Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը

Այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը

Ես Հադրութն եմ, թոշակառու մանկավարժ Արփիկ Ռուբենի Խասապետյան։

Հայրենակիցնե’ր, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի դեմ ֆոսֆորական ռումբ օգտագործած թշնամին այսօր իր հանցագործությունը քողարկում է բնապահպանական ակտիվիստների կամավորական շարժման քողի տակ՝ թոզ փչելով միջազգային հանրության աչքերին։ Մինչդեռ դա իշխանությունների կողմից ֆինանսավորված սաբոտաժ է, ուղղված իրենց նենգավոր ծրագրերի իրականացմանը։ Ազերին երբ պիտի հասկանա, որ պատմական Արցախը երբեք Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս չի եղել։ Մեծ Հայքի հարյուրավոր դարերի պատմություն ունեցող Արցախ նահանգը ինչպես կարող էր դառնալ ընդամենը 1 դար առաջ ինքնահռչակված Ադրբեջանի մաս։ 30 տարի առաջ Հայաստան, Սփյուռք, Արցախ եռամիասնության, հայրենի հողի ազատագրության համար իրենց կյանքը տված հազարավոր նահատակների, կենդանի մնացած մեր լեգենդար զինվորականների գործած սխրանքների և մեր ժողովրդի կուռ միասնության շնորհիվ հաղթեցինք մեզ պարտադրված պատերազմում, և Արցախը հռչակվեց դեֆակտո կայացած պետություն, ազատ, ինքնիշխան հանրապետություն։

Այսօր Արցախի մեծ մասը օկուպացված է, օկուպացված է նաև իմ հայրենիքը՝ Արցախի ադամանդ համարվող Հադրութը։ Այս բարձր ամբիոնից հայտարարում եմ՝ Արցախը այլևս Ադրբեջանի կազմում լինել չի կարող։

Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր ավելի քան երբևէ մեզ անհրաժեշտ է 88-ի համախմբվածությունը, միասնականությունն ու համերաշխությունը բոլոր նրանց շուրջը, ովքեր իրոք մտահոգված են Արցախի անվտանգության պաշտպանությանը։

Դիմում եմ Ձեզ, թանկագի՛ն մայրեր, քույրեր, եղբայրներ, հայրենիքի ճակատագրով մտահոգված իմ քաջ հայրենակիցներ, Արցախի խիզախ պաշտպաններ, զինվորից մինչև գեներալ, Արցախյան երեք պատերազմների վետերաններ, պետական այրեր, իմ սիրելի հադրութցիներ, ցուցաբերենք կամք, տոկունություն, սթափություն, ճիշտ գնահատենք ռուս խաղաղապահների՝ տարածաշրջանում հարաբերական հանգիստն պահպանելու ջանքերը։ Ջուր չլցնենք թշնամու ջրաղացին, կանգնենք մեր հողին, դիմակայենք ստեղծված դժվարություններին, հիշենք՝ Արցախցին միշտ էլ ապրել է ոչ միայն հացի կարգախոսով, չմոռանանք մեծն Նժդեհի մարգարեական խոսքերը՝ Հաղթում է այն կողմը, որը վստահ է ոչ թե իր սպառազեն բռունցքի, այլ իր ներազեն ոգու գերազանցության։ Անպարտելի է այն դրոշակը, որը պարզում է ցեղի անունով, ցեղի համար։

Ես հավատում եմ՝ Արցախի պետական դրոշը կրկին ծածանվելու է Հադրութի խորն աղբյուրի դարավոր Տնջրու գագաթին։

1