Այսօր Արցախյան պատերազմի հերոս, դաշնակցական Վարդան Ստեփանյանը կդառնար 56 տարեկան
«Հողը սիրում է նրան, ով իրեն է սիրում։ Հողը զգում է՝ ում ապավինել։ Հողը գրկում է ոտքերդ ու խնդրում՝ մի՛ գնա, մի՛ թող ինձ անտեր»։
ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
1966 թ. մարտի 8-ին Երևանում ծնվեց Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը (Դուշման Վարդան):
1984թ. կամավոր ծառայության է անցել Աֆղանստանում: Զորացրվելուց հետո Դուշմանը ընդունվում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ: Արցախյան պատերազմի առաջին տարիներին համագործակցել է Հայ դատի ռազմական թևի հետ: Ընկերոջ` Արմեն Երիցյանի հետ, ստեղծել է ռազմական «Ասպետ» դպրոցը, որտեղ պատրաստվում էին Արցախ մեկնող ֆիդայիները:
Դուշմանը մասնակցել է Իջևանի և Նոյեմբերյանի շրջաններում տեղի ունեցող մարտերին, այնուհետև անցել է Արցախ, որտեղ մասնակցել է Բադարա և Ասկերանի շրջանի Դահրավ գյուղերի ինքնապաշտպանության կազմակերպմանը: 1991թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակցության ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը (Բեկոր), մասնակցել է ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղի ազատագրման մարտերին:
Վարդանի տղաների հաջորդ հաղթանակը Ստեփանակերտի արվարձան Կրկժանի` ադրբեջանական ամուր հենակետի ոչնչացմանն ուղղված օպերացիան էր 1992թ. հունվարի 22-ին: Քարին Տակի հաղթանակը դարձավ հայկական ուժերի առաջին խոշոր հաղթանակը Արցախյան պատերազմում:
Հաջորդ կարևորագույն հաղթանակներից էին Խոջալուի կրակակետերի ոչնչացումը փետրվարի 25-26-ի գիշերը և Ստեփանակերտի օդանավակայանի ու Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհների բացումը:
ՀՅԴ գաղափարակիր Դուշման Վարդանը մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։ Բնականաբար, Դուշմանի արցախյան ուղու թագն ու պսակը, նրա ռազմատենչ ոգու պոռթկումը Շուշիի ազատագրման պատմական հերոսամարտն էր և հայոց անառիկ բերդաքաղաքի փառավոր ազատագրումը։
1992թ. հուլիսի 3-ին Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում իր ընկերների` Երոյի (Արմեն Երիցյան) և Արայիկի (Արա Ավագյան) հետ մարտական առաջադրանք կատարելիս զոհվեց դավադիր ականից:
Վարդան Ստեփանյանի աճյունն ամփոփվել է Եռաբլուրում: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին կարգի շքանշանով: 2009թ. հուլիսի 3-ին Մյուրիշեն գյուղում, այնտեղ, որտեղ զոհվել է Վարդանը, կանգնեցվել է հուշարձան:
Ականջալուր լինենք հերոսի մտախոհություններին.
•Սիրեք նրան, ինչպես սիրում եք ձեր հորն ու մորը, որովհետև մեր հողը մեր բոլորիս ծնողն է։
•Զենք վերցնել ու գնալ կռվելու արդեն իսկ մեծ հերոսություն է, իսկ ինչպիսին կլինի զինվորը`լավ թե վատ, կախված է հրամանատարից։
•Հայրենիքի անունից սխրանքներ գործել և հավատալ հաղթանակին — ահա սա է մեր ուժի աղբյուրը։
•Աթոռի ժամանակ չէ… իմ տեղը կռվի դաշտում է, ես այնտեղ ավելի պետք եմ։
•ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԱՊՐԵԼ 25 ՏԱՐԻ ԱԶԳԻ ՀԱՄԱՐ,ՔԱՆ 100 ՏԱՐԻ ՔԵԶ ՀԱՄԱՐ։
•Երբ ես ծնվեցի այս հողագնդում,
Ես լալիս էի, աշխարհը` խնդում.
Այնպես ապրեի, որ երբ գնայի
Աշխարհը լացեր, իսկ ես խնդայի…
•Թուրքիան մեր դարավոր թշնամին է: Ամաչում եմ ազգիս այն տղաների համար, որոնք գնում են Ռուսաստան կամ պատշար կամ էլ հնոցապան դառնում: Իսկ իսկական զինվոր ո՞վ պետք է դառնա:
•Որքան հաճելի է մարդկանց օգնելը: Ամենամարդասիրական աշխատանքը կմնա ուսուցչի և բժշկի աշխատանքը:
•Մի ազգի մեջ այդքան կուսակցությու՞ն: Կորչեն բոլոր այն մարդիկ ու կուսակցությունները, որ խանգարում են ազգի շահերին:
•Հայրենիքի համար սխրանք կատարելն ու հաղթանակելու հավատն են մեր ուժի աղբյուրները: Ոսկու հետևից ընկնելով` մենք մեր հողերը կկորցնենք:
•Եթե զոհվեմ` զինված, մաքուր հագնված կգաք թաղմանս ու գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ…