Այս իշխանությունը մեր ժողովրդին խոստացել է խաղաղություն, որից հետո տեղի է ունեցել Արցախում ցեղասպանություն, ստացել ենք Արցախի հայաթափում
Գլխավոր » Լրահոս » Այս իշխանությունը մեր ժողովրդին խոստացել է խաղաղություն, որից հետո տեղի է ունեցել Արցախում ցեղասպանություն, ստացել ենք Արցախի հայաթափում

Այս իշխանությունը մեր ժողովրդին խոստացել է խաղաղություն, որից հետո տեղի է ունեցել Արցախում ցեղասպանություն, ստացել ենք Արցախի հայաթափում

Այս իշխանություններն այլևս չեն կարողանում խաբել և մոլորեցնել ժողովրդին, բոլոր սոցիոլոգիական հարցումներով կորցրել են վստահությունը. news.am -ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Այն որ ասում էին՝ ժողովուրդն է որոշում, ժողովրդի իշխանություն է, երեք միլիոն վարչապետ, դրանք այլևս չկան, իրենք վաղուց մեր ժողովրդի հետ որևէ կապ և առնչություն չունեն, ժողովրդի գլխին միայն բերել եմ պատերազմ, կորուստ, ողբերգություն։ Իսկ այն նույն տեքստերը՝ թալան, «հոկտեմբերի 27», «մարտի 1» և այլն, մարդիկ հասկացել են, որ դրանք ընդամենը թեզեր են եղել իրենց խաբելու համար։ 10 տարի մարտի 1-ով և հոկտեմբերի 27-ով ժողովրդին ինչ-որ բաներ եք ասել, յոթ տարի է՝ իշխանություն եք, որևէ առաջընթաց չկա։ Հետաքրքիր է, ինչի բացահայտումներ չկան։ Երկու տարբերակ կա, կամ քննել են, դուրս են եկել իրենց տերերի հետքի վրա, և հասկացել են, որ պետք է դադարեցնեն, կամ էլ քննել են, արդյունքում հասկացել են, որ այն, ինչ որ խոսել են հանրային կերպով, այդ ամեն ինչը սուտ է։ Այդ թեզերը իրենց անհրաժեշտ է մեր ժողովրդին խաբելու, մոլորեցնելու, հերթական անգամ ատելությամբ, վրեժխնդրությամբ կերակրելու համար, բայց կարծում եմ այս անգամ չի ստացվի»,–ասաց նա։

Սաղաթելյանը նկատեց, որ երկու թեմա կա որ իշխանությանը հունից հանում է. «դա կոռուպցիայի մասին նաև խոսելն է, որովհետև դա եղել է իրենց հիմնական և գլխավոր թեզը, այսինքն ժողովրդավարություն և արդարություն, պայքար կոռուպցիայի դեմ, հիմա պարզվում է ոչ միայն ժողովրդավարություն չկա, այլ իրենք այնքան հեռու են այդ ամենից, տոտալ գնում են բռնապետության, սա բնականբար, հունից հանում է իրենց։ Իրենց գլխավոր, հիմնական հենասյուները այլևս զրոյացված են և ոչնչացված։ Դրա համար, երբ մենք շատ կոնկրետ հարցադրումներ ենք անում, փաստեր ենք հրապարակում, այս հարցերին պատասխանելու փոխարեն տեսնում ենք հերթական հիստերիկան, ջղաձգումները, լաչառությունը, որովհետև ուրիշ բան չունեն այլևս ասելու»։

Անդրադառնալով իշխանությունների պնդմանը, որ ԱԺ–ում ընդդիմությունը լարվածությունը մեծացնում է այն ժամանակ, երբ հասկանում են, որ ապօրինի գույքի բռնագանձման շրջանակներում զրկվելու են իրենց թալանածից, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Գիտեք, արդեն զզվելի է, յոթ տարի՝ թալան-թալան։ Այդ թալանի մասին, որ խոսում են, հիմա հայտնի անուններ կան, հայտնի օլիգարխներ՝ իշխանության հետ սերտաճած մարդիկ, և իրենք այսօր այդ մարդկանց հետ երջանիկ ու բախտավոր ապրում ե՝ իրար հետ կիսվելով, տալով, առնելով։ Այդ մարդիկ նախորդ իշխանությունների ժամանակ այդքան լավ իրենց չեն զգացել, որքան սրանց օրոք։ Թալանչին էլ եք դուք, դրանց հետ լափողնել եք դուք։ Իրանք վաղուց նույնացել են իրանց հետ։ Թալանե՞լ էին, հետ վերադարձնեիր, անարդարությո՞ւն կար՝ վերականգնեիր։

Իրենց հաջորդ ընտրարշավը շարունակվելու է նույն թեզերի մեջ, ասելու են՝ Ժողովուրդ ջան, այսքան միլիարդ պետք է հետ բերենք տվեք մեզ ևս մեկ անգամ մանդատ, որպեսզի վերջնականորեն այդ գողացված գումարները վերադառնան։ Դրան էլ գումարելու են «իրական Հայաստանը» և այլն»։

Այս իշխանությունը մեր ժողովրդին խոստացել է խաղաղություն, որից հետո տեղի է ունեցել Արցախում ցեղասպանություն, ստացել ենք Արցախի հայաթափում, էթնիկ զտում, Հայաստանին խոստացել է խաղաղություն, թշնամին ներխուժել է ինքնիշխան տարածք, ունեցել ենք 2022 թվականի սեպտեմբերի մեկօրյա պատերազմ, 200-ից ավել զոհեր

Իշխան Սաղաթելյանը անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ի՞նչ է, 2021–ին ընտրություններին մասնակցելը եւ ասելը՝ «կրելու ենք», լուրջ է, իսկ իմպիչմենտը անլո՞ւրջ է, ասաց. Մենք չենք ասել, որ իմպիչմենտի գործընթացն անլուրջ է, ընդհակառակը, ասել ենք սա շատ լուրջ գործընթաց է, բայց այն ինչ որ կատարվում է՝ անլրջացնում է այդ պրոցեսը.

«Մենք ասել ենք, այո, իշխանափոխության հիմնական գործիքներից մեկը դա է, և հնարավորության դեպքում պետք է դրանից օգտվել։ Առաջին ասողներից մեկը եղել եմ ես, որ պետք չի այս կարևոր գործընթացը այս ճանապարհով և այս քայլերով անլրջացնել։ Կյանքը ցույց տվեց, որ հիմա այդ պրոցեսը՝ այդ մեթոդներով ու այսօրվա թեկնածուներով անլուրջ է։ Ես չեմ բացառում ինչ-որ իրավիճակ այս գործիքից լիարժեք օգտվելու, երբ որ դրա հաջողության հասնելու բավարար պայմանները կլինեն, ու մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա լինի, բայց վախենում եմ՝ այս տեմպերով շարունակելու դեպքում, երբ որ իսկական պահը և հնարավորությունը կլինի, շատերը կփորձեն անլուրջ վերաբերվել»։

Նա ընդգծեց, որ «Հայաստան» դաշինքից որևէ մեկը չի ասել՝ եկեք նստենք, սպասենք. «Մենք ասել ենք, որ պետք է ամեն ինչ անել, որ այս իշխանությունները 2026 թվական չհասնեն, բայց եթե հասնեն և տեղի ունենան ընտրություններ, այո, մենք այդ ընտրությունները դիտարկում ենք որպես հնարավորություն, հաջողության հասնելու համար։

Մի քաղաքական ուժ մենք ենք, մի քաղաքական ուժ՝ մեր գործընկերները, և խորհրդարանական, և արտախորհրդարանական։ Առնվազն բոլորը գիտեն, որ մենք շատ բաց ենք այս թեմաներում նստելու, խոսելու, պայմանավորվելու, աշխատանք ծրագրելու։ Ես չեմ կարծում, որ նման հարցերը քննարկում են հրապարակային փողոցներում, եթե լուրջ գործընթաց կա, նստենք խոսենք, եթե չկա այդ գործընթացը, ուղղակի ինչ-որ մարդիկ կողքից այս գործընթացը օգտագործում են ինչ-որ մարդկանց դեմ, մենք այդ պրոցեսի մեջ չկանք»։

Հիշեցնելով, որ իրենք երբեք չեն ասել, որ վարչապետի թեկնածու, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Մեկի փոխարեն մի քանի թեկնածու ունենք, բայց չունենք այսօր թեկնածու, ով կկարողանա ապահովել գործընթացը սկսելու համար 36 անհրաժեշտ ձայները։ Եթե կա մի թեկնածու, որ ունի այդ ութը, մենք մեր 28 ձայնով պատրաստ ենք ստորագրել այդ թեկնածուին։ Նաև ավելացրել ենք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ժողովրդական ճնշում, քաղաքական պատասխանատվություն, այսինքն լուրջ գործընթաց կազմակերպելու անհրաժեշտ պայմաններ։ Շատերը մոռանում են, որ իմպիմենտի գործընթացում հաջողության հասնելու համար պետք է 58 ստորագրություն, որը չկա»։

Նա համոզմունք հայտնեց, որ եթե այն մասշտաբի ճնշումը լինի, որ կար 2018 թվականին, ՔՊ–ի ներսում ճեղք է առաջանալու է, դրա համար պետք է մտածել, թե ո՞նց այդ համաժողովրդական ընդվզումը կազմակերպել. «Պարզ է, չէ՞, չէ որ առանց դրա չի հաջողվելու, այսինքն անիմաստ այս գզվրտոցը, իրար վրա գլորելու, թիրախավորելու, խփելու, այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։

Հիմա ես կարո՞ղ եմ ասել, որ այս ամեն ինչի իմաստը առաջիկա խորհրդարանական ընտրություններն է, որ ամեն մեկ ուզում է այս դաշտում դիրքավորվել մյուսի հաշվին։

1