Այսօր ուսուցչի օրն է․ փառք Արցախյան պատերազմներում նահատակված ուսուցիչներին․․․
Երբ խոսում են Արցախի Ներքին Սզնեք գյուղի մասին, իմ աչքերի առջև հառնում է Մելիքսեթ Սահակյանը՝ իր բարի ժպիտով, խորունկ աչքերով, լրջախոհ հայացքով… Երբ խոսում են Սզնեքի մասին, ես հիշում եմ Գրիշա Միքայելյանի անվան միջնակարգ դպրոցը, որտեղ ցանկացած միջոցառում համեմվում էր հայրենասիրությամբ, իսկ զոհված սզնեքցիների հիշատակին նվիրված միջոցառումները կամզակերպվում էին հավուր պատշաճի։ Բոլոր քաջորդիների համար իր առանձնահատուկ խոսքն ուներ դպրոցի տնօրեն Մելիքսեթ Սահակյանը: Այնքա՜ն հանդարտ ու մեղմ էր խոսում, այնքա՜ն ցավ կար նրա խոսքերում… Ի՞նչ իմանար, որ հերոս սզնեքցիների աստղաբույլին միանալու է նաև ինքը…
2020 թվականին, երբ Արցախի դեմ պատերազմ սկսվեց, 60-րդ տարին թևակոխած Մելիքսեթ Սահակյանը գրիչը փոխարինեց զենքով ու այլևս վայր չդրեց: Անդամագրվելով կամավորականների խմբում՝ սզնեքցի երիտասարդների հետ հերթապահում էր գյուղի մոտակայքում: Ասես ճակատագրի հեգնանք լիներ․ 2020 թվականի նոյեմբերի 9-ը Մելիքսեթ Սահակյանի երկրային կյանքի վերջին օրը դարձավ:
Ներքին Սզնեք համայնքի ղեկավար Էդվարդ Մուսայելյանը, ում աչքերի առաջ է զոհվել դպրոցի տնօրենը, պատմում է սահմռկեցուցիչ իրադարձութունների մասին․
-Նոյեմբերի 9-ի առավոտից գյուղը գտնվում էր ականատետի ինտենսիվ հրետակոծությունների տակ։ Այդ օրը ծանր իրավիճակ էր գյուղում։ Մելիքսեթը գնում էր հերթական հերթափոխին, ու այդ պահին թշնամու արձակած արկը ընկնում է նրանից մոտ 2 մետր հեռավորության վրա։ Ծանր վիրավորում է ստանում։ Ես մի քիչ հեռվում էի, սակայն նկատեցի, որ արկը նրա մոտ է պայթել։ Անմիջապես վազեցի այդ ուղղությամբ։ Մելիքսեթը դեռ ողջ էր։ Առաջին օգնությունը ցույց տվեցի՝ փորձելով կանգնեցնել ոտքի արյունահոսությունը։ Սկսեցի օգնություն կանչել, որ նրան դուրս բերենք տարածքից ու հասցնենք մինչև շտապօգնության մեքենան, որը չէր կարողանում մոտենալ մեզ։ Այդ պահին մեզանից մի քիչ հեռավորության վրա կրկին արկ ընկավ, որի հետևանքով վիրավորվեցին օգնության եկող 3 համագյուղացիներ, իսկ Վահագն Սեյրանյանը, որը Վանքի գումարտակից էր, զոհվեց մեր աչքերի առաջ։ Հետո աշխարհազորի մեր տղաները և Վանքի գումարտակի բուժակը մի կերպ հասան մեզ մոտ, որ օգնեն տանելու վիրավոր Մելիքսեթին։ Ուշ էր․ նա մահացավ բուժակի ձեռքերում։ Հետագայում պարզվեց, որ ներքին արյունահոսություն ուներ։ Նույն ժամերին զոհվեց նաև մեր համագյուղացի Յաշան։ Չեմ կարողանում մոռանալ, թե ինչպես էր մեր դպրոցի տնօրենը խնդրում, որ իրեն հայրենի հողում հուղարկավորեն։ Նա զգում էր, որ մահը շատ մոտ է։
Ցավոք, 44-օրյա պատերազմում մեր փոքրիկ գյուղը 5 զոհ տվեց։ Նրանք միացան Արցախյան առաջին պատերազմում զոհված 12 և մեկ անհայտ կորած սզնեքցիներին:
