Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է․ ՀՅԴ ԱԵՄ-ի տեսաուղերձը՝ ՀՅԴ Երիտասարդական համագումարի պաշտոնական բացմանը
ՀՅԴ ԱԵՄ-ի տեսաուղերձը՝ ՀՅԴ Երիտասարդական համագումարի պաշտոնական բացմանը։
«Արդեն 56 օր է՝ Արցախը պաշարված է թշնամու կողմից, ինչի պատճառով էլ, ցավոք սրտի, չկարողացանք հյուրընկալել մեր կողմից այդքան սպասված խորհրդաժողովը, որը պատերազմից հետո Արցախում կայացած ամենամեծ երիտասարդական համագումարը պետք է լիներ՝ Արցախի, Հայաստանի, և Սփյուռքի երիտասարդների մասնակցությամբ։ Սակայն աշխարհում տեղի ունեցող փոփոխությունները ակնթարթային են, թշնամու քայլերը՝ անսպասելի և անմարդկային։
Այսօր մենք՝ արցախցիներս, կրելով այս զրկանքները, պայքարում ենք առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պահպանման, սփյուռքահայության ինքնության պահպանության համար։ Այսօր մեր պայքարը հայ ազգի գոյության համար է։ Ինչպես և միշտ, այնպես էլ այս օրերին ականատես ենք լինում համամարդկային արժեքներ քարոզող երկրների և ժողովուրդների՝ մեզ ուղղված սիրալիր ու սրտամաշ խոսքերին, որոնք մեզ համար ոչ այլ ինչ են, քան ոչինչ։ Մենք համոզված ենք, որ մեր՝ իբրև դաշնակցական երիտասարդների ուշադրությունն ու քրտնաջան աշխատանքը պետք է ուղղված լինի Արցախի փրկության սուրբ գործին, որովհետև առանց Արցախի չկա Հայաստան, առանց Հայաստանի չկա Սփյուռք։
Ինչպես գիտեք, ՀՅԴ ԱԵՄ-ը 2020թ.-ի պատերազմից հետո արագ վերակազմակերպվեց և լծվեց Արցախի երիտասարդական, հասարակական, մշակութային կյանքի աշխուժացմանը։ Արդեն 2 տարի է, ինչ մեր Կենտրոնական վարչությունը ծավալում է իր քրտնաջան աշխատանքը՝ հետպատերազմյան Արցախում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու համար և կարողացել է գրանցել մի շարք հաջողություններ։ Այսօր ՀՅԴ ԱԵՄ-ը Արցախի երիտասարդական և հասարակական դաշտում իր ուրույն տեղն ունի և ընկալվում է որպես միակ կազմակերպություն, որն ունակ է սփյուռքի երիտասարդական ներուժը կենտրոնացնելու Արցախում, ինչպես նաև այդ ներուժի միջոցով արցախցի երիտասարդի ձայնը բարձրացնելու աշխարհի տարբեր երկրներում, ուստի քաղաքական ձեռնարկներում, նախաձեռնություններում անպայման հաշվի են առնում մեր դիրքորոշումը։ Պատերազմից հետո ՀՅԴ ԱԵՄ-ը հյուրընկալեց աշխարհասփյուռ մեր կառույցի տարբեր շրջանների՝ տարատեսակ ծրագրերով։ Այս այցերը հատկապես պատերազմի ավարտին հաջորդած շրջանում ոգևորիչ էր ոչ միայն մեր շարքերի, այլ առաջին հերթին մեր հասարակության համար։
Մեզ համար դժվարին այս շրջանում ֆիզիկապես մեր կողքին էին ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության, ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական միության, ՀՅԴ ԱՄՆ արևելյան և արմտյան շրջանի երիտասարդական միությունների, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական և ՀՅԴ Սիրիայի պատանեկան միության ընկերները՝ ճամբարային, փորձուսուցման, սոցիալական և ամանորյա ծրագրերով, ինչի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում։
Սիրելի՛ ընկերներ, այսօր Արցախն ապրում է պատմական ամենածանր շրջանը և ունի բոլորիս կարիքը։ Մենք լիահույս ենք, որ երիտասարդական այս համաժողովը նոր հնարավորություն կտա հանուն Արցախի նոր ծրագրեր մշակել և իրականացնել՝ ներառելով նոր շրջաններ, իսկ արդեն իսկ ավանդական ծրագրերով Արցախ այցելող շրջաններին՝ բարելաված ծրագրերով ժամանել Արցախ։
Ուրեմն՝ ի գործ՝ հանուն Արցախի, հանուն ազատ, անկախ ու միացյալ Հայաստանի»։