«Այս փուլում հիմնական թիրախը Իրանն է լինելու, սակայն Իլհամ Ալիեւը կձգտի օգտվելով իրավիճակից՝ նոր հարվածներ հասցնել Հայաստանին»
«Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք հնարավոր ագրեսիվ գործողությունները կարող են Իրանում ներքին իրավիճակն ապակայունացնելուն միտված կարեւոր գործոններից մեկը լինել»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանը։
– Հայաստանյան քաղաքական դաշտում մեծ հուզումների տեղիք է տվել Թուրքիայի նախագահի վերջին հայտարարությունը, որն ուղղակի խոստովանություն եւ հաստատում է, որ Թուրքիան ներգրավված է եղել Հայաստանի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմում։ Ի դեպ, այդ դրվագով, նաեւ այժմ կալանքի տակ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն էլ հայտարարել էր, որ Հայաստանի հաշվարկներում չեն մտել Թուրքիայի ներգարվվումը արցախյան թատերաբեմում։ Այս գործընթացների ետեւում ի՞նչ է թաքնված, աշխարհաքաղաքական ո՞ր կենտրոնը, ըստ Ձեզ, ինչպե՞ս եւ ինչո՞ւ խաղարկեց Հայաստանի շահերը։
-Այն, ինչ վերջին տարիներին տեղի ունեցավ Հայաստանի հետ, ներառյալ Արցախի կորուստն ու հայաթափումը, հավանաբար, միջազգային քաղաքական-տնտեսական վերնախավերի մի մասի լայն կոնսենսուսի արդյունք է։ Առիթ ունեցել եմ նաեւ նախկինում ասելու, որ Հարավային Կովկասում առկա ստատուս քվոն խախտելու պայմանավորվածությունը ազդեցիկ միջազգային խաղացողների միջնաժամկետ շահերի փոխադարձ ապահովման համատեքստում է տեղի ունեցել։ Կարելի է միանգամայն հիմնավոր եզրակացության հանգել, որ Արցախի հանձնումն ու ՀՀ տարածքի մի մասի օկուպացիան, տեղի է ունեցել Ուկրաինայում պատերազմ սկսելու իրավունքի եւ Մոսկվայի՝ Թուրքիայի շնորհիվ կատարյալ մեկուսացումից խուսափելու առարկայական երաշխիքների դիմաց։ Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ այն, որ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան, Իսրայել շրջանակի տեղային շահերի առաջմղումը շատ ավելի ընդգրկուն վերպետական, աշխարհաքաղաքական գործընթացի ուղղորդումն ու կառավարումը ապահովող ծրագրի բաղադրատարր է եւ ունի կոնկրետ հովանավորներ ու շահառուներ՝ նշված շրջանակից դուրս։
– Թուրքիայի նախագահի հայտարարությունները նաեւ քայլեր են ենթադրում եւ օղակն էլ տարածաշրջանում, կարծես սեղմվում է։ Այս ֆոնին, Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հերթական հանդիպումը եղավ, Ադրբեջանն էլ գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում է, որ «հայկական կողմը լուրջ պրովոկացիա է պատրաստում սահմանին»։ Ու մինչ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ քշելով գնում է դեպի խաղաղության համաձայնագրի ստորագրում, նաեւ՝ ըստ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել սահմանազատման գործընթացի շուրջ, Արարատ Միրզոյանը ահազանգել էր, որ COP29-ից հետո Ադրբեջանը հարձակում է նախապատրաստում։ Այս աշունը, կարծես, իրապես թեժ ու ճակատագրական է լինելու Հայաստանի համար։ Ի՞նչ սպասել՝ նաեւ ամերիկյան ու վրացական ընտրությունների համատեքստում։
