Այս տարի լրանում է Աշանի և Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզների գործունեության 20-ամյակը
Գլխավոր » Լրահոս » Այս տարի լրանում է Աշանի և Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզների գործունեության 20-ամյակը

Այս տարի լրանում է Աշանի և Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզների գործունեության 20-ամյակը

Այս տարի լրանում է Աշանի և Ակնաբերդի «Սոսե» մանկապարտեզների գործունեության 20-ամյակը: Չնայած 2023թ. սեպտեմբերին բռնի տեղահանությունից հետո մանկապարտեզների սաներն ու աշխատակիցները ցրվել են տարբեր վայրերով, ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղը որոշել է նշանավորել նրանց գործունեությունը: ՀՕՄ-ի Արցախի գրասենյակում հավաքվել էին ՀՕՄ-ի Աշանի խումբը, մանկապարտեզների նախկին աշխատակիցները: Ներկա էին նաև ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը և ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Մարո Քեշիշյանը:

ՀՕՄ-ի Արցախի Մեկուսի վարչության ատենապետ Մելանյա Բալայանն իր խոսքում կարևորել է մանկապարտեզի գործունեությունը. «20-ամյա, միգուցե ավելի երկար կենսագրությունը ձերն է, որովհետև դա մեր, ձեր, բոլորիս հայրենիքում եք դուք կերտել ու ստեղծել»,- նշել է նա:

Ներկաներին ուղղված խոսքով հանդես է եկել նաև Կենտրոնական վարչության անդամ Զոյա Քոչարյանը: Նա կարևորել է ՀՕՄ-ի, հայ կնոջ դերը մեր պատմության ընթացքում: «Հայ կինը միշտ էլ ուժեղ է եղել, դրա համար էլ պետությունը միշտ ամենադժվար աշխատանքը տվել է կնոջը: Հայ տղամարդը գնացել է պաշտպանելու երկիրը, հայ կինը մնացել է տանը և եթե ելք չի եղել, կանգնել է ամուսնու ու որդու կողքին: Այսօր շատ վատ վիճակում ենք, կորցրել ենք մեր հազարագանձ Արցախը, բայց վստահ եմ, որ այս քաղաքական խաղերի վերջը կգա, Արցախը նորից մերը կլինի, նորից այնտեղ կգործենք»,- ասել է նա:

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Մարո Քեշիշյանի խոսքով՝ նա Արցախը ճանաչել է Աշանով. «Ի պատիվ մեր ընկեր Դավիթ Իշխանյանի, երբ Արցախ էինք գալիս, մեր կենտրոնը Աշանն ու Իշխանյանի տունն էր: Խնդրում եմ ամուր մնալ, կանգնուն մնալ և երբեք չհուսահատվել»,- իր խոսքում նշել է Մ. Քեշիշյանը:

ՀՕՄ-ի Աշանի «Սոսե» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովաննիսյանը նշել է, որ ՀՕՄ-ի Աշանի խումբը ձևավորվել է 2005 թվականին, որտեղ ընդգրկվել են 2004 թվականից արդեն գործող ՀՕՄ-ի մանկապարտեզի և Աշանի դպրոցի մի խումբ աշխատակիցներ: Խումբն ակտիվորեն մասնակցել է գյուղում և Արցախում ՀՕՄ-ի իրականացրած ծրագրերին, հաճախ հանդես եկել սեփական նախաձեռնություններով ու գաղափարներով՝ աշխուժացնելով գյուղի առօրյան, օգնության ձեռք մեկնելով կարիքավորներին:

«Այս տարի պետք է նշեինք մեր մանկապարտեզի գործունեության քսանամյա հոբելյանը, սակայն խաթարվեց մեր բնականոն աշխատանքի ընթացքը: Հայրենազրկվեցինք: Այնուհանդերձ, թույլ տվեք շնորհակալություն հայտնել մանկապարտեզի աշխատակազմին՝ անձնվեր աշխատանքի և անմնացորդ նվիրումի համար»,- նշել է նախկին տնօրենը: Իր սրտի խոսքը ներկաներին ուղղեց նաև ՀՕՄ-ուհի, Աշանի դպրոցի նախկին ուսուցչուհի Արմինե Ավանեսյանը։

ՀՕՄ-ի կառույցի անունից խորհրդանշական նվերներ հանձնվեցին հիմնադրման պահից ի վեր մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանին, դաստիարակ Անահիտ Կարապետյանին, խոհարար Արևիկ Գրիգորյանին:

Տաթեւիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ

1