Իսկ 2023-ի դժոխային պատերազմում զոհվեց մեր դպրոցի երկարամյա մանկավարժ Արտյուշա Միքայելյանը, 2 հոգու ճակատագիր դեռևս անհայտ է, 4 սզնեքցի գտնվում են գերության մեջ։
Մելիքսեթ Սահակյանի մահվան բոթը տակնուվրա արեց բոլորին՝ անսահման մորմոք թողնելով նրան ճանաչողների սրտերում:
Մելիքսեթի մասին հիշողություններով է կիսվում նրա գործընկեր, ԱՀ վաստակավոր մանկավարժ Սվետլանա Ասրյանը․
-2020-ի պատերազմում մենք անդառնալի կորուստներ ունեցանք, կորցրինք սերունդներ: 59-ամյա Մելիքսեթ Սահակյանը զոհվեց հանուն մեր ազգի, մայր հողի ու հայրենիքի: Ինձ համար դժվար է անցյալով խոսել Մելիքսեթի մասին: Նա համեստ, զուսպ, միաժամանակ կենսախինդ անձնավորություն էր: Մեր հուշերում նա Սզնեքի միջնակարգ դպրոցի տնօրեն, մաթեմատիկայի ուսուցիչ, անբիծ մարդ ու մտավորական կմնա: Տնօրենության տարիներին միշտ ձգտել է հասնել վսեմին, բարուն։ Նրա ղեկավարած կոլեկտիվը պարտաճանաչ էր, համերաշխ, գիտակից, և դա գալիս էր նրա ղեկավարչական հմտություններից:
Սակավաթիվ աշակերտներով կարողանում էր առարկայական օլիմպիադաներում հասնել բարձր արդյունքների: Համեստ էր իր էությամբ ու երբեք խոսքեր չէր շռայլում, ուղղակի խոսուն աչքերով նայում էր սաներին:
Ընկերասեր էր անսահման: Հետագայում նրա ընկերասիրությունն ավելի ընդգծվեց, երբ սերտ համագործակցում էր Սարուշենի, Խաչմաչի, Կարմիր գյուղի տնօրենների հետ: Մելիքսեթն ուներ նաև հումորի յուրահատուկ զգացում և այն դրսևորելիս լրիվությամբ փոխվում էր, դառնում ուրիշ մարդ:
Մելիքսեթ Սահակյանը թողել է մաքուր ու անբիծ անուն, որով կարող են հպարտանալ նրա զավակները և սաները: Ցավոք, 44-օրյա պատերազմում ունեցած հազարավոր զոհերին ավելացել են 2023-ի սեպտեմբերի 19-ի հարյուրավորները։ Եվ այդ տղաների արյամբ շաղախված հողն ընկել է թշնամու ձեռքը։
Կինը՝ Հրանուշ Աղաբեկյանը, որ նույնպես մանկավարժ է, այսօր երկու զավակների հետ ապրում է Երևան քաղաքում, անցնում դժվարությունների միջով։ Չի կարողանում զսպել հոգու ցավը։ Ասում է․
-Նա հոգատար հայր, ուշադիր ամուսին և օրինակելի գործընկեր էր։ Աներևակայելի բարի ու խոհեմ մարդ, որը հեղինակություն էր Սզնեքի ձորակում։ Գյուղը սիրում էր իր կյանքից առավել։ Այդ էր պատճառը, որ մինչև վերջին օրը երիտասարդների հետ մնաց գյուղում և ընկավ իմացյալ մահով։
Ասես 44-օրյան քիչ էր, արցախցիներիս պատուհասեց 2023-ի սեպտեմբերի 19-ը, 25-ի պայթյունը, Արցախի անկումը։ Այս ցավին դիմանալն անհնար է։ Արցախը կորցնելով՝ մենք կորցրինք ամեն ինչ։ Մեր հարազատների գերեզմանները մնացին անտերության մեջ։ Այսօր ուսուցչի տոնն է, որն այնքան շատ էր սիրում Մելիքսեթը։ Ցավոք, ծաղիկներ չեն խոնարհվի նրա շիրմաքարին։ Իսկ նա, գիտեմ, սպասում է․․․
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