Այսօր կլրանար ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի 64 ամյակը
Գլխավոր » Լրահոս » Այսօր կլրանար ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի 64 ամյակը

Այսօր կլրանար ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի 64 ամյակը

«Արցախն աղքատ բարերար չէ, որին պետք է օգնել, Արցախը պետք է նվաճել, Արցախը պետք է գրավել, Արցախը պետք է մերը դարձնել»,- ասում էր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը։

Այսօր կլրանար ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ՀՅԴ անդամ Արթուր Մկրտչյանի 64 ամյակը: Ընդամենը մի քանի ամիս ղեկավարելով Արցախը՝ նա դարձավ այն առաջնորդը, ով ազնվություն բերեց քաղաքականություն:

«Եթե 1987թ.-ին վախենում էինք թուղթ ստորագրելուց, 88-ին՝ ցույցի դուրս գալուց, 89-ին՝ Գորբաչովին քննադատելուց, 1990-ին՝ զենք վերցնելուց, այսօր այդ վախը հաղթահարվել է, որովհետև ուրիշ ելք չկա, սա վերջին միջոցն է: Արդեն աշխարհին հայտնի է, որ Ղարաբաղի հարցը համազգային է և ընդունվում է առաջնային: Այս պայքարը պիտի ավարտենք, և համոզված եմ՝ հաղթանակով»,-Արցախի հերոս Արթուր Մկրտչյանի խոսքերից.1992թ.։

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում։ 1976 թվականին ավարտելով գյուղի միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ Համալսարանն ավարտելուց հետո սովորել է Մոսկվայի Միկլուխո Մակլայի անվան ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1981-1983 թվականներին աշխատել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանում: 1986 թվականին տեղափոխվել է ծննդավայր և աշխատել Հադրութի պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն։ 1988 թվականին պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել պատմության գիտությունների թեկնածուի աստիճան։ 

Արցախյան շարժումն սկսվելուց հետո Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից հետո Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ 

1991 թվականի դեկտեմբերի 28-ին` ժողովրդի 99,89 % կողմ ձայներով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեից 18 օր անց Լեռնային Ղարաբաղում անցկացվեցին առաջին գումարման Գերագույն խորհրդի ընտրությունները:

1992թ. հունվարի 8-ին Արթուր Մկրտչյանն ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ։ Երբ ուրվագծվում էր անկախ Արցախի տեսիլքը միայն, Արթուրի գործը ժողովրդին ազգային-ազատագրական պայքարին պատրաստելն էր:

-Այս հողն է ինձ ծնել, այս հողին եմ պարտական իմ ունեցածի համար, իսկ հիմա եկել է փոխհատուցման պահը. սա էր նրա հավատամքը: Թող ոչ մեկի մտքով չանցնի, թե Ղարաբաղում հայ չապրելով` Ղարաբաղը կարող է Հայաստանի մաս դառնալ,- ասում էր Արթուր Մկրտչյանը։

-Պատմությունը չպետք է կարդալ հեքիաթի նման, այլ պետք է դասեր քաղել` սխալները չկրկնելու եւ հերոսական էջերն իբրեւ օրինակ ընդունելու համար,- ասում էր նա:

Կարեւորում էր ճիշտ դիվանագիտությունը, որպեսզի շեշտադրվի ոչ միայն հանրապետության ճանաչումը միջազգային հանրության կողմից, այլև հակամարտության ճիշտ ընկալումը. ոչ թե ազգամիջյան պատերազմ, այլ ազգային-ազատագրական:

«Առաջին հարցը կանոնավոր բանակ ստեղծելն է, չնայած դա շատ դժվար կլինի, որովհետեւ համապատասխան միջոցները բացակայում են: Ամրացնել Ղարաբաղի սահմանները եւ մտածել Ղարաբաղի ներսում ժողովրդի կենսապահովման հետ կապված հարցերը լուծելու ուղղությամբ: Արցախի Հանրապետության հարաբերությունները Ադրբեջանի հետ պայմանավորված կլինեն նրանով, թե Ադրբեջանը ինչքանով կճանաչի հայ ժողովրդի իրավունքն Արցախում ապրելու»,- ասում էր Արթուր Մկրտչյանը։

Արթուրը քաղաքական հայացքներով անզիջում էր: Ապացուցում էր, որ քաղաքականությունն անբարոյականություն չէ, երբ չեն հարմարեցնում անձնական շահերին: Արթուր Մկրտչյանի դաշնակցական լինելը պատճառ էր դարձել նրա` Հայասատանի իշխանությունների թշնամական վերաբերմունքին արժանանալու համար, ինչը դրսեւորվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ դառնալու առաջին իսկ օրից: Ազատագրության համար մարտնչող եւ Արցախին ազատություն բերած ղեկավարը մերժվում է մայր հայրենիքի կողմից։ Անկախ նրա՝ Հայաստանի նախկին իշխանությունների կոկորդում լինելուց՝ նա ոսկորի նման էր. ոմանք չէին հանդուրժում դաշնակցական, մյուսներն էլ` սկզբունքային լինելու համար:

«Մի օր շատ պատահական խոսակցություն լսեցի այն մասին, թե ինչպես է ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դժգոհել, որ Արթուրն է ընտրվել Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ եւ ասել էր՝ նախագահը «ձերոնքական է», թող գոնե տեղակալը «մերոնքական» լինի: Հետո ինձ բացատրեցին, որ «ձերոնքականը» նշանակում էր դաշնակցական է, իսկ «մերոնքականը»` ՀՀՇ-ական: Միայն հետո իմացա, որ Արթուրը Տող գյուղում երդում է տվել եւ Դաշնակցության անդամ դարձել»,- պատմում է  ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը:

ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանն այսպես էր նկարագրել Արթուր Մկրտչյանին. «Արթուրը մեծ պատասխանատվությամբ անցավ աշխատանքի, բայց ամենամեծ հարվածը ստացավ սկզբից: Դա այն է, որ ՀՀ նախագահը չշնորհավորեց ընտրության կապակցությամբ: Շատ վատ ազդեց Արթուրի վրա, որովհետև հիշում եմ՝ երբ հանդիպեցի Արթուրին, ասում էր, թե` այդպիսի բան ինչպես կարող էր լինել: Որովհետև մենք էլ շատ լավ գիտակցում էինք, որ Ղարաբաղում չէր կարելի ունենալ մի իշխանություն, որը հակադրված լինի Հայաստանի իշխանությանը: Մենք պատկերացնում էինք այսպես` ճիշտն այն է, որ Ղարաբաղում լինի, այսպես կոչված, դաշնակցական իշխանություն, իսկ Հայաստանում ` ոչ դաշնակցական, սակայն  ներքուստ ամեն ինչ համադրված ու համաձայնեցված լինի: Եվ ուզում էինք այդ զանազանությունը տեսանելի դարձնել արտաքին աշխարհին»:

Ըստ Հրանտ Մարգարյանի` հույս կար, թե այդպիսի զանազանությունը օգտակար պիտի լիներ մեր պայքարին այն առումով, որ Ղարաբաղի անկախացումը հնարավորություն կտար ըմբռնելու Հայաստանի ոչ ծավալապաշտական մտադրությունը, որովհետև Արցախի ազատագրումը ամենից առաջ Արցախի հայության ազատագրումն է Ադրբեջանից: Դա, ըստ Հրանտ Մարգարյանի, միջազգային ասպարեզում մեզ կտար մանևրելու հնարավորություն: «Բայց դա, դժբախտաբար, տեղի չունեցավ Հայաստանի այդ օրերի իշխանությունների վախվորածության, անտեղի հակադաշնակցական տրամադրության բերումով, անտեղի կուսակցամոլության, և վերջին հաշվով իրենց մոտեցումի պտուղն էին ստեղծված դժվարությունները»:

1992-ի ապրիլի 14-ին իր բնակարանում խորհրդավոր պայմաններում գտան մահացած: Այդպես էլ չբացահայտված մնացին նրա մահվան հանգամանքները՝ սպանությո՞ւն, թե՞…

ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը պաշտոնավարեց ընդամենը 97 օր, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ։ Իր հայրենիքի վերջնական ազատագրության և հզորացման նպատակով Արթուր Մկրտչյանը ձգտում էր ազգային առավելագույն միաբանության, ի սկզբանե ճշմարիտ հիմքերից էին բխում նրա արժեքների ընտրության, դավանանքի և դրանց իրագործման դիրքորոշումները:

1