Այս պահի ամենամեծ ցանկությունս է՝ մեր հոգու պոռթկումը տեսնել․․․
(Մտորումների շարքից)
․․․ Մտորումներիս հերթական թափառումների պահն էր։ Ստեփանակերտում էի․ մտա իմ տուն, հետո՝ երեխաներիս տուն։ Կարծես իրական լիներ։ Ինքնաբերաբար տեղիցս վեր կացա, աշխատասենյակիս պատից կախված գրատախտակի պատվանդանից վերցրի մատիտը և սկսեցի արագ-արագ խզմզել։ Չգիտեի՝ ինչ եմ գծում կամ նկարում, բայց ձեռքս ինքնաբերաբար գնում էր։ Երևի 10-15 րոպե տևեց, կամ՝ միգուցե ավելի քիչ, և գրատախտակին ոչ այնքան հարթ գծագրվեցին բոլոր այն բնակարանների նախագծային պատկերները, որ ես ու իմ երեխաները թողել էինք Արցախում։ Առաջինը գծագրվեց Մարտունի քաղաքի այն տունը, որ ես ու ամուսինս միասին գծագրել ու սկսել ենք շինարարությունը Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ պատերազմին զուգահեռ։ Սակայն այդպես էլ չենք հասցրել ավարտել․ ամուսինս զոհվել է, և իրենից հետո տան շինարարությունն ավարտել է եղբայրը։ Այնուհետև գրատախտակին գծագրեց այն տունը, որտեղ ավագ որդուս ընտանիքի հետ ապրում էի, որից հետո՝ կրտսեր որդուս և դստերս բնակարանները։ Հետո ցած դրի մատիտը, նստեցի տեղս ու նորից ինքնաբերաբար սկսեցի մեկ-մեկ անցնել բոլոր բնակարաններով, հիշել յուրաքանչյուր մանրուք, որ այնտեղ է մնացել։ Հոգիս ցավում էր հիշողության ծանրությունից․․․
Աշխատասենյակիս գրատախտակին գծագրված պատկերները չեն լքում ինձ նույնիսկ առանց դրանք տեսնելու․ ամբողջ օրը մտովի քայլում եմ Արցախի հարազատ վայրերով, մտնում բոլոր քաղաքների ու գյուղերի դպրոցներ, որտեղ եղել եմ աշխատանքի բերումով, կարոտում եմ բոլոր այդ վայրերը, այդտեղի եկեղեցիները, հիանում բնությամբ․․․ Այս ի՞նչ եղանք, ինչպե՞ս կապրենք այսուհետ․․․ Այնպե՞ս, ինչպես ապրել ենք այս մեկ տարում՝ յուրաքանչյուր օրվա խնդիրների հետ ապրելով, ոչինչ չզգալով․․․ Անհնար է․․․
Չգիտեմ՝ երբևիցե նորից կունենա՞նք մեր նախկին կյանքը, կվերադառնա՞նք մեր տները, բայց կուզեի, որ վերադառնանք և, որքան հնարավոր է, շուտ, այլապես այսպես անհնար է դիմանալ։ Ինչքան էլ խուսափենք սոցցանցերում հարազատ վայրերի նկարները կամ տեսանկարները նայելուց, միևնույն է՝ քնած, թե արթուն մեր միտքն անընդհատ թափառում է այնտեղ, որտեղ մեր ամենօրյա կյանքն է անցել, որտեղ մեր առօրյան հստակ ընթանում էր իր ուղով։ Իսկ հիմա չգիտենք, թե որտեղ կամ ինչպես կսկսվի ու կավարտվի մեր յուրաքանչյուր օրը։ Ապրում ենք թիթեռի պես՝ տվյալ օրով, հաջորդ առավոտ նույնպես՝ տվյալ օրն սկսում ու շարունակում։ Բայց մտովի կարծես ոչ մի ընդհատում էլ չի կատարվել․ անընդհատ քայլում, ապրում ենք մեր ծանոթ տեղերում։
Մեզ հետ շփվող, մեզ հանդիպող մարդկանց երևի թվում է, թե մենք ոչինչ չենք զգում։ Ոչ, հազար անգամ ոչ, այդպես չէ․․․ Մեր հոգին ու մարմինը ոչ միայն զգում, այլ նաև տառապում ու մաշում է մեզ։ Մարդ ինչպե՞ս կարող է ամբողջ կյանքի ապրածը միանգամից մոռացության տալ․ անհնար է։
․․․ Վերջին օրերին առավել շատ եմ բռնում ինձ այն մտքի պահին, երբ քայլում եմ Ստեփանակերտի կամ Արցախի մեկ այլ բնակավայրի փողոցներով։ Երբեմն էլ թոռնիկներս են պատահաբար մեր հեռախոսների նկարները փորփրում ու սկսում խոսել, և բոլորս միասին հետադարձ կապով սկսում ենք հիշել ու խոսել մեր նախորդ կյանքի մասին, երբ ամեն ինչ նորմալ էր, կայուն։ Չես կարող երեխաների հարցերին չպատասխանել, կամ իրենց հետ չհիշել։
Իսկ երեխաներին պատասխանելուց առաջ նախ ինքներս մեր հարցերին պիտի կարողանանք պատասխանել․․․ Որտե՞ղ սխալվեցինք, ու՞մ վստահեցինք մեր կյանքը, կամ՝ ովքե՞ր իրենց սխալ ընտրությամբ սխալ ուղով տարան մեր բոլորի կյանքը, և բոլորս հայտնվեցինք նույն նավակում՝ ինչպես ասում են։ Հարցեր, որոնց պատասխանները նույնիսկ գտնելու դեպքում արդեն ուշ է շատ հարցերի համար։ Միգուցե դեռ հնարավո՞ր կլինի վերադարձնել մեր նախորդ կյանքը, միգուցե՝ մոտ ապագայում, կամ՝ ոչ մոտ ապագայում․․․ Միգուցե։ Բայց, մինչ այդ, շատերը չեն դիմանում և լքում են այս կյանքը, շատերը պայքարում են՝ ինչքան հնարավոր է, շատերն էլ ուղղակի ապրում են՝ մեխանիկորեն, առանց մտածելու, առանց պայքարելու, քանզի հոգնել են ամեն ինչից։
․․․ Այնպես կուզեի՝ այս ամենը մի տխուր երազ լիներ․ բացեի աչքերս և ամեն ինչ վերադառնար իր տեղը, վերադառնային բոլոր այն մարդիկ, այն տղաները, որ Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Հիմնականում շատերը դեռ ընտանիք չէին կազմել, կամ նոր-նոր էին սկսել իրենց մեծ ընտանեկան կյանքը։ Պատկերացնում եմ, թե ինչքան հարուստ կլինեինք ազգովի, ինչքան շատ երջանիկ ընտանիքներ կունենայինք, և հնարավոր չէր լինի մեզ հաղթել։
Մենք ոչ միայն կորցրինք մեր տղաներին, մեր հայրենակիցներին, այլև շարունակում ենք կորցնել, իսկ ողջերս կորցրել ենք ինքներս մեզ։ Մենք դադարել ենք երջանիկ ազգի ներկայացուցիչներ լինել, հուսախաբ ենք եղել շատ հարցերում, կորցրել ենք մեր հավատը շատ հարցերում։ Չգիտեմ, ինչ հրաշք պիտի տեղի ունենա, որ գոնե ողջերս կարողանանք այնպես վերագտնել մեզ, մի բռունցք դառնալ, որ միասին, ազգովի մեր պայքարի ոգով հասնենք ցանկալիին։ Ներկայումս պայքարի ոգին բավարար ուժեղ չէ արդյունքի հասնելու համար։ Առայժմ շատերիս աչքերում իրականությունը մշուշոտ է թվում, և կամաց-կամաց կարծես հարմարվում ենք մշուշին, փոխանակ վանենք մեզնից մշուշը ու պոռթկանք․․․
Այս պահի ամենամեծ ցանկությունս է՝ մեր պոռթկումը տեսնել, որ եղած իրավիճակի համեմատ՝ գոնե մի փոքր սփոփիչ հանգրվանի հասնենք․․․ Հուսամ՝ այս անորոշ վիճակը երկար շարունակություն չի ունենա, թե չէ՝ խենթանալ կարելի է․․․
Գ. Գալստյան