«Այստեղով թուրքեր են անցել, բայց այլևս չեն անցնի». 28 տարի առաջ այս օրը բացվեց «Կյանքի ճանապարհը»
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Գաղափարական » «Այստեղով թուրքեր են անցել, բայց այլևս չեն անցնի». 28 տարի առաջ այս օրը բացվեց «Կյանքի ճանապարհը»

«Այստեղով թուրքեր են անցել, բայց այլևս չեն անցնի». 28 տարի առաջ այս օրը բացվեց «Կյանքի ճանապարհը»

1992-ի մայիսի 18-ին ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր): Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը՝ վերականգնելով Մայր Հայաստանի հետ կապը: Արցախ-ՀՀ միջանցքին «Կյանքի ճանապարհը» հենց այնպես տրված անվանում չէր. Լեռնային Ղարաբաղը ծանրագույն վիճակում էր, քանի որ չկար էլեկտրամատակարարում, գազամատակարարում, իսկ զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակը տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Ռազմական աղբյուրների համաձայն՝ Ստեփանակերտի հարավ-արևմտյան մատույցներում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելուց և Շուշիի ազատագրումից հետո ԻՊՈՒ և կամավորական ջոկատները ձեռնարկում են օպերատիվ-ռազմական և կենսական կարևորության Շուշի-Լաչին-Զաբուխ ճանապարհի բացման ռազմական գործողությունը։

Համաձայն մարտական պլանի՝ առաջխաղացումը պետք է իրականացվեր մայրուղու աջ և ձախ թևերում։ Գործողությանը մասնակցում են ԻՊՈՒ 2-րդ, 5-րդ, 6-րդ կամավորական վաշտերը, Այգեստանի, Խնածախի, Դահրավի, Ակնաղբյուրի, Ավետարանոցի, Սարինշենի, Քարինտակի, Շոշի, Բերդաձորի ենթաշրջանի և ՀՀ-ից կամավորական տարբեր ջոկատներ։

Մայիսի 17-ին հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Բերդաձորի ենթաշրջանի Ծաղկաձոր, Կանաչ թալա, Մեծշեն, Հինշեն, Եղցահող գյուղերը։ Արդեն մայիսի 18-ին ԻՊՈՒ կազմավորումները և կամավորական ջոկատները մտնում են Բերձոր (Լաչին), ապա դուրս գալիս ՀՀ պետական սահման՝ Գորիսի ուղղությամբ բացելով Արցախը ՀՀ-ին կապող «Մարդասիրական միջանցքը»։

Միջանցքի բացումից հետո կորցրած ռազմավարական նախաձեռնությունը վերականգնելու նպատակով Ադրբեջանի ԶՈՒ հրամանատարությունը հոկտեմբերին ծրագրում է խոշոր հարձակում միջանցքի հարավային և հյուսիսային հատվածներում։ Հակառակորդի դեմ հարավային ռազմաճակատի գծում հակահարձակման են անցնում Հադրութի սահմանները պաշտպանող հայկական ստորաբաժանումները։ Թեժ մարտերի ընթացքում հայկական ուժերին հաջողվում է թուլացնել թշնամուն, ապա հակահարձակման արդյունքում իրար հետևից վերցնել կարևոր դիրքեր՝ թշնամուն ստիպելով նահանջել Ղուբաթլուի շրջանի խորքը: Հարավային ուղղությամբ ԻՊՈՒ ձեռնարկած ռազմական գործողություններն ավարտվում են հաջողությամբ։ Չհամակերպվելով իր պարտության հետ, հակառակորդն այս անգամ ակտիվ մարտական գործողություններ է սկսում միջանցքի հյուսիսում՝ Ղոչազ լեռան ուղղությամբ։ Հայ ազատամարտիկները, սակայն, հաջողությամբ հետ են մղում հակառակորդի բոլոր գրոհները, զարգացնում իրենց առաջխաղացումը՝ ազատագրելով Խրմանլար գյուղը, ապա վնասազերծում Մազմազակ գյուղում տեղակայված ռազմական հենակետերը։

Հայկական ուժերի կողմից ձեռնարկված վճռական մարտական գործողությունների շնորհիվ ապահովվեց Ստեփանակերտ-Լաչին-Գորիս երթևեկությունը:

Տարիներ առաջ հանրության դատին հանձնվեց Սամվել Թադևոսյանի Բերձորի (Լաչին) ազատագրման մասին պատմող «Միացում» ֆիլմը, որտեղ առաջին անգամ ներկայացվեցին թուրքական աղբյուրների վկայությունները Լաչինի ազատագրման գործողությունների մասին, ինչպես նաև՝ բացառիկ կադրեր Խոջալուի օպերացիայից: Մասնավորապես, օգտագործվել է Ադրբեջանի ազգային հերոս, ռազմական լրագրող Չինգիզ Մուսթաֆաևի 16-րոպեանոց տեսանյութը, որում երևում է, թե ոնց են բարոյալքված ադրբեջանցի զինյալները խուճապահար փախուստի դիմում, լքում Լաչինը, անգամ, երբ նրանց զգուշացնում են` Լաչինը լքելու դեպքում գնդակահարելու հրաման կա:

«Խնդրում եմ, ետ դարձեք, Չինգիզ, ո՞ւր եք փախչում, հրաման ունե՞ք նահանջելու»,- լսվում է ֆիլմում (45:12 րոպեից):

«1992-ի մայիսի 18-ին Հայաստանն ու Արցախը կապվեցին իրար Լաչինի միջանցքով: Երեք տարվա շրջափակումից հետո Արցախի ինքնապաշտպանության ուժերը ստիպված էին նոր ճանապարհ հարթել Լաչին մտնելու համար, որովհետև միակ կամուրջն ադրբեջանցիները պայթեցրել ու հեռացել էին: Ֆիլմը փաստերով հակադարձում է ադրբեջանական սուտ տեղեկատվությանը, թե հայերը Լաչինում կոտորած են արել: Ես ինքս Դուշման Վարդանի վաշտի կազմում անձամբ տեսել ու նկարահանել եմ նոր ազատագրված Լաչինը. այդ պահին Լաչինում ամեն ինչ կար, բացի թուրքերից»,- ֆիլմի ներկայացման ժամանակ վստահեցրել էր ռեժիսորը:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆիլմում նշում է. «Հիշում եմ` 1992-ի մայիսի 18-ին, երբ մենք ջոկատներով, նաև` քաղաքացիական մարդկանցով այդ ճանապարհով անցնում էինք և մտանք Լաչին, այն ամբողջությամբ դատարկ էր: Անձամբ ես մինչև Քարվաճառի սահմանը գնացել եմ, և որևիցե մի գյուղում, բացի սանձարձակ բաց թողած շներից, ոչ մի բնակիչ ես չեմ տեսել: Ասել է թե` ինքնաբերաբար կամ ինքնակամ մարդիկ լքել են ու դուրս եկել»:

Աշխարհագրական, ռազմաքաղաքական հարթությունից տեղափոխվելով այլ դաշտ, հարկ է նկատել՝ Բերձորի օպերացիան իր մեջ կրում էր միացման այն գաղափարը, որը ղարաբաղյան շարժման հիմնասյունն էր, և որի վերականգնումը զուտ բարոյահոգեբանական և ներքին քաղաքական առումով այսօր արդիական խնդիր է:

168.am

1