Արցախի անկախությանն` ԱՅՈ
Գլխավոր » Լրահոս » Արցախի անկախությանն` ԱՅՈ

Արցախի անկախությանն` ԱՅՈ

31 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, Արցախում անցկացվեց անկախության հանրաքվե՝ ԽՍՀՄ-ից անկախանալու հարցով: Այդ օրը ամբողջ աշխարհում նշվում է որպես մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:

Թեև այդ օրերին Արցախում արդեն տեղի էին ունենում հայ-ադրբեջանական ռազմական գործողություններ, սակայն հայերն ու ադրբեջանցիները շարունակում էին ապրել կողք կողքի, ուստի հարցաթերթիկները տպագրվել էին 3՝ հայերեն, ադրբեջաներեն և ռուսերեն լեզուներով: Իհարկե, ԼՂ-ի բնակչության 20 տոկոս կազմող ադրբեջանցիներին ադրբեջանական իշխանությունները թույլ չտվեցին մասնակցել հանրաքվեին, սակայն հանրաքվեն այնուամենայնիվ տեղի ունեցավ: Այդ նույն օրը ադրբեջանական կողմի ագրեսիայի՝ հրետակուծության ընթացքում զոհվել են 10 հայեր:

Քվեարկությանը մասնակցելու իրավունք ուներ ավելի քան 132 հազար հոգի: «Համաձա՞յն եք, որ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն» հարցին «այո» պատասխան տվեց ավելի քան 108 հազար հոգի, իսկ դեմ քվեարկեց միայն 24 մարդ:

Անկախության հանրաքվեից 15 տարի անց՝ 2006թ. դեկտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ևս մեկ համաժողովրդական քվեարկություն՝ արդեն անկախ Արցախի Հանրապետությունում: Այդ քվեարկությամբ ընդունվեց երկրի մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Հանրաքվեին մասնակցել է 90 077 քաղաքացի: Սահմանադրության ընդունման օգտին քվեարկել է 77 279 մարդ կամ քվեարկության մասնակիցների 98.58%-ը, դեմ է քվեարկել 554 մարդ կամ քվեարկության մասնակիցների 0.7%-ը:

Արցախի Հանրապետության երկրորդ Սահմանադրությունը ընդունվել է 2017թ. փետրվարի 20-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի ժամանակ: Հանրաքվեին մասնակցել են 103 818 քաղաքացիներ: Հիմնական օրենքի ընդունման օգտին քվեարկել է 69 570 մարդ կամ քվեարկության մասնակիցների 87,6%-ը, դեմ է քվեարկել 7 686 մարդ կամ քվեարկության մասնակիցների 9.7%-ը:

1