Այն մեր վերջին փամփուշտն է,պարապ օդ կրակելու իրավունք չունենք. Արթուր Խաչատրյան
Գլխավոր » Լրահոս » Այն մեր վերջին փամփուշտն է,պարապ օդ կրակելու իրավունք չունենք. Արթուր Խաչատրյան

Այն մեր վերջին փամփուշտն է,պարապ օդ կրակելու իրավունք չունենք. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հունվարի 31-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ՀՀ Բանակի 30-ամյակի, հայ-թուրքական հարաբերությունների, Չավուշօղլուի հայտարարությունների, ԵԽԽՎ նախագծի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Խաչատրյանի դիտարկմամբ՝ Արցախում և Հայաստանում հստակ գնում է դեզինտեգրացիոն գործընթաց։

«Խայտառակ պատերազմից հետո Հայաստանի իշխանությունները, եթե իրենց կարելի է իշխանություն կոչել, փոխանակ փորձեն ավելի մեծացնել կապն Արցախի հետ, ամեն կերպ Արցախից ձեռքները լվանում են։ Երբ գնում ես Արցախ, խոսում ես մարդկանց հետ, իրենք տեսնում են, որ կապը Հայաստանի հետ քիչ-քիչ կտրվում է։ Նոր ճանապարհն է արդեն սկսել կառուցվել, կամ գոնե փորձում են գտնել, թե որտեղով պետք է ճանապարհն անցնի։ Ես մի քանի ամիս առաջ այդ հարցը տվեցի ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, իրենք ասացին, որ չէ, որևէ գործընթաց չկա, բայց հիմա տեսնում ենք, որ արդեն փորձում են տեսնել, թե ճանապարհը որտեղով պետք է անցնի»։

Ըստ պատգամավորի՝ Ադրբեջանն Արցախի շուրջ նոր ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ է կառուցում, և եթե Հայաստանի քաղաքականությունը չփոխվի, ապա օրեցօր Արցախի հետ կապը կկտրվի։

«Ներքին և արտաքին թշնամիները շատ արագ են աշխատում, և այս իշխանությունները ոչ միայն բարեկեցության և անվտանգության, այլև գոյության խոչընդոտ են, փոխանակ ասեն, որ հույսը չի կորել, բանակը հզորացնեն, Արցախի հետ կապը ուժեղացնեն, փորձում են սովորեցնել մարդկանց համակերպվել, որ ամեն ինչ կորած է», — ասել է Խաչատրյանը։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ Սփյուռքում գործողություններ են նախատեսվում:

Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունները արտասահմանյան այցերի ժամանակ չեն շփվում սփյուռքի հետ, ինչը խոսում է վերջիններիս վատ տրամադրվածության մասին։

«Ինչո՞ւ Հայաստան հիմնադրամի դրամահավաքը չարեցին, որովհետև հասկացան` Սփյուռքը ինչպես է վերաբերվում այս իշխանություններին, հատկապես Հիմնադրամի միջոցների շատ կասկածելի օգտագործումից հետո»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին՝ Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ դաշինքը մարզային այցելություններ է կազմակերպում, հասարակությանը պատրաստում փողոց հանելու համար:

«Այն մեր վերջին փամփուշտն է, պարապ օդ կրակելու իրավունք չունենք, փողոցային պայքարի համար այս պահին հող է նախապատրաստվում»,-հայտնեց պատգամավորը և ընդդիմությանը պասիվության մեջ մեղադրողներին առաջարկեց մտածեն, թե իրենք ի՞նչ են արել և իրենց լարերը ուր են տանում։

arfd.am

1