-Կարծում եմ, որ մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն աստիճանաբար թեժանալու է։ Մեծ է հավանականությունը, որ Հայաստանը նաեւ նոր ռազմական հակամարտության կառերեսվի, թեեւ չեմ բացառում, որ այն կարող է կապված լինել առավելապես Իրանի հետ։ Այսինքն՝ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի կողմից ձեռնարկվելիք հնարավոր ագրեսիվ գործողությունները կարող են Իրանում ներքին իրավիճակն ապակայունացնելուն միտված կարեւոր գործոններից մեկը լինել։ Այն տեսակետին եմ, որ այս փուլում հիմնական թիրախը Իրանն է լինելու, սակայն կոնկրետ Իլհամ Ալիեւը անձնապես կձգտի օգտվելով իրավիճակից նոր հարվածներ հասցնել Հայաստանին։ Այս առումով շատ կարեւոր է զանազանել Ադրբեջանի նախագահի անձնական ցանկություններն ու նկրտումները՝ խոշոր եւ իրապես ազդեցիկ դերակատարների իրական նպատակներից ու ծրագրերից. դա թույլ կտա առավել ճկուն մարտավարություն մշակել՝ հնարավոր ռիսկերը նվազեցնելու համար։ ԱՄՆ ընտրությունների արդյունքները դժվար թե մեր տարածաշրջանում վարվող ամերիկյան քաղաքականության համար շրջադարձային հետեւանքներ ունենան՝ գուցե փոքր-ինչ դանդաղեն Թրամփի ընտրվելու դեպքում: Ինչ վերաբերվում է Վրաստանին, ապա այս պահին ես ընդդիմության հաջողության հասնելու հավանականությունը մի փոքր ավելի բարձր եմ գնահատում:
-Իրանի հոգեւոր առաջնորդն ուղիղ հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին: Ադրբեջանական հեռուստաալիքներով եւ տելեգրամ ալիքներով ամենօրյա ռեժիմով խոսվում է, որ այդ մասով համաձայնությունները կան, վերահսկողությունն էլ ամերիկյան ինչ-որ ընկերության է վստահվելու։ ՀՀ իշխանությունն էլի լուռ է։
– Իրանի համար Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցք» նախագծի իրականացման փորձերը նախ եւ առաջ ռազմաքաղաքական բնույթի նոր ռիսկերի աղբյուր են եւ չեն կարող չմտահոգել պաշտոնական Թեհրանին։ Ամեն դեպքում Իրանի հոգեւոր առաջնորդն իր մտահոգությունները հրապարակավ է արտահայտել ՀՀ վարչապետի ներկայությամբ ու եթե վերջինս չի առարկել ու լռել է, ապա դա կարելի է ընկալել որպես ասվածին համաձայնության նշան։
– ՀՀ կառավարության տարածած՝ այդ հանդիպմանը վերաբերվող հաղորդագրության մեջ, «Զանգեզուրի միջանցքին» վերաբերվող հիշատակում չկա։
– Ամեն դեպքում, այն տպավորությունն ունեմ, որ ՀՀ գործող իշխանությունն այլեւս համակերպվել է այն իրողությանը, որ այս հարցում որոշիչ ձայնի իրավունքից զրկված է ու նախընտրում է դրան հնարավորինս քիչ անդրադառնալ:
– Տպավորություն է, որ մեծ իմաստով հավաքական Արեւմուտքը եւ ՌԴ-ն իրար մեջ հստակեցրել են տարածաշրջանի քարտեզը ու միայն Իրանն է ընդվզում դրա դեմ։ Ներհայաստանյան կյանքում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես միմյանց փոխլրացնելով են «խաղում»՝ արդյունքում զիջելով առաջ ենք գնում։ Մենք անզո՞ր ենք մեր շահերին տեր կանգնելու, թե՞ դեռ ամեն ինչ կորած չէ։
– Պետք է նախ հստակ սահմանենք, թե «մենք» ասելով կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունենք։ Կարծում եմ, որ գործող իշխանությունը ինքնուրույն քաղաքական դերակատարում ունենալու ոչ ցանկություն, ոչ էլ ունակություն ունի։ Խորհրդարանական ընդդիմությունն այս առումով էլ ավելի վատ վիճակում է։ Վերջին ամիսներին փողոցում ծավալվող շարժումն ընդունակ չգտնվեց ձեւավորելու այն քաղաքական պլատֆորմը, որի հիման վրա հնարավոր կլիներ արդյունավետորեն դիմակայել ներքին դեստրուկտիվ գործընթացներին ու արտաքին մարտահրավերներին։ Անգամ ճամփա անցած մարդիկ չեն պատկերացնում, թե իրականում ի՞նչ է պետք անել, որտեղի՞ց է պետք գործը սկսել, որպեսզի Հայաստանի անվտանգային ու զարգացման խնդիրները արդյունավետ լուծումներ ստանան։ Բայցեւայնպես՝ քանի դեռ ամեն ինչ իրականում վերջնականապես ու անդառնալիորեն չի կորել, ելքը գտնելու եւ դրանից օգտվելու հեռանկարը կպահպանվի։ Տեսականորեն կպահպանվի։
Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ 02.08.2024