Այս մայրերը մեր ժամանակի չերգված հերոսներն են. նրանց պատմությունները արժանի են լսվելու ու հիշվելու

Մայրության և գեղեցկության տոնը Հայաստանում՝ տխրության ֆոնին։
Բոլոր ժամանակներում ինչպես աշխարհի շատ ժողովուրդների, այնպես էլ հայերի մոտ մայրը եղել է պաշտամունք։ Մոր կերպարի հետ անքակտելիորեն կապված են բոլոր նվիրական հասկացությունները՝ լեզու, հայրենիք։ Ամեն տարի ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը՝ Հայաստանում մայրությունը և գեղեցկությունը մեծարելու համար։ Ամեն տարի այս օրը մենք լսում ենք բազմաթիվ շնորհավորանքներ, գովեստի խոսքեր՝ ուղղված մեր մայրերին ու կանանց։
Այդ օրը, սակայն, ես մտածում ու հիշում եմ այն հազարավոր հայ մայրերի մասին, որոնք իրենց պատմություններով, հույզերով ու հիշողություններով կիսվել են ինձ հետ հարցազրույցների ու հանդիպումների ժամանակ, ու այդ պատմություններ, իրենց ցավի խորության և միաժամանակ տոկունության բացառիկ վկայություններ են։ Մայրեր, որոնք կորցրել են իրենց միակ որդիներին։ Մայրեր, որոնք երկու որդի են կորցրել պատերազմի նույն օրը։ Մայրեր, որոնց կյանքը դաջված է անվերջ կորուստներով․ նրանք որդիներ են կորցրել ամեն պատերազմում։ Ես խոսել եմ մայրերի հետ, որոնք թողել են իրենց որդիների գերեզմանները և ստիպված բռնել գաղթի ճանապարհը։ Խոսել եմ մայրերի հետ, որոնք ֆիզիկական ոչնչացման վտանգի տակ անգամ հնարավորություն չեն ունեցել հողին հանձնելու իրենց որդիներին։
Մայրեր կան, որ գերեզմանից հանել են որդիների մարմինները և բերել իրենց հետ՝ վերստին ամփոփելու Արցախից դուրս՝ հայրենիքի մյուս հատվածում։ Խոսել եմ մայրերի հետ, որոնց որդիների ճակատագիրն անհայտ է, բայց նրանք ապրում են չմարող հույսով, որ որդիները գերի լինեն, ոչ թե ընդմիշտ անհետացած։ Մինչդեռ կան մայրեր, որոնք նախընտրում են իրենց որդիների մահացած, բայց ոչ երբեք գերության մեջ հայտնված լինելը՝ լավ պատկերացնելով դրա բոլոր սարսափները։ Ես հանդիպել եմ մայրերի, որոնք չեն դիմացել անհետ կորած որդիների սպասման ցավին ու մահացել են։ Տեսել եմ մայրերի, որոնք մխիթարություն են գտնում իրենց թոռների մեջ՝ փնտրելով կորցրած որդիների պատկերները նրանց յուրաքանչյուր շարժման մեջ։ Շատ մայրեր էլ տատիկ դառնալու հնարավորություն չունեն․ նրանց որդիները չեն հասցրել երեխաներ ունենալ, և ընտանիքի մասին երազանքը կիսատ է մնացել։
Մայրերից մեկն ինձ հետ կիսվեց, որ զոհված որդու հիշատակն ու ներկայությունը պահելու համար բանաստեղծություններ ու գրքեր է գրում նրա մասին։ Կան մայրեր, որոնք որդիների շիրիմներին ամեն օր այցելելու համար տուն են վարձակալում Եռաբլուրի կամ այն գերեզմանի մոտ, որտեղ հուղարկավորված է իրենց որդին։ Նրանցից մեկն ինձ ասաց, որ այնքան հաճախ է այցելում գերեզմանատուն, որ ծաղկավաճառը իրեն աշխատանք է առաջարկել գերեզմանի մոտակայքում գործող փոքրիկ ծաղկի խանութում։ Որոշ մայրեր հրաժարվում են պատրաստել իրենց որդու սիրելի ուտեստը, քանի որ նրա բացակայության ցավը չափազանց ծանր է, որոշները տարիներ շարունակ պահում են իրենց որդիների շապիկը, որի բույրը որդու ներկայությունը զգալու միակ միջոցն է, որոշներն էլ հավատում են, որ իրենց որդիների հոգիները ապրում են երկնքում, և մխիթարություն են գտնում իրենց հավատքի մեջ։
Ես խոսել եմ այն մայրերի հետ, որոնց դպրոցական որդիները, սպասելով հաց փնտրող մորը, սպանվել են արկի պայթյունից։ Լսել եմ մայրերի, որոնց զավակները չեն ծնվել շրջափակման ժամանակ տարբեր զրկանքների պատճառով։ Մայրերից մեկն ասաց, որ իր ամենամեծ երազանքն է կառուցել գերեզմանաքար իր երկու փոքրիկ որդիների համար և ապրել մոտակայքում՝ նրանց մոտ գտնվելով։ Կան մայրեր, որոնք փորձում են զբաղվածությամբ մեղմել իրենց ցավը՝ միաժամանակ մի քանի տեղ աշխատելով։ Մյուսները ավելի ուշ տարիքում ունենում են ևս մեկ որդի և նրան տալիս կորցրած որդու անունը՝ նրա մեջ փորձելով վերագտնել իրենց ամենաթանկ կորուստը և շարունակել գերդաստանի ժառանգությունը։
Այս մայրերը մեզ օտար չեն. նրանք ապրում են մեր կողքին՝ իրենց վիշտը լուռ կրելով։ Նրանք այս անդառնալի վշտի մեջ մեր սիրո, կարեկցանքի և ըմբռնման կարիքն ունեն։ Այս մայրերը մեր ժամանակի չերգված հերոսներն են, և նրանց պատմությունները արժանի են լսվելու ու հիշվելու:

Մարետա Ավանեսյանի ավագ որդին՝ Գարիկը, զոհվել է 2015 թվականին, իսկ կրստեր որդին՝ Մանվելն ու թոռը՝ պայմանագրային զինծառայող Գոռը՝ 2023 թվականին Ստեփանակերտի հարակից տարածքի պայթյունի ժամանակ։
Անտանելի ցավին չդիմանալով՝ տիկին Մարետան երկու անգամ հայտնվել է հոգեբուժարանում, բայց այժմ իր մեջ ուժ գտնելով, հանուն որդիների հիշատակի փորձում է վերագտնել իրեն։Նա նորից վերակառուցել է ամուսնու, ավագ որդու և մյուս որդու՝ Արցախում մնացած շիրմաքարերը Աբովյանի գերեզմանոցում։ Ու քանի որ ամեն օր այցելում է գերեզմանոց,մոտակա փոքրիկ խանութի ծաղկավաճառը նրան աշխատանքի է վերցրել։
«Ես չգիտեմ՝ ինչպես եմ դեռ ապրում։ Գուցե Աստծո սերն է, գուցե որդիներիս, այդ սիրով ու նրանց մասին հիշողություններով եմ շարունակում ապրել»- ասում է Մարետան։
Երբ երկնքում արև չկա,
Իմ արևը դու ես, Մանվել։
Երբ քաոս է կամ խանդավառ,
Իմ անդորրը դու ես, տղաս։
Երբ հույսերիս ծովն է մարած,
Իմ նավակը դու ես, տղաս,
Երբ արդյունքն է թախիծ ու ճիչ,
Իմ ժպիտը դու ես, տղաս։
Թե մոլորվեմ մութ անտառում,
Արահետս դու ես, իմ կյանք։
Ու թե չկա լույսի նշույլ,
Հույս-հավատս դու ես, Մանվել։

Ելիզավետա Մնացականյանը երկու որդիների ընտանիքների հետ ապրում էր Արցախի Խաչմաչ գյուղում։ Արցախի հայաթաման օրերին բենզինի պահեստի պայթունի ժամանակ նրա երկու որդիները՝ Եղիշե և Լեռնիկ Մնացականյանները անհետ կորել են։ Նրանց ճակատագիրը ևս քսան հոգու հետ մինչև հիմա անհայտ է։
Պայթյունի ժամանակ մահացել է նաև նրանց հորաքրոջ որդին՝ Սարգիսը։ Բռնի տեղահանությունից հետո Ելիզավետան հիվանդ ամուսնու, երկու հարսների ու թոռների հետ վարձակալությամբ ապրում է Նուբարաշենում։
Պայթյունից մեկուկես տարի անց էլ նրանք հույսով դեռ սպասում են որդիներին․«Վերմակիս երեսը դարձել է իմ թաշկինակը, փորձում եմ թոռներիցս թաքուն արտասվել,-ասում է Ելիզավետան ու ավելացնում,-սակայն հույսը մեր վերջին հանգրվանն է»։

Երբ Ադրբեջանը հարձակվեց սեպտեմբերի տասնիննին, Զարինե Ղազարյանը փորձում էր սնունդ գտնել իր չորս մանկահասակ երեխաների համար։
Ադրբեջանի կողմից գյուղի խաղաղ բնակչության վրա արձակված արկի պայթյունից նրա տասնամյա ու ութամյա որդիները՝ Նվերն ու Միքայելը, սպանվում են, իսկ վեցամյա Սեյրանը՝ վիրավորում։ Այդ նույն օրը կռվում զոհվում է երեխաների հորեղբայրը, իսկ հայրը՝ վիրավորվում։
Զարինեն այժմ երկու երեխաների ու ամուսնու հետ ապաստան է գտել Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերից մեկում՝ Մերձավանում, մինչդեռ երկու որդիները թաղված են Մասիս քաղաքի գերեզմանտանը։ « Հիմա իմ երազանքը որդիներիս համար շիրիմ կառուցելն է և նրանց մոտ թեկուզ մի սենյականոց տուն ունենալն է, որպեսզի հաճախակի կարողանամ այցելել նրանց»,- ասում է Զարինեն։
Սիրանուշ Սարգսյան
Հոդվածն անգլերեն լեզվով տպագրվել է armenianweekly.com կայքում։