Այս տղաների սխրանքն է, որ մեզ հույս է տալիս Արցախը պահել և զարգացնել
Գլխավոր » Լրահոս » Այս տղաների սխրանքն է, որ մեզ հույս է տալիս Արցախը պահել և զարգացնել

Այս տղաների սխրանքն է, որ մեզ հույս է տալիս Արցախը պահել և զարգացնել

Արցախի «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում կամավորական հիմունքներով աշխատանքի է անցել Օշին Տինգիզյանը: Նա ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միությունից է և Լիբանանի Բեյրութ քաղաքի՝ Լիբանանահայ օգնության խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնի ու ‹‹Ռազմիկ Պէօճեքեան›› սեփական կլինիկայի Ֆիզիոթերապիստ։ Ստորև ներկայացնում ենք «Ապառաժ»-ի հարցազրույցը նրա հետ:

-Ինչպե՞ս որոշեցիք գալ Արցախ:

-Արցախյան վերջին պատերազմի առաջին օրվանից որոշել էի, որ պետք է մեկնեմ Արցախ, որպեսզի մասնագիտական գիտելիքներս ծառայեցնեմ ի շահ հայրենիքի և օգնեմ վիրավորներին: Ցավոք սրտի, չստացվեց, որովհետև չկար այն ճանապարհային քարտեզը, որը պետք է ուղղորդեր ինձ դեպի Արցախ:

Սակայն երբ ՀՅԴ Բյուրոյի երիիտասարդական գրասենյակը հանդես եկավ Արցախի օժանդակության ծրագրով, ես մեծ ուրախությամբ արձագանքեցի և պատրաստակամություն հայտնեցի կամավոր հիմունքներով օգնել պատերազմում վիրավորված մեր զինվորներին, քանի որ արդեն ավարտել եմ և աշխատելու փորձ ունեի:

-Որտեղ եք աշխատում Լիբանանում  ինչքա՞ն ժամանակ է արդեն, որ աշխատում եք:

-Արդեն 3 տարի է՝ ինչ ավարտել եմ ուսումս և աշխատում եմ Բեյրութի  2 տարբեր կենտրոններում՝ Լիբանանահայ օգնության խաչի «Արաքսի Պուլղուլճեան» ընկերաբժշկական կենտրոնում ևւ ‹‹Ռազմիկ Պէօճեքեան›› սեփական կլինիկայում՝ որպես ֆիզիոթերապիստ:

-Գիտեի՞ք մինչ այս Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի մասին:

— Ճիշտն ասած մինչև Հայաստան գալս չէի լսել այդ կենտրոնի մասին: Պետք է ասեմ, որ բավականին տպավորված եմ այդ կենտրոնով: Շատ զարգացած, բազմաֆունկցիոնալ և լայն հնարավորություններով կենտրոն է:

-Ո՞ւմ հետ եք այստեղ աշխատում, ովքե՞ր են Ձեր հիվանդները:

-Հիմնականում պատերազմում վիրավորված զինվորների հետ եմ աշխատում: Բավականություն եմ զգում և ոգևորվում եմ նրանց հետ աշխատելով:

­-Իսկ ի՞նչն է հատկապես ոգևորում Ձեզ:

Նրանց հետ աշխատելու ժամանակ լսում եմ նրանց պատմությունները: Գիտե՞ք նրանք բոլորն էլ իսկապես հերոսներ են: Նրանք թեև անցել են դժոխքի միջով, բայց ոչ միայն հուսահատված չեն, այլև վճռականությամբ են լցված՝ ետ բերել կորցրածը: Այս տղաների սխրանքն է, որ մեզ հույս է տալիս Արցախը պահել և զարգացնել:

«Ապառաժ»-ը զրուցել է պատերազմում վիրավորված զինվորներից մեկի հետ, ով բուժվում է «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնում: Նա  նշեց, որ Օշինը շատ լավ մասնագետ է և  իրենց  շատ է օգնում վերականգնողական բուժման ընթացքում:

Իսկ «Քերոլայն Քոքսի» անվան վերականգնողական կենտրոնի աշխաատակիցները «համեստ», «կիրթ», «հոգատար», «շատ պատրաստակամ», «աշխատասեր», «չափից շատ կարգապահ» բառերով են նկարագրում Օշին Տինգիզյանին, և ավելացնում, որ շատ հեշտ է մտերմացել իրենց հետ, իսկ յուրաքանչյուր հիվանդի անհատական մոտեցում է ցուցաբերում և ընկերանում նրանց հետ, ինչը կարևոր գործոն է նրանց վերականգնողական բուժման ընթացքում:

1