Այսօր Շուշիի 1920 թվականի ջարդերի 105-րդ տարելիցին է
Գլխավոր » Լրահոս » Այսօր Շուշիի 1920 թվականի ջարդերի 105-րդ տարելիցին է

Այսօր Շուշիի 1920 թվականի ջարդերի 105-րդ տարելիցին է

1920 թվականի մարտի 22-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը իրականացրեց Շուշիի հայ բնակչության կոտորածը՝ հայկական ծաղկուն քաղաքը վերածելով «ուրվականի»։

Մարիետա Շահինյանը նկարագրել է Շուշիի ջարդերի հետևանքները՝ նշելով․ «…Ես տեսա Շուշիի կմախքը: Երկու բլուր կանգնեցին իմ դիմաց շարված տների կմախքներով: Ոչինչ չմնաց… ո՛չ տանիքներ, ո՛չ դռներ, ո՛չ պատուհանների շրջանակներ, … միայն քարեր, քարեր և քարեր, ինչպես անատոմիական կմախքի մաքրված, բզկտված, չորացած ոսկորներ: Գեղեցիկ ճարտարապետության վկա եկեղեցին նայվում է որպես ուրվական…»։ 

Ջարդերից հետո ծաղկուն ու աշխույժ քաղաքից «ուրվականի վերածված» Շուշիում Մ. Շահինյանին առաջինն ապշեցրել էր լռությունը. «Ես երբեք ոչ մի տեղ նման սարսափելի լռության չեմ հանդիպել, և քեզ անմիջապես այնպիսի մի զգացողություն է պատում, թե այդ լռությունն անբնական է: Հանկարծ սկսում ես պատկերացնել, որ լռությունը մրմնջում է. քարերը շշնջում են, ցնցվում, խշխշում, իսկ գլխիդ մազերը բիզ-բիզ են կանգնում» [Գրական թերթ]։

Այս արյունալի իրադարձությունները մանրակրկիտ նախապատրաստվել էր դեռևս 1919 թվականին՝ ի դեմս անգլիացի գեներալ Թոմսոնի երաշխավորությամբ Լեռնային Ղարաբաղի գեներալ-նահանգապետ նշանակված Խոսրով բեկ Սուլթանովի։ 1919 թ․ հունիսին Սուլթանովը կազմակերպում է ադրբեջանական զորքերի և քրդական ավազակախմբերի ներհոսք Շուշի [Հ. Հարությունյան]: Հունիսի 4-ին Սուլթանովի հրամանով սկսվում է Շուշիի հայկական թաղամասի գնդակոծումը, ավերումն ու թալանը։ Մի քանի տասնյակ հայեր դաժանաբար սպանվում են։

Բռնություններն ու հարձակումները շարունակվում են նաև հաջորդ օրերին՝ հունիսի 5-ից 7-ը Շուշիի հարակից գյուղերում, այդ թվում՝ Ղայբալիշեն, Քարինտակ, Դաշուշեն, Կրկժան, Փահլուր, Ջամիլու։ 70 տուն ունեցող Ղայբալիշեն գյուղը մեկ օրվա ընթացքում վերածվում է մոխրակույտի, հարյուրավոր մարդիկ սրի են քաշվում, որոնց մեծ մասը երեխաներ, կանայք ու ծերեր։ «… Պիտի ընդունել, որ կոտորածը նախապես ծրագրված է եղել Սուլթանովի կողմից»,- խոստովանել էր անգլիական հրամանատարության կողմից Շուշի մեկնած գնդապետ Գլատերբերգը [Հ. Հարությունյան]։

1919 թ․ օգոստոսի 14-ին Սուլթանովը կարգադրում է հրանոթներ տեղադրել հայկական թաղամասերի ուղղությամբ և վերջնագիր է ներկայացնում արցախահայությանը՝ պահանջելով 48 ժամվա ընթացքում ընդունել Ադրբեջանի իշխանությունը։ Արցախահայերի 7-րդ համագումարը, ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից, փոխզիջումների է գնում և ժամանակավորապես ընդունում 26 կետից բաղկացած մի համաձայնագիր, որի համաձայն, Ղարաբաղի որոշ շրջաններ ժամանակավորապես ներառվում էին Ադրբեջանի սահմանների մեջ մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը [Հ. Հարությունյան, Վ. Բալայան]։ 

Սակայն ադրբեջանական կողմը հետևողականորեն խախտում է պայմանագրի կետերը։ 1920 թվականի փետրվարի 19-ին Սուլթանովը Արցախի Հայոց ազգային խորհրդից պահանջում է վճռել «Արցախը լիովին Ադրբեջանին ենթարկելու հարցը»։ Փետրվարի 28-ին արցախահայության 8-րդ համագումարը մերժում է Սուլթանովի պահանջը և ի վերջո ճանաչում, որ համաձայնագիրը կորցրել է ուժը՝ Ադրբեջանի կողմից կրկնվող խախտումների պատճառով։

1920 թ․ մարտի 20-ին՝ Նովրուզ բայրամի (ամանոր) օրը, տոնակատարության անվան տակ Սուլթանովի զորքերը զինաթափում են հայ բնակչությանը և հաջորդ օրերին Շուշին կրկին վերածում մարտադաշտի։ Մարտի 22-ին՝ արևածագին, ադրբեջանական և քրդական զորքերը հարձակվում են Շուշիի վրա ու մի քանի օր շարունակ՝ մինչև մարտի 26-ը, իրականացնում հայերի ջարդեր։ Ծաղկուն քաղաքը վերածվում է ավերակների՝ լցված փշրված կյանքի մնացորդներով ու երազանքներով։ «Մոխրակույտի վերածված քաղաքի» մասին իր «Հուշերում» վկայել է պատգամավոր Աբրահամ Կիսիբեկյանը [Բանբեր Հայաստանի Արխիվների]։ Գ. Օրջոնոկիձեն, 1920 թվականի մայիսին Կարմիր բանակի հետ այցելելով Շուշի, փաստել է. «սարսափելի պատկերի ականատես եղանք․ քաղաքի ավերակներ, ջրհորներում կախված կանանց ու երեխաների դիակներ» [Левон Мелик-Шахназарян]։

Այս դաժան իրադարձություններն անջնջելի հետք թողեցին Շուշիում, որտեղ նույնիսկ տասնամյակներ անց դեռևս պահպանվում էր ջարդերի հետևանքներն ու «մահվան շունչը»։ Ռուս գրող Օսիպ Մանդելշտամն իր «Ֆայտոնչին» («Фаэтонщик») բանաստեղծության մեջ նկարագրել է այն սարսափները, որոնց ականատես է եղել ջարդերից տարիներ անց Շուշի կատարած այցի ժամանակ։ «…Ես Ղարաբաղը տեսա լեռնային, տեսա գիշատիչ Շուշի քաղաքը, ուր ճաշակեցի սարսափներ մահի…» [թարգմանությունը՝ Հրաչյա Բեյլերյանի]։

Ադրբեջանի որդեգրած ցեղասպան քաղաքականությունը չավարտվեց Շուշիի ջարդերով. 1988-1990-ական թվականներին Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Մարաղայում և Արցախի այլ բնակավայրերում հայերի նկատմամբ իրականացվեցին վայրագություններ ու ջարդեր։ 1920 թ․ Շուշիի ջարդերից մեկ դար անց՝ 2020 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի դեմ ու այն բռնի հայաթափեց։ Պատերազմի ընթացքում թիրախավորվեց ու հրթիռակոծվեց հայկական մշակութային և կրոնական ինքնության խորհրդանիշերից մեկը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարը։

Մեկ դար առաջ Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների մասին Մարիետա Շահինյանը գրել էր. «Գեղեցիկ ճարտարապետության վկա եկեղեցին նայվում է որպես ուրվական… մնում է նրա երերուն կմախքը, և նա ասես մեռնողի պես լողում է այդ տեսիլքից ծակված աչքերի առջև…»։ Շուշիում մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների նկարագիրն ադրիական է նաև այսօր։

1