Այսօր Շահումյանի արծվի` Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է. նա կդառնար 71 տարեկան

«Միայն դիլետանտներն ու պրոֆաններն են կարծում, թե Դաշնակցությունն ու պետությունը կարող են հակասել իրար։ Նրանք չեն կարող հակասել իրար, նրանք կարող են լրացնել միմյանց»…
Այսօր հայ լեգենդար զորահրամանատար, Արցախի հերոս, պետական-ռազմական գործիչ, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանը կդառնար 71 տարեկան։
Շահեն Մեղրյանի մարտական ուղին սկսվել է 1988թ.: Այն ժամանակ Շահենը առաջիններից էր, որ զգաց, թե առանց մարտական ջոկատների անհնար է պաշտպանել շրջանը և սկսեց կազմակերպել զինված ջոկատներ: 1990 թ. հունվարի 9-ին Խանլարի ոստիկանությունը տեղի զինվորականների օժանդակությամբ շրջանի ղեկավարությանն ամբողջությամբ գերի է վերցնում Մարտունաշենի ճանապարհին, երբ նրանք շտապում էին մասնակցելու ադրբեջանցիների կողմից սպանված մարտունաշենցի պահակի հուղարկավորությանը։ Բարձրաստիճան ռուս սպաներին թուրքերը կաշառել էին, և հայերի անվտանգության և հուղարկավորմանը մասնակցելուն խոչընդոտներ չստեղծելու ռուսների խոստումը դրժվեց: Հայ պատանդների խուզարկության ժամանակ Շահենը իր մոտ գտնվող ատրճանակը տալիս է ռուս հրամանատարին՝ «էս էլ ինձնից քեզ նվեր» ասելով: Մեկ ամիս պատանդ պահելուց հետո հայ մարտիկների կողմից ձեռնարկված հանդուգն գործողությունների արդյունքում ադրբեջանցիները ստիպված էին համաձայնվել պատանդների փոխանակմանը: Շահենին ձերբակալելուց հետո չէին փոխանակի, եթե ճանաչեին: Իբրև Շահումյանի ղեկավար ադրբեջանցիները ճանաչում էին Աղաջանյան Վոլոդյային, որն այդ ժամանակ իբրև քաղաքական դեմք այլևս որևէ ազդեցություն չուներ:
Շահենը պատրաստվում էր ՀՀ գալուց հետո ազատագրել հարազատ շրջանը: Բայց ավա՜ղ, 1993թ. ապրիլի 17-ին՝ հերթական մարտական առաջադրանքը կատարելիս, Շահումյանից Երևան վերադառնալու ճանապարհին Արցախի երկնքում խփվեց «Շահումյանի արծիվ» Շահեն Մեղրյանին ու նրա 7 մարտական ընկերներին փոխադրող ուղղաթիռը։ Բոլորը զոհվեցին՝ Շահեն Մեղրյանը, 17-ամյա Հայկ Մեղրյանը, Արտակ Խաչատրյանը, Գրիգոր Գրիգորյանը, Պողոս Սիմոնյանը, Ռաֆիկ Բադալյանը, Արմեն Բազյանը և Ալեքսանդր Մեժունցը, ուղղաթիռի անձնակազմի հրամանատար Ջանբուլադ Մուրադյանը, 2-րդ օդաչու Արամ Գրիգորյանը և բորտմեխանիկ Իոսիֆ Միքայելյանը: Նրանք հանգչում են կողք կողքի անմահների զորագնդում՝ Եռաբլուրում:Պարտիզանական պայքարը սկսել են 25 հոգով, հետո նրանց միանում են Շահումյանում գտնվող տարբեր ջոկատների («Արաբո», «Տիգրան Մեծ», Պռոշյանի ջոկատ, Հոկտեմբերյանի տղաներ) մարտիկներ, որոնցից 1993թ. ստեղծվեց զորամաս, որի հրամանատար նշանակվեց Շահեն Մեղրյանը: 1993թ. հունիսի 15-ին ՀՀ ՊՆ թիվ 314 հրամանով զորամասն անվանակոչվեց «Շահեն Մեղրյան» հատուկ նշանակության ջոկատ:Հարազատ հողի ազատագրման պայքարը, Շահեն Մեղրյանը մղել է, հանդիսանալով Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ եւ Շահումյանի ՀՅԴ կազմակերպության ղեկավար գործիչ: