Այս հողակտորը պաշտպանելու ենք ոչ միայն թուրքերից, այլև՝ հայ կապիտուլյանտներից
Գլխավոր » Լրահոս » Այս հողակտորը պաշտպանելու ենք ոչ միայն թուրքերից, այլև՝ հայ կապիտուլյանտներից

Այս հողակտորը պաշտպանելու ենք ոչ միայն թուրքերից, այլև՝ հայ կապիտուլյանտներից

Նախօրեին Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարեց, որ խաղաղության հասնելու համար ինքն ուզում է ստորագրել «մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տեւական խաղաղություն եւ անվտանգություն։ Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։ Այս աղմկահարույց հայտարարությունը հազարավոր մարդկանց դուրս բերեց փողոց թե՛ Երեւանում, թե՛ Ստեփանակերտում, որտեղ երեկ եւս առավոտից  մարդիկ հավաքվել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում` իրենց անհամաձայնությունն ու բողոքը հայտնելով Փաշինյանի հայտարարությանը։  

Արցախի մշակույթի նախկին նախարար Նարինե Աղաբալյանից հետաքրքրվեցինք, թե ինչպես են Ստեփանակերտում ընդունել ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։
«Արցախում մարդիկ երեկվանից դուրս են գալիս հրապարակ եւ ընդվզում են այդ հայտարարությունների ու որոշումների դեմ։ Ակնհայտ էր, որ Բերձորի օպերացիան արագացնելով՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շտապում էր դեպի Սյունիք իր ճանապարհը հարթել, ավաղ, մենք նորից շեղվել ենք Մեհրիբանի ծննդյան օրվա առիթով մատուցվելիք նվերները քննարկելով եւ չենք խորացել այդ օպերացիայի բուն նպատակի մեջ եւ չենք փորձել կանխել այն։ Արդյունքում ունենք մեկ գիշերվա մեջ 200-ից ավելի զոհ ու անհետ կորած, ավերված բնակավայրեր ու Արցախից մնացած ծվենն էլ թուրքին հանձնելու վտանգ։ Բայց սա ամենը չէ, որովհետեւ արդեն իսկ վտանգված է ընդհանրապես հայոց պետականության գոյությունը, եւ երեկվա հայտարարությունը դրա վկայությունն էր։ Արցախում ե՛ւ երեկ, ե՛ւ այսօր մարդիկ հավաքվել են Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ընդվզելով այդ հայտարարության դեմ, եւ շատ վճռական են տրամադրված՝ ամեն գնով պաշտպանելու այդ սուրբ հողակտորը ոչ միայն թուրքերից, այլեւ հայ կապիտուլյանտներից։ Եվ թե՛ երեկ, թե՛ այսօր ի լուր աշխարհի հայտարարվել է, հնչել է, որ արցախցիները թույլ չեն տալու որեւէ մեկին՝ իրենց փոխարեն որոշելու իրենց ճակատագիրը, եւ որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի մաս»։

Նարինե Աղաբալյանի գնահատմամբ, իրավիճակը շատ արագ է փոխվում, եւ կարեւոր է ժամ առաջ ազատվել «այս ապիկար իշխանությունից ու թույլ չտալ, որ կատարվի անդառնալին։ Ես պարզապես չեմ հասկանում՝ ինչպես կարելի է պետության ղեկը եւ սեփական ժողովրդի ճակատագիրը վստահել մեկին, ով ակնհայտ ստում է եւ մեկ ժամ չանցած՝ հերքում ինքն իրեն ու քաղաքական աճպարարությամբ զբաղվում։ Արցախը Հայաստանից կտրելու եւ Արցախից մեկընդմիշտ հրաժարվելու փորձ է արվում։ Սա պետք է գիտակցենք, ինչպես նաեւ այն, որ այսօր Սյունիքը կորցնելու վտանգի առաջ ենք»։

Այն, ինչ կատարվում է Արցախի շուրջ եւ Հայաստանում, ըստ Ն․ Աղաբալյանի, անմիջական ուղիղ կապ ունի աշխարհաքաղաքական զարգացումների հետ․ «Հետեւաբար, պետք է կարողանալ ճիշտ աշխատել տարբեր խաղացողների հետ եւ փորձել փրկել թե՛ հայոց պետականությունը, թե՛ Արցախը։ 88-ին մենք ղարաբաղյան շարժումը սկսել ենք՝ չունենալով որեւէ զենք, սեփական բանակ, մեր տղաներն ավտոտնակներում պատրաստված ինքնաշեն զենքերով ու ատրճանակներով են սկսել պատերազմը այդ նույն թշնամու դեմ։ Էլի նույն թշնամին է եղել՝ նույն հզորությամբ, բայց մեզ փրկել է այն, որ կարողացել ենք ինքնակազմակերպվել եւ շատ ճիշտ տակտիկական քայլերով ու ռազմավարությամբ առաջ գնալ։ Եվ հիմա էլ նույն իրավիճակն է։ Հիմա նույնպես պետք է արագ ինքնակազմակերպվենք, միավորենք ոչ միայն Ստեփանակերտի Վերածննդի հրապարակի, Երեւանի Բաղրամյան պողոոտայի, այլեւ ամբողջ հայության ջանքերը։ Սփյուռքը նորից պետք է ոտքի կանգնի, պետք է բոլորս միավորենք մեր ջանքերը, եւ ամեն մեկս մեր տեղում մեր անձնական կապերը, կարողություններն օգտագործելով՝ փորձենք դուրս գալ, ճեղքել այդ շրջափակումը՝ այս վտանգը կանխելու համար»։

Ադրբեջանի կողմից ՀՀ սահմաններին սանձազերծված նոր պատերազմով պայմանավորված՝ լարված է իրավիճակը նաեւ Արցախում․ «Կան ադրբեջանական զորքերի կուտակումներ որոշ հատվածներում, եւ, իհարկե, այս 2 տարվա մեջ իրենք նաեւ բազմաթիվ նոր ենթակառուցվածքներ են ստեղծել, որոնք պետք է օգտագործվեն առաջին հերթին հենց ռազմական նպատակներով։ Եվ գիտեք, որ այսօր անգամ 2 րոպե չի պահանջվի ճանապարհը փակելու համար, եւ նա, ով հայտարարում է, որ պատրաստ է Արցախը հանձնել Ադրբեջանին, նշանակում է, որ ստորագրում է մահավճիռ Արցախում ապրող մարդկանց համար»։

Ռուսների ներկայությունն անվտանգային ի՞նչ երաշխիքներ է ստեղծում Արցախի համար։ «Ռուսների ներկայությունը նպաստել է, որ պատերազմից հետո արցախցիները վերադառնան նորից իրենց տները եւ ինչ-որ չափով իրենց պաշտպանված զգան, բայց բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ այդ նույն ռուս-ուկրաինական պատերազմի զարգացումների հետեւանքով Ռուսաստանի համար ձեռնտու չէ, որ նոր ճակատ բացվի իր համար, այսինքն՝ որ իրեն ներքաշեն նաեւ տարածաշրջանային այսպիսի հակամարտությունների մեջ, եւ չեմ կարծում, թե իրենք հիմա պատրաստ են լայնածավալ  գործողություններ սկսել՝ հաշվի առնելով նաեւ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունները։ Բայց, ամեն դեպքում, ռուս զինվորների, իրենց ստորաբաժանումների, խաղաղապահ ուժերի ներկայությունն այստեղ գոնե ինչ-որ չափով մեզ համար երաշխիք է ֆիզիկական ոչնչացումից»։

Ադրբեջանի կողմից սանձազերծված այս նոր պատերազմի թիրախում Սյունի՞քն է, թե՞ վերջնականապես Արցախը Հայաստանից կտրելու ցանկությունը։ «Սա աշխարհաքաղաքական զարգացումների հետ անմիջական կապ ունի եւ, իհարկե, Թուրքիայի մեծ նպատակների իրականացման ճանապարհի հերթական քայլն է։ Սա, առաջին հերթին, կոմունիկացիաների խնդիրն է, ու հենց կոմունիկացիաներին ու ռեսուրսներին տիրանալով էլ իրենք կլուծեն Արցախի հարցը։ Այսինքն՝ կա խնդիրների առաջնահերթություն, եւ սարերի մեջ խեղդված, շրջափակված Արցախը երկար դիմանալ չի կարող։ Դա իրենք շատ լավ գիտակցում են, դրա համար այսօր իրենց խնդիրն այդ կոմունիկացիաներն են եւ Իրանի հետ սահմանի հատվածում իրենց վերահսկողությունը հաստատելու խնդիրն է։ Սրանք մեծ խաղի դրսեւորումներն են»։

Գուցե հենց այդ նկատառումներից ելնելով էլ՝ Ադրբեջանը չի շտապում վերաբնակեցնել գրավված հայկական տարածքները, այդ թվում՝ Շուշին․ «Կարծում եմ՝ այս պահին իրենց համար կարեւորն այդ տարածքների վերաբնակեցումը չէ, այլ ռազմական հենակետերի ուժեղացումը, եւ քանի դեռ իրենք չեն ավարտել իրենց ծրագիրն ամբողջությամբ, դեռեւս շարունակելու են ռազմավարական կետերում ամրանալ եւ պատրաստվել հաջորդ նվաճողական քայլին»։

Ինչ վերաբերում է Արցախից դեպի Երեւան եւ այլ ուղղություններով ճանապարհների անվտանգ լինելուն, ապա Ն․ Աղաբալյանը նկատում է, որ անվտանգային առումով ամեն ինչ հարաբերական է․ «Նախորդ օրերին հայտարարվեց, որ խիստ անհրաժեշտության դեպքում օգտվեն ճանապարհից, քանի որ անվտանգ չէր երթեւեկությունը, բայց գնացող-եկողներ լինում են, եւ չես կարող երաշխավորել, որ եթե այս պահին անվտանգ է, հաջորդ պահին նույնպես անվտանգ կլինի, որովհետեւ նախորդ օրերի իրադարձությունները հենց դա ցույց տվեցին՝ ամեն վայրկյան կարող է իրավիճակը փոխվել։ Օրհասական պահ է, պետք է սա գիտակցենք եւ այդ վճռականությունը ցուցաբերենք, մեկտեղենք մեր ջանքերը, որպեսզի կարողանանք հաղթահարել այս փորձությունը»։

hraparak.am

1