Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է
Գլխավոր » Լրահոս » Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է

Այսօր Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրն է

Արցախի Հանրապետությունը 33 տարեկան է, Արցախը շարունակում է իր պայքարը՝ հանուն արդարության եւ իր իրավունքների ճանաչման։

1991թ. սեպտեմբերի 2-ին, ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային Խորհրդի, Շահումյանի շրջանային Խորհրդի և բոլոր մակարդակների Խորհուրդների պատգամավորների համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և նրա պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին հռչակագիր ընդունեց:

1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեի արդյունքում Արցախի բնակչության 99.89%-ն «այո» ասաց անկախությանը:

1991թ. դեկտեմբերին արցախցիները մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավորների ընտրություններին։ Ձևավորվեց հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Գերագույն խորհուրդը։ Իսկ 1992թ. հունվարին տեղի ունեցավ հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանը, որն ընդունեց ԼՂՀ-ի անկախության հռչակագիրը։ Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Արթուր Մկրտչյանը։ Հանրապետությունն ունեցավ իր պետական դրոշը, զինանշանն ու օրհներգը։ ԼՂՀ դրոշը եռագույն է՝ կարմիր, կապույտ, նարնջագույն, սպիտակ գույնի հնգատամ սանդղանման զարդանախշով։

Արցախցիները տոնը արժեւորում են Արցախից դուրս, հոգում վերադարձի հուսը փայփայելով։ Այսօր՝ Արցախի Նախագահի եւ Սրբազան Հոր առաջնորդությամբ նրանք Եռաբլուրում էին՝ ծաղիկներ խոնարհելու Հայրենիքի նվիրյալների հիշատակին։

Երեւանի Արցախի ներկայացուցչությունում այցելում են մարդիկ, ովքեր Արցախի պետականության կերտման ճանապարհին Արցախի կողքին էին եւ այսօր էլ կարեւորում են Արցախի պետականության պահպանումը։

Օրվա վերջում ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ի նախաձեռնությամբ կկայանա <Վերադարձ> խորագիրը կրող միջոցառում։

1