Այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու. ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա
Գլխավոր » Լրահոս » Այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու. ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա

Այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու. ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա

Օրեր առաջ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է մի հայտարարություն, որով աղավաղել է Ղարաբաղյան հակամարտության ողջ էությունն ու բովանդակությունը եւ հակահայ բազմաթիվ ձեւակերպումներով է հանդես եկել. Հիմա ընդդիմությունը նախաձեռնել է, որի ՀՀ ԱԺ-ն հանդես գա հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի խորհրդարանի հայտարարությունը, ինչպես նաեւ մի շարք հարցերով տա հիմնական գնահատականները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, որ իրենց պատրաստած հայտարարությունը երեք սկզբունքի վրա է հիմնված. «Առաջին, հայտարարությունում հստակ նշվում է Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, կարգավիճակի մասին, ինչպես նաեւ ՀՀ հանձնառության մասին: Հայտարարության տեքստը ներկայացվել է ՔՊ խմբակցությանը, իրենք ներկայացրել են իրենց առաջարկությունները: Իրենց առաջարկության մեջ ջնջել են «Արցախի Հանրապետություն» բառակապակցությունը, դրա փոխարեն ավելացրել են «Ղարաբաղի հայություն»: Որտեղ կա ինքնորոշման իրավունքի իրացում, ջնջել են, ինչպես նաեւ Հայաստանի հանձնառության մասը: Այսինքն՝ հայտարարության բուն տեքստն ամբողջությամբ աղավաղել են:

Ստացվում է, որ Ֆրանսիայի ԱԺ-ն եւ Սենատը հանդես են գալիս հայտարարությամբ, Արցախի խորհրդարանը հանդես է գալիս հայտարարությամբ, իսկ Հայաստանի ԱԺ-ն հրաժարվում է հայտարարությամբ հանդես գալուց»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ ԱԺ հայտարարության նախագծում որեւէ քաղաքական գնահատական չկա, այն վերաբերում է բացառապես Արցախին եւ Հայաստանին:

«Սա եւս մեկ ապացույց է, որ այս իշխանության հետ ճանապարհ չկա գնալու, որ այս իշխանության հետ ունենալու ենք նոր պատերազմ եւ նոր կապիտուլյացիա»,-իր խոսքն ամփոփեց Սաղաթելյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, որ ի թիվս ընդդիմադիր այլ պատգամավորների, ինքը ևս որոշել է վայր դնել պատգամավորական մանդատը՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Նման քննարկում եղել է, բայց ՀՅԴ Գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության բոլոր դաշնակցական պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին։ Դաշնակցության մեջ անհատական, անձնական չկա այլևս, երբ կա ԳՄ որոշումը։ Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք, ապա դնելու էինք բոլորս»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցին՝ ի՞նչ տարաձայնություններ կան խմբակցության ներսում, Սաղաթելյանը պատասխանեց․ «Վերածնվող Հայաստան»-ը արել է իր հայտարարությունը, «Հայաստան» խմբակցությունը դրան պատասխանել է, ավելացնելու ոչինչ չունեմ»։

Պետք է հասկանանք ու գնահատենք, թե ինչ է կատարվում ընդդիմության դաշտում. աայսօր ընդդիմությունը չունի այդ ճոխությունը հավելյալ պառակտումների գնալու, իրար ուտելու, իրար վարկաբեկելու. ասաց Իշխան Սաղաթելյանը:

«ՀՅԴ-ի տեսակետը միշտ եղել է շատ հստակ, մենք այս 2-3 տարվա մեջ ընդդիմադիր դաշտի բախումներին որեւէ կերպ մասնակից չենք լինում: Չնայած մենք հաճախ թիրախ ենք դառնում եւ շատ հետեւողականորեն որոշների կողմից վարկաբեկվում, բայց մենք այդ ամենին մաս չենք կազմում: Ոչ թե նրա համար, որ չենք կարող մենք էլ մեր վարձու ստատուս գրողներն ունենալ, այլ նրա համար, որ կարծում ենք՝ ընդդիմությունը պետք է լինի որքան հնարավոր է՝ միասնական, որքան հնարավոր է համախմբված: Մենք մեծ ջանքեր գործադրել ենք այդ ուղղությամբ, քանի որ ուժերը պետք է համախմբել»,-ասաց նա:

Հարցին, թե այսօր որքանո՞վ է ընդդիմությունը համախմբված, Սաղաթելյանը պատասխանեց. «Դժբախտաբար, այն համախմբվածությունը, որ պետք է ունենար, չունի: Այս դաշտում եւս ջուրը պղտորողներ կան, որը մեր ընդհանուր գործի շահերից չի բխում»:

Մանրամասները՝ տեսանյութում.

1