Այսօր մայիսի 16-ն է` արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա

Լիանա Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.
Այսօր մայիսի 16-ն է։
Արցախցիներին տրամադրվող բնակվարձը դեռ չկա։ Փոխանցումների մեկնարկից հետո մի 10 օր էլ մարդիկ բանկային հաշիվներն են ստուգելու:
Բռնի տեղահանված հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով ստուգում են իրենց հաշիվները, թեժ գծերի զանգերը չեն դադարում, հնարավոր բոլոր տարբերակներով մարդիկ փորձում են պարզել՝ ուր մնաց այդ երկու քոռ կոպեկը։
Ինչպես 2-ամսյա շարունակության պարագայում, երբ մաթեմատիկական անհասկանալի մեթոդով 40+10-ի գումարը դարձավ 40, թեպետ Կառավարության հիմնավորման մեջ հստակ արձանագրվել է, որ այն բյուջեի վրա լրացուցիչ բեռ չի հանդիսանում, այնպես և դրա տրամադրման ձգձգումն ու համատարած լռությունը թույլ են տալիս մտածել, որ այս հարցում դիտավորություններն ավելի շատ են, քան՝ պատահականությունները։
Գաղտնիք չէ, որ բնակվարձերը հիմնականում վճարվում են կանխավճարի տեսքով, իսկ բյուջեի վրա բեռ չհանդիսացող, բայց պրոգրեսիվ նվազող աջակցությունն ուշանում է՝ մարդկանց դնելով էլ ավելի ծանր հոգեհուզական վիճակի մեջ:
Կրկնում եմ՝ գուցե պատահականություն է, ինչպես բյուջեով դեռ 2025-ի սկզբից նախատեսված այս աջակցության շարունակականության փաստը։
Բայց նաև փաստ է՝ տեղահանվածների հոգեհուզական վիճակին ազդելու եթե ոչ նոր, գոնե՝ նոր գործարկվող մեթոդ է։
Ուղղակի մի’ արեք։
Ոչինչ թղթի տակ չի մնում։
Բոլոր տողատակերից էլ մի օր դուրս է թռչում ճշմարտությունը…