վեր: Սակայն շատ չեն կարող բարձրանալ. շնչահեղձ են լինում:
Այս անգամ էլ սողալով մտան ներս, քիչ անց հետ եկան:
Միգուցե ժամանակին այն եղել է գաղտնուղի կամ թաքստարան:
Նույն քարանձավի ձախ կողմից նեղ արահետ է բարձրանում վեր՝ բավականին
թեք լանջով և մոտենում հիմնական ճանապարհին, որտեղ ջրամբարներն են:
1993թ․ ազատագրված մեր այս հայրենիքը 2020թ․ աշնանը վերստին թողեցինք թուրքին, և այսօր քաղցր հիշողությունները վերածվել են ծանր դառնության։
Այժմ միայն հիշողությամբ եմ այցելում արցախյան բոլոր ճանապարհներով՝ մեր Սուրբ հայրենիքի սար ու ձորերով, գետափնյա ու լեռնային կածաններով, պատմական հուշարձանների տարածքներով։ Հավատում եմ՝ կգա մի ժամանակ, ու կրկին հայաշունչ կդառնա մեր տունը։
Զոհրաբ Ըռքոյան